.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

пятница, 13 декабря 2013 г.

Գարնանամուտ



Ընկերներս երես շրջեցին
Բարեկամներս՝ ուրացան:
Կեղծ ժպիտներն անձայն թակեցին
Իմ անցյալից կոտրված ներկան:
Իմ համբույրները շիկնեցին, 
Գարուններս անհետացան:
Մնաց միայն գունատված ու սին
Կամավոր ու թաց խիղճը, սրիկան:
Իր ոտքն էին տրորել թաքուն
Իմ մասին պատմող բանսարկուները,
Ու նա զարթնել էր քնատ ու անքուն
Թափառական անտուն խավարասերը:
Հիշել էր հանկարծ, որ կամ ես,
Որ կարող է անտեղի բացել վերքերը,
Որոնք կոտրել էին իրեն չունեցող
Աննկուն վայրի գազանի ձեռքերը:
Պետք չեն ինձ հեռավոր ու սուտ
Ժպտերես,լալկան բարեկամները:
Ինձ մնացել է մի գարնանամուտ,
Որ նորից ծաղկեն այգուս վարդերը:


©Թերեզա 
15.11.2013թ.

Խոհ



Վաղուց տանը չէ էլ Տանտիրուհին,
 Պատերը սարդոստայնն է համբուրում,
Ժանգոտել են դուռն ու պատուհանը հին,
Ժամացույցն էլ` կանգնել, չի շարժվում:

Որքան կարոտ կա այդ ննջարանում,
Որքան թախիծ կա այդ պատերի տակ:
Դարեր տևացող գիշերներն անքուն
Սպասում էր լցրել Տիրուհին միայնակ:

Այստեղ մնացել է երգը հին օրերի,
Կարոտին պարտված ծիծաղ ու արցունք:
Մի ամբողջ կյանք սեր մուրացիկի.
Ապրել էր` գրկում միայն մենություն:


Տատիկիս հիշատակին
©Թերեզա 
08.11.2013թ.




понедельник, 2 декабря 2013 г.

Ուշաթափ խտուտիկ


Ես մի ճաղատ խելագարված,
Իսկ դու տակառն իմ բարձունքի:
Մեր ձեռքերով բախտը բռնած
Տանում ենք դավաճանող կեղծ
Ժպիտներն անտուն հարազատի:

Վերջին կարոտս հոգի առած
Ման ենք տալիս կյանքն ու բախտը
Ես քո ուսին անհոգ թիկնած,
Դու իմ սրտից կախված միակ
Ամենավերջին խենթ հավատը:

Տանում ենք լուռ, անփոխադարձ
Խենթությունից կարմրած օրեր,
Շիկնած այտիդ խելագարված
Շարունակությունն անշնորհակալ,
Ու թանկ դարձած խենթություններ:

Այն ենք տանում, ինչ շահել ենք,
Ինչ տվել է կյանքն այս արբած:
Բարեկամներ, ընկեր չունենք.
Մեր կյանքի մեջ ինչպես շուրջը
Աշունն է տերևաթափ ուշաթափված:


©Թերեզա 
08.11.2013թ.

воскресенье, 1 декабря 2013 г.

Քեզ համար թողած իմ ոտնահետքերը..

 Սխալներիս անհյուրընկալ ու ապարդյուն դրոշմումն եմ այս ձյունով ծածկելու: Ու քեզանից անվերջ ներում խնդրելու իմ սովորույթը` բաց եմ թողնելու: Սառեցնելու եմ իմ հոգու ցուրտը: Ու արևներից քո անվերջ փախուստը քեզ չեմ ներելու, թե չվերադառնաս: Թե չգաս այսօր` ես կփոխեմ  անուն ու հասցե, որ ինձ անհետ կորցնես: Բայց ամեն դեպքում դեռ մասունքներն եմ քո էության հավաքելու, մինչ չձուլեմ ու ինձ չպահեմ քո սերն ու քեզ էլ, մինչ իմ բնակատեղին ընդմիշտ քո մտքում չհաստատեմ, մինչ արցունքներս ու հոգուս դատարկը ընդմիշտ չմոլորես քո գրկախառնման ու քնքշության մեջ: Այդ ջերմությունից փախչել չեմ ուզում: Միայն նրան եմ անվերջ` մատներիս յուրաքանչյուր զգայարանով, շրթունքներիս յուրաքանչյուր հպումով, ու շնչառությանս ամեն  փոշեհատիկով փնտրելու ու գտնելու քո աչքերի ու քո թևքերի մեջ:
Թեկուզ փոխեմ անուն ու հասցե, միևնույն է միշտ իմ այդ հասցեում քո քնքշանքը պիտի գրանցեմ: Պիտի անվերջ մոլորեմ ինքս ինձ ու քեզանից փախչել ցանկանամ: Բայց և ետևիցս թողնեմ մի հասցե. մի փոքրիկ համբույր: Որ շրթունքներիս ուրվագծերով ու նրանց վրա քեզ թողած սիրով գտնես ինձ ու կորցնելուց վախենաս մի փոքր:
Պարզապես ներիր, բայց մոռացել եմ այս անգամ համբույրս թողնել,  ու քո հետքերն էլ` իմ չնչին սխալներով ծածկել` կորցրել եմ: Օգնի’ր գտնել ինձ, օգնի’ր քեզ համար սերս նկարել, որպես մի մաքրություն` ձյուների նման, ու որպես մի սկիզբ լինեմ քո կողքին, մտքին ու սրտին: Այդ սերը, ձյուներից միայն ցուրտը չունենա իր մեջ, որ քո շնչառությանը նստվածք չթողնի:
Երբ սկսես ձյուներում թողած ոտնահետքերովս ետևիցս գալ` կեղծ ու ցեխոտված կոշիկներին դու չհետևե’ս: Նրանց ժպիտով ու ջերմությամբ դու չխաբնվե’ս: Ես այնքան էլ հեռու չեմ և դու հեռվում չես` որքան կարծում էինք:
Արդեն ձմեռ է:

©Թերեզա
09.12.2006թ.

среда, 27 ноября 2013 г.

Սպանում է ժամանակը


Օրը ծորում է անթարթ ու անդարդ.
Տանում ինձանից մենությունս սին:
Քեզ կարոտում եմ գիժս անընդհատ.
Կարոտում հիմա էլ` կողքիդ, քո ուսին:

Երկինք է ելնում տաք արևն արբած,
Թիկնում է ամպին խենթ կարմրայտը:
Ամենն անգույն է, անհաղթանակած,
Երբ իմ կողքին չէ քո անմահ հավատը:

Իմ ականջներում` քո տանիքի տակ,
Գգվել է կարոտն այս բութ, մշտարթուն:
-Ոն՞ց չես հասկանում, կույր խեղկատակ։
Վաղուց թողել ենք քեզ, հեռացել թաքուն:

Օրը ծորում է անթարթ ու անդարդ..
..Քեզ կարոտում եմ գիժս անընդհատ:


©Թերեզա 
08.11.2013թ.

понедельник, 25 ноября 2013 г.

Նամակ իմ միակ Կեսին...


Ես գիտեմ` շուտով փաթաթվելու են իրար կարոտից թմրած և ճթճթացող մեր վերջույթներն ու գրկախառնվելու են նրանք տաք գիշերներին: Գիտեմ, քանի որ այս աշխարհում ամեն ինչ իր կեսն ունի. ամեն կես ձգում է իրենն իրեն: Քո կեսն էլ իմ գրպանում կարոտում է քեզ ու ձգողաբար շոյում հեռավորությունը: Քեզ սիրում եմ ամեն արշալույսից մինչ մայրամուտ, մայրամուտից մինչ այգաբաց:
Թող ինձ համարեն ամենավերջինն ամենավատագույն երանգների մեջ, թող քարկոծեն անմեղները, թող ինձ կեղծավոր ժպտան, բանսարկեն իմ թիկունքում ու մասնատեն իմ եսն անխնա, բայց հավատա, քո կեսն իմ գրպանում չի դադարելու շոյել ու փոքրացնել մեր միջև եղած հեռավորությունը մինչ ամենավերջին չափումն ու մեր միավորումը, քանի որ ես հենց քո աչքերում եմ գտել աշխարհից թաքնված իմ եսն, ում խնայում ես արդեն հարյուր տարի:
Ես գիտեմ...


©Թերեզա
27(28).10.2013թ.

Խաբկանք


          Գեղեցիկ է աշունը, թեկուզ և այն իմ հոգու պես թաց է, երազներիս պես` գունավոր, մտքերիս պես` սառը, և իմ սիրո պես` հեռավոր ու մոտ: Այն ինձ նման սիրահար է քամիներին, օտարությանը, սխալներիս պես անկրկնելի է և անգամ թանկ ինձ համար: Սիրում եմ աշունը, իսկ ին՞ձ, արդյո՞ք ես ինձ էլ եմ սիրում: Դա ամենևին էլ պարտադիր չէ ապրելու համար, այնպես որ, ես համոզված չեմ:
          Աշունը ինձ սառեցնում է (տանել չեմ կարող այդ ցուրտը. այն մարդկանց ավելի սառը և օտար է դարձնում այս կյանքին), ինձ ինչ որ տեղ է տանում և թողնում այնտեղ: Ես հեռու եմ այս աշխարհից, քանի դեռ աշունն է դրսում, նա փոխարինելու ինձ և իմ փոխարեն է ապրելու այսօր, նա էլ է մրսում իր քամիներից, նա ինձ նման է, նա էլ է արբեցած վազում, որ հասցնի ապրել տրված նոր կյանքը: Բայց մի բան հաստատ այլ է նրա մոտ. ինքն է թախծեցնում բոլորին, իսկ սեփական եսը դարձնում է ուրախ, այնքան~ ուրախ, ու շատ ցանկալի, և միշտ ցանկացողին տալիս է թախիծ ու ամպրոպ այս արևի մեջ, այս պայծառության: Ինչպե՞ս է այդպես Ես չեմ հասկանում, ինչպե՞ս է նա կարող լինել այդպիսին. ցուրտ, սառը, հեռու և օտար, սակայն միշտ մարող, վերջացող: Ինքն իր տխրության մեջ մահանում է լուռ, երբ դուռն է թակում ձմեռը` ավելի օտար, ավելի ցավոտ, ու ավելի..ավելի մաքուր:
           Իսկ այժմ դեռ աշունն է զարկվում տաք պատուհանին, որպես անցանկալի հյուր, որպես անցնող պարտություն իմ:



©Թերեզա
18.11.2004թ.

среда, 20 ноября 2013 г.

Ես եմ…Աշունը


Կուզեմ փախչել այս մարդկանցից, որ իմ լեզուն չհասկացան,
Կուզեմ լինել այնտեղ, որտեղ չկա այսօր ոչ սեր, ոչ ցավ:
Նրանք ինձնից ինչ որ ունեի, ինչ էլ չունեի` խլեցին:
Նրանք սիրտն իմ անմնացորդ դատարկեցին:
Կուզեմ լինել հեռու-հեռու, 
Ու վազվզել աշուններում:
Կուզեմ ինձնից ոչ-ոք ոչինչ չիմանա,
Ու ես ապրեմ առանց նրանց անմիտ ու կեղծ ներկայության:
Բոլոր նրանք, ովքեր թացից էին վախենում. բոլոր մարդիկ:
Ու այս դաժան, չոր ամբոխում իմ հոգին է դարձել կեղծիք,
Ու չգիտի, որ կողմ գնա, որ հասկանան, 
Իր անձրևից գլուխ հանեն:
Կուզեմ խառնվել քամիներին,
Ու նրանց հետ խառնվել կյանքին:
Ու նրանցից կյանք սովորել, 
Ու այս մարդկանց էլ չերևալ,
Որ չխայթեն, որ չսպառեն, 
Վառվող կյանքիս էլ ձեռք չտան
Իրենց այդ չոր ձեռնոցներով:
-Էյ~, դու, երկինք, կուզեմ լինել քեզ պես հեռու, 
Քո անձրևով բավարարվել,
Ու լինել թաց, որքան կարող եմ թրջվել
Կյանքի այն խենթությամբ, 
Որ մարդկային սեր է կոչվում:
…Ոչ, այդ սիրուց ես հոգնել եմ:
Ոչինչ չունեմ այս մարդկանցից ես խնդրելու,
Ոչինչ չունեմ:
Պիտի նորից վերադառնամ, 
Ու խառնվեմ կեղծ ամբոխին,
Պիտի նորից ես չորանամ այս անանձրև չոր սերերից,
Պիտի նորից կեղծ ծիծաղեմ, 
Կեղծ նեղանամ, պիտի նորից..
Օտար լեզվով լուռ շշնջամ.
-Սիրում եմ քեզ:
Պիտի նորից հայացքների կեղծ խոստումները վերադառնամ,
Պիտի լինեմ նորից անսեր, պիտի....լռեմ:
Ինչի՞ համար, ինչի՞ս է պետք, երբ չեմ ուզում:
Թե աշունը այս չլիներ,
Ես կխեղդվեի չոր պատերում կեղծ ամբոխի:
Կուզեմ գոնե նրանց տեսնել` ինչպիսին կան,
Այլ չփնտրել իմ անձրևը նրանց հոգում:
Պիտի ներեք, բայց չեմ կարող ձեզ հասկանալ:
Ես աշունն եմ միայն տեսնում` ինչպիսին կա
Երեկ, այսօր, ապագայում:

©Թերեզա 
31.10.2006թ.

вторник, 19 ноября 2013 г.

Անկարողությունս



                  Կաղում է հոգիս` ստրուկ դարձած բայից,
Այս արևի տակ ես ինձ որբ եմ զգում,
                  Որ ողորմում է մի կտոր երկնինք`
Մի փութ տիեզերք ձեզ նվիրելով:


                 Ճտճտում է բութ կորստի ցավից,
Այս մերկությունս, որ քեզ է գգվում:
                Քեզ ունենալու ահռելի կարիք
Նստել է սրտիս` կուրծքս կրծելով:


* * *


                Հոգիս է գրկել ապաշնորհ կարոտ,
Դաղում է բութ իր զորությունով`
                Ծաղրելով, այն ինչն արարում եմ
Ճաքճքած, սառած մատներովս:


                Շողքս է դարձել կարոտից թունոտ`
Չի թողնում գոյանամ իր գոյությունով,
                Անկարողությունը , որ պարուրվում է
Երբ աչքերս եմ թարթում արցունքներովս:


©Թերեզա 
03.11.2013թ.

воскресенье, 17 ноября 2013 г.

Լուսատտնիկ


Սարդոստայնի մեջ փաթաթված 
Մենությունս եմ դաջում քո պատերին,
Դու էլ իմ սիրուց խելագարված
Քեզ դարձնում ես ժպիտն իմ ստվերի:

Հանդգնում եմ սիրել անթույլատրելին:

Խոնավության հոտն իմ գոյության
Ննջում է պատուհանագոգիդ թիկնած:
Անձրևախաղից հոգնած խենթության
Կաթիլն է փարվում այտերիդ կարմրած:

Երազս է թանկս, քեզ սիրահարված:

Կամաց-կամաց դառնում է տունն իմ
Ոտնամանումդ թաքցրած գարունը:
Քո աչքերում է փրկությունն իմ,
Քո ափերում է իմ կորցրած քունը:

Սիրտս էլ դարձել է հավերժ քո բույնը:

Այգաբացերին մեղմորեն փարվում եմ
Արև- երկինքին քո սեր-երազների:
Մի բան հաստատ է` ես մասնատվում եմ
Քեզանից պոկված փոքրիկ ստվերների:

Հավաքիր դրանք մոտ քո մասունքներին:


©Թերեզա 
28.10.2013թ.

среда, 13 ноября 2013 г.

Աղոթում եմ... Սիրում



Քուն տուր կոպերիս.
Ես արթուն եմ:
Տուն տուր մտքերիս.
Ես անտուն եմ:
Ուժ տուր թևերիս.
Ես անսյուն եմ:
Բույն տուր շիվերիս.
Ես հասուն եմ:


Կյանք տուր սերմերիս.
Ես պարարտ եմ:
Գույն տուր երկնքիս
Ես առատ եմ,
Խոսք տուր շուրթերիս,
Ես պատրաստ եմ:
Հասկ տուր արտերիս,
Ես անհասկ եմ:


Տուր ինձ հոգիս,
Տուր մարմինս,
Քո հունցածն եմ:
Ավելացրու,
Պակասեցրու,
Ոնց կուզես դու.
Քո ստեղծածն եմ:


©Թերեզա
12.10.2013թ.
31.10.2013թ.

Արի...


Արի նստենք մոտիկ մոտիկ,
Արի խոսենք մի քիչ մի քիչ:
Ու հենց հիմա, այս վայրկյանին
Դառնա ժպիտն ընկերակից
Մեր խնջույքին:


Արի քայլենք բոբիկ բոբիկ,
Ափս ափիդ, շուրթս շուրթիդ:
Թող որ լինեն մեզ մտերմիկ
Ծովն ու քամին անփոթորիկ.
Ծովն ու քամին:


Արի ապրենք կողք կողքի,
Լինենք մոտիկ, ու մտերիմ:
Ես քեզանով ունեմ կարիք
Ես քեզ համար ունեմ սերն իմ:
Անփոփոխ, հավատարիմ:


Արի նստենք մոտիկ մոտիկ,
Արի խոսենք մի քիչ մի քիչ:
Ու հենց հիմա, այս վայրկյանին
Դառնա ժպիտն ընկերակից
Մեր խնջույքին:


©Թերեզա
06.07.2013թ.
13.09.2013թ.

Անդունդ

Անդունդ կա իմ հոգու խորքում:
Անդունդ, որի մեջ արցունքներս անգամ տեղ չունեն:
Անդունդ, ուր ինքս եմ կամաց գլորվում`
Ավազե հատիկների պես,
Որոնց կուլ է տալիս սեփական անապատը սողանքներից:
Ես գլորվում եմ:
Ու կորցնում եմ ինձ ու իմ մարմինը,
Որն այսքան պիղծ է:
Այն, ինչը հենակ է, ինքն է գլորում:
Այն ինքն է գլորում, ինքն է հրում:
Ու ես կորչում եմ:
Կորցրել եմ տիրապետումն իմ անձի հանդեպ:
Ինքն ինձ չի լսում:
Ինքը սողում է, ինքը գնում է ու անշնչանում է:
Ինքն էլ իմը չէ:
Ես նրան իմը չեմ համարում:
Այն իրար է խառնվում, ու նորից նույնն է կրկնվում:
Ամեն ինչի սկիզբը, վերջը ... ամեն ինչ անդունդ է:
Շուրջս անդունդ է, ներսս անդունդ է: 
Ես.. ես անդունդի սկիզբն եմ, անդունդը իմ վերջն է:
Ին՞չ է մնալու ինձանից հետո… ստվե՞ր.
Ստվերն էլ անգամ չի ուզի մնալ:
Նա ինձ արդեն իսկ լքել է:
Նա արդեն չկա իմ կողքին:
Ես անգամ ստվեր չունեմ:
Անգամ` քայլում եմ, ոտնահետքերս չեն մնում գետնին:
Անգամ չեմ թռչում:
Անգամ չգիտեմ ... 
Ես... այսօր շնչեցի, թե երեկվանն էր:
Թե՞ բավարարվել եմ երեկվա շնչով:
Ես չգիտեմ:
Բայց պետք է ծառերս ջրեմ, որ չչորանան:
Անապատներում ծառեր էլ չկան. 
Անապատներում ծառեր չեն ծաղկում:
Այնտեղ ավազ է :
Միայն ավազ, շուրջբոլորն ավազ: 
Որոնք խառնվում, որոնք բարձրանում ներքև են իջնում:
Ո՞ւր են գնում:
Որտեղի՞ց են գալիս:
Ոչինչ չունեն:
Ես էլ եմ նման այդ հատիկներին, որոնք... որոնք բոլորը միանման են:
Որոնք բոլորն էլ անուն իսկ չունեն:
Որոնք կազմում են միայն բազմություն անապատների:
Որոնցից մեկն էլ թեկուզ չլինի, չեն էլ նկատի, որ չկա:
Ինչին՞ եմ հասել:
Միթե՞ հասել եմ... երկնքից, ծովից հասել եմ անապա՞տ:
Որքա՞ն երկար եմ ես քայլել մենակ:
Որքա՞ն երկար եմ ես մենակ եղել,
Որ ծովս.. ծովս ցամաքել է:
Իսկ ես դեռ պիտի ծառերս ջրեմ:
Ծառեր, որոնք ծաղկել են ուզում:
Գարուն, գարուն...
Գարնան վերջն է սա:
Այսօր վերջն է գարնանս:
Իսկ ես ծառերս.. ծառերս չեմ ջրել անգամ:
Ո՞ւր եմ ես գնում:
Որտեղի՞ց եկա:
Դա չեմ էլ ուզում անգամ իմանալ:
Չեմ ուզում հիշել:
Ես ունեմ ներկա, 
Որն իմ անցյալն է շնչում ու ապրում:
Որն իմ անցյալն է մարսում դեռ:
Անցյալս կանգնել է ներկայիս կոկորդին:
Իսկ ես... դեռ պիտիր ջրեմ անապատները:
Դեռ ...
Կջրեմ:
Այստեղ միայն այն է լավ, որ արևն է մեծ:
Մեծ է, ջերմ ու տաք:
Սիրում եմ քեզ արև իմ:
Արև... Իսկ երկինքը կարմրում է.
Արդեն մայրամուտ է:
Քիչ կաց:
Սրտումս անձրև կա:
Մի կայծակ էլ չի զարկում, 
Որ անձրևը թափվի ցած` 
Սիրտս հովանա, թեթևանա:
Վերջ: Պիտի շտապեմ ծառերս ջրել:
Չէ որ ծառերը գիշերն են բացվում:
Նրանք ձգվում են:
Գնամ ջրեմ: 
Իսկ սողանքները... մեկ է` կան, միշտ էլ կան:
Կարող են տանել ինձ իրենց հետ:
Իսկ ես դեռ անելիք ունեմ: 
Պիտի հասցնեմ: 

©Թերեզա
31.05.2010թ.

пятница, 8 ноября 2013 г.

Խավարասեր



Ես էլ չեմ կարող այս ճահճահոտում:
Փտած ճանճեր են, մողեսներ բազում:
Որ դեռ շնչում են, սողում ու հոտում,
Որ դեռ իմ օդն են անխնա մարսում:


Իրենցից պոկված ստվերից փախչում են,
Ուրիշին կպցնում հոտն իրենց հոտած,
Իրենք իրենցով գոհ պարծենում են. 
Քո հոգին դարձնում սրբապիղծ աստված:


Իրենց ոտքերի տակ քո եսն են գցում
Դեմքիդ ժպտալով` սահանկում տալիս
Մատնաչափ ասեղով քեզ են սղոցում.
Գդալ-գդալ կյանքդ են կուլ տալիս:


Ես էլ չեմ ուզում տմարդ մարդասեր
Ապրել քեզ հետ, թեև աստվածացված
Ինձանում ապրող կյանքն արևասեր է
Ուզում է թևեր, ոչ թե քարե բարձ:


©Թերեզա
29.08.2013թ

понедельник, 4 ноября 2013 г.

Տեղափոխվում եմ



Իմ հոգում հիմա անանց կարոտ է:
Ես գոյանում եմ ու գոյատևում:
Քեզանից պոկված սիրտն արյունոտ է.
Չի կարող երկար ապրել այս ստվերում:

Քո մատներին իմ մատնահետքերն են.
Դու քայլում ես, իսկ ես աղոթում:
Ոտնամանումս քո ոտնահետքերն են.
Դու իմ մարմնում ես, ես էլ` քո հոգում:

Իմ գիշերներում քո երազներն են.
Թափառում են լուռ, իրականանում:
Ես քո գլխից պոկված վարսերն եմ,
Անփույթ ապրում եմ քո գլխամանում:

Քեզնից զատ սիրտս անքուն անտուն է,
Միայն ափերումդ է իր խաղաղությունը:
Ախ~, այս կարոտն էլ անսիրտ արթուն է.
Պահել, չի թողնում իմ մենությունը:

Իմ հոգում հիմա մի փութ արև կա.
Ստվերն է կուլ տալիս քո գիշերներից:
Երեկ չէ, վաղը չէ, այսօր ` վերջնական,
Տեղափոխվում եմ երազներիդ կից:

©Թերեզա
26/29.08.2013թ.



вторник, 29 октября 2013 г.

Թունոտ Կարոտ


Իմ սիրտը
Պուճուր-պուճուր 
Մաս-մաս,
Խեթ-խեթ
Թրծում է կարոտ

Հատ-հատ
Գույն-գույն
Խեղդվում է 
Առանց քեզ
Անտուն, անօդ:

Ամպ-ամպ,
Ծառ-ծառ
Վազում եմ
Քեզ մոտ
Մոտից մոտ:

Մեկ-մեկ,
Թեք-թեք
Ցածր, անձայն
Սուլում է թունոտ
Արյունոտ:

Անսանձ
Կարոտը
Մերթ-մերթ
Թաց-թաց
Գուրգուրում է
Խորթ-խորթ:

Սպասում եմ,
Շիկնում եմ,
Սիրում եմ
Անավարտ,
Անթարթ
Անընդհատ:


©Թերեզա
15.06.2013
06.07.2013թ.

вторник, 8 октября 2013 г.

Անցյալ..


            Սևահեր, տաքացած ու մրոտ երկնքի կանթեղներից բռնվել էր ծիրանագույն մայրամուտս: Նա կախվել էր ու վառվում էր օրվա ծանրությունից: Ժանգոտել էր անդադար անձրևից ու սառել էր մահացող երազների անկենդանությունից: Նրա ժպիտը խամրել էր ու տրորվել դիմագծերի խոժոռությունից: Նրա ստվերը կորցրել էր իր առջևից վազող լույսն ու մոլորվել էր խավարում: Նրա ետևից քարշ էր գալիս միայն կարոտն ու արնախում անում: Նա մի անթև կոտրված տարերք էր, որն եկել էր գոյատևման ցանկության ծնունդից: Նրա ոսկորներն այլևս չէին գործում: Նա ապրել է իրեն համար սահմանված դարը, չնայած որ իրեն թվում էր թե ինքն անմահ է: Բայց երբ ինչ որ մի բան դադարում է անհրաժեշտ լինել, այն դադարում է գոյություն ունենալ:
           Հաջողություն, մնաս բարով ինքդ քեզ ծնված ու ինքդ քեզ համար գոյություն ունեցող կենդանի բույս, որ խմում էիր իմ արյունն ամեն անգամ, երբ ես անմտորեն քո գիրկն էի ընկնում: Դու վաղուց էլ չկաս: Հիմա իմ ընկերը ներկան է. գունավոր, հավատարիմ, մաքրեմաքուր:


©Թերեզա
28.01.2013թ.
08.02.2013թ.
06.07.2013թ.


вторник, 1 октября 2013 г.

Քույրս...



             Քույրս... այսօր առավոտյան դու մեկնեցիր քո ամուսնու հետ հեռավոր մի երկիր, որի անունը միայն կինոներից ու աշխարհագրության դասերից եմ լսել: Դու թողեցիր ամեն ինչ ու գնացիր քո սիրո ետևից. թողեցիր տունը քո, որտեղ մենք ամբողջություն էինք, թողեցիր աշխատանքը քո` որի պատճառով այդքան դժվարություններ ունեցար, թողեցիր ընկերներիդ, որոնց կյանքն էր զատել քեզ համար, թողեցիր քո մորն` ումից թանկ մարդ դու այս աշխարհում չունես, թողեցիր ինձ, եղբորդ ովքեր քեզ իրենց երկվորյակ քույրն են համարում..թողեցիր ու գնացիր միայն մեկի ետևից, ով քո կյանքի կիսատությունն է լրացնում: Սա է սիրո գոյության վկայությունը. Մեկից առնել քո բոլոր կարոտները: Արդեն կարոտում եմ քեզ ու քո նախատումները իմ Մեծս:


©Թերեզա
12.03.2013թ.

четверг, 26 сентября 2013 г.

Գույն-Գույն


Անձայն-անձայն,
Թանձր-թանձր,
Նոսր-նոսր
Իմ կարոտներում,
Սև-սև,
Մութ-մութ,
Խուլ-խուլ
Մեր ներկաներում,
Գունավոր,
Թևավոր,
Ժպտերես,
Հարազատ
Քո ստվերն է դողում:
Սիրունատես,
Անզատ-զատ,
Թանկ-թանկ
Քո գոյությունում,
Գունավոր,
Տաքացած
Իմ սերն է լողում:
Անդեմ դիմակով,
Սևամորթ ու կույր,
Խեթ-խեթ,
Թունդ-թունդ
Քո երակներում,
Տեղ-տեղ,
Հատ-հատ,
Անընդհատ
Իմ ու քո արյուներն են
Փաթաթված, 
Համընթած ,
Համբուրված
Գլորվում:
Դեմ-դեմ,
Կից-կից,
Իմ գարունն է
Թեք-թեք,
Սեգ-սեգ
Քո գարուններում
Համընթաց,
Հավերժաց,
Մշտարթուն
Ապրում:
Գոյություն,
Հաղթություն,
Լռակյաց,
Կայացած,
Նվիրված,
Թափանցիկ,
Թևանցուկ
Սեր-Հավերժություն:

©Թերեզա
12.03.2013թ.
13.03.2013թ.

среда, 25 сентября 2013 г.

Որտեղ իմ տունն է..




               Ես կառուցել եմ իմ տունը քո տանիքում ու կապել եմ քո պատուհանին իմ երազները: Հատիկ հատիկ ներկել եմ քո կոտրտված հայելու կտորները լուսաբացի բոլոր գույներով, որ քեզ տեսնես միայն ամենալուսավոր երանգների մեջ: Դու խառնել ես իմ երկնքի բոլոր աստղերն արևներին ու նրանք ապրում են միևնույն ուսապարկում, իմ լուսաթև , իմ հոգեթով, իմ երկնային…
               Ես ապրում եմ քո տանիքում, այնտեղ` քո մոռացած այգաբացի հետ: Գալարվում ու փաթաթվում եմ քո գույներին և ապրում եմ քո աջ ականջի բլթակի տակ: Այնտեղ է իմ տունը:


©Թերեզա
05.02.2013թ.

понедельник, 9 сентября 2013 г.

Դիմակավոր


          Անանուն կեղծավորություն: Դու անգամ անուն չունես, էլ ինչպե՞ս դիմեմ քեզ:
Հագել ես ճակատագրի նվիրած ամենագեղեցիկ շրջազգեստը քո ու շրջում ես իմ խնջույքին: Ժպտա ինձ ու որքան կարող ես լինել կեղծավոր, եղի'ր: Ես պաշտում եմ այն, թե որքան լավ եմ ճանաչում քո դիմակը: Իսկ դու այնքան միամիտ ես քեզ պահում, կարծես նոր եմ քեզ ճանաչելու: Քեզ թվում է՞, թե ես մոռացել եմ, որ դու քարշ ես գալիս իմ ետևից իմ ողջ կյանքի ընթացքում: Իսկ ամեն անգամ հանդիպելիս ժպտում ես ու անկաշկանդ նայում աչքերիս մեջ: Ես քեզ լավ եմ ճանաչում: Դու չէի՞ր, որ փորձում էիր սողոսկել իմ տուն, քծնել իմ տանիքը, բացել իմ տան պատուհաններն ու ծաղրել իմ տան լույսը: Ես քեզ լավ եմ ճանաչում, իմ վաղեմի բարեկամ: Բարեկամներին միշտ պիտի լավ ճանաչես, որ դիմակահանդես չկազմակերպի քեզ հետ քո տանը: Բայց դու մի վախեցիր, ես քեզ չեմ մատնի: Ես հիշում եմ, որ քեզ հետ կիսել եմ անգամ իմ վերջին շոկոլադե սալիկը: Իսկ դու հիմա եկե՞լ ես ու խնդրում ես մի կտոր թխվա՞ծք: Վերցրո'ւ, սակայն մի մոռացիր, որ ես քեզ չեմ հրավիրել, իսկ անկոչ հյուրերը տուն մտնել չեն կարող, որքան էլ ջանան: Վայելիր դռանս շեմին հենվելու քո վերջին կարողությունը: Այսօր ես ինքս էի դիմակ կրել քեզ մոտ:



©Թերեզա
04.02.2013թ.

четверг, 29 августа 2013 г.

Իմ միակ անկրկնելի թափանցիկ թանկ..




     
              Իմ ձեռքերի մեջ քո մարմնի բույրը անթառամ բույսի նման աճում է: Դու իմ միակ թափանցիկ թանկ: Քեզ տվել է ինձ իմ ճակատագրի միակ գունավոր անկյունի պահապանը, տվել է ինձ ու երջանկացրել: Իսկ հիմա նա ագահորեն ու արյունառու կերպով փորձում է խլել քեզ ինձանից: Նա չգիտի, որ դու արդեն իմն ես, իմ միակ անկրկնելի թափանցիկ թանկ: Դու իմն ես այնքան որքան որ ես եմ քոնը, ես այնպիսինն եմ ինչպիսին դու ես: Ես ինձ զգում եմ այնպես, ինչպես դու ես քեզ հիմա զգում: Իմ միակ թափանցիկ թանկ: Ես իմ երազն էի քո ափերի մեջ ձևավորել ու դու այն քո ձեռքերով թևավորեցիր: Տվեցիր նրան ամենն ինչ կարող էր ունենալ երջանկությունն ու գունավորեցիր իմ յուրաքանչյուր անգույն մատնահետք: Գունավորեցիր ու տվեցիր ամենաթանկին բնորոշ արժեք: Բայց հիմա դու ես դարձել իմ միակն ու թափանցիկը:

             Միշտ սիրելու եմ քեզ իմ միակ թափանցիկ թանկ. միշտ, որ հավերժից առավել երկար է:


©Թերեզա
30.01.2013թ.

пятница, 9 августа 2013 г.

Հոգին..



Մարմնից հեռու չի կարող ապրել,
Միմիայն նրա սուրբ մահից հետո:
Քեզանից հեռու չի կարող զարկել
Ափերումդ պահված սիրտս կոտրտվող:


Քեզանից հետո էլ չկա աշխարհ,
Չկա էլ հետո քեզանից հետո:
Իմ երազները քո սրտին դիպան,
Դու հավաքեցիր դրանք ափերով:


Իմ գարունները հասան քո երկինք, 
Թևավորեցիր հույսերս բոլոր:
Ու իմ հոգին էլ գրկելով մարմնիդ
Շունչ առնելով դարձավ մարմնավոր:


Քեզանից հետո էլ չկա աշխարհ,
Էլ չկա լույս, չկա ստվեր մոլոր,
Բոլոր ցավերս դարձան խելագար,
Ու կենդանացան կարոտներս բոլոր:


Ուր էլ որ տանի խելահեղ քամին,
Ուր էլ որ քշի ցավը վայրենի:
Մարմնից հեռու չի ապրի հոգին,
Քո երակներում տունն է արյունի:


©Թերեզա
28.01.2013թ.

Ստվերները




Կիսաթաց, կիսաբաց լուսամուտ,
Մրոտված, գունատված ծաղրածու:
Կանգնել է արբած, բայց ջլուտ,
Կագնել ու ժպտում է շինծու:


Նրա բաց ու խոնավ վերարկուն
Ցեցոտել է կոշկավոր մի կատու:
Նմանակ չունեցավ իր օրում
Ու տարավ իր ցավերն ինքնուրույն:


Այդ կատուն մի գարուն ցնորվեց,
Երբ դարձավ մենության հիշեցում,
Ու ճաղատ նրա ստվերը սափրեց,
Նրա լույսը դարձրեց գոյացում:


Վերացան բարեկամ, ազգություն,
Ե'վ կարոտ, և' անցյալ գոյություն:
Ու ապրում են հիմա նույն խցում
Մենությունը, Կատուն, Ծաղրածուն: 


©Թերեզա
26.01.2013թ.

вторник, 16 июля 2013 г.

Մենության ժխտում


Կիսախավար մենակություն 
Էլ քո կողքին չունեմ թաքստոց: 
Իմ գոյության ներկայություն 
Քեզ եմ թողնում ոսկե մատնոց:

Իբրև ներման խորհրդանիշ 
Քեզ եմ թողնում ցավս կորցրած: 
Էլ իմ սրտում չունես հանգիստ, 
Էլ իմ կողքին չունես տաք կաց: 

Թողնում եմ այն հոգնությունն իմ, 
Որ շոյում էիր, թևավորում: 
Ու չկա թուլությունը սին, 
Ու չկա քեզ համար գարուն: 

Կիսախավար մենակություն: 
Քեզ լքում եմ հավերժ անդարձ: 
Էլ քեզ համար չունեմ ներում, 
Էլ քեզ համար չկա սուրբ հաց: 

Եվ չկա նա քո պաղ գրկում 
Ու էլ չկա քո շուրթին թաց,
Ում չես գտնի մենակություն,
Ում կորցրել ես անվերադարձ:


Չկա ո'չ սեր,ո'չ ցավ, ո'չ դարձ:

©Թերեզա
28.12.2012թ.

...Ու քո աչքերում գտել եմ...

  

     Տաք տաք, բարի բարի, մոտիկ մոտիկ քո աչքերին, քո շուրթերին ու քո մազերին ապրելու եմ: Երբեմն կամակոր կշիկնեմ այտերիդ ուշաթափված, երբեմն կժպտամ այնտեղ, իսկ ավելի հաճախ կկարոտեմ քեզ փաթաթված. որքան մոտենում եմ քեզ այնքան ավելանում է կարոտիս ծավալը: Պատուհանագոգիդ նստած նորից երազդ կհյուսեմ, որ առավոտյան գանգրանան նրանք ու ղուտուտ տան երեսդ: Կհամբուրեմ, կտաքացնեմ, կգուրգուրեմ իմ այտերին թողած քո ժպիտը: Կսիրեմ քո վառ կարմրայտ գարունն ու կնվիրեմ իմ ամբողջությունն անմնացորդ ու անհատույց: Քո աչքերում ես գտել եմ իմ տունը.. տաք տաք, բարի բարի, հարազատ հարազատ ու հավերժ իմը: Հավերժ իմը: Նա էլ ներկայությունս անվերջ կգուրգուրի` իր թևքերի տակ տաքացնելով, և համբույրներով կսրբի մրոտված ճակատս ու հավերժ հավերժ, փափուկ փափուկ կշշնջա.
        -Ճակատդ միշտ բարձր քայլի'ր գանձս:


©Թերեզա



29.11.2012թ.
14.12.2012թ.
27.12.2012թ.

ԱՇՈՒՆ-ՍԵՐԸ


Քեզ հետ իմ աշունն այնքան տաքուկ է. 
Ուստի սիրեց նա քեզ հավանաբար: 
  Անգամ ժպտաց ինձ, ու քո գարունքն էլ 
Իրենն համարեց անգիտակացաբար: 


Իմ աշունը սիրեց քո ժպիտը, 
Քո սեգ աչքերը` մաքուր ու բարի: 
Նա քեզ համարեց իր փոքրիկ սիրտը, 
Ու թաքցրեց այնտեղ զարկը ներկայի: 


Իմ աշունն էլ առավել սիրեց քեզ, 
Քան թե կարող էր սիրել իմ սերը: 
Նա մեզ գրկեց իր թևերով անտես, 
Ու լուռ դարձրեց հավերժ իրենը: 


©Թերեզա
01.11.2012թ.
27.12.2012թ.

17 Անուն

     Երեկ տեղի ունեցավ այդքան սպասված “17 Անուն” գրքի շնորհանդեսը: Հանդիպան վայրում հավաքվել էին մի խումբ երիտասարդներ, որոնք հետաքրքրված էին գրքով, առավելապս գրքում տեղ գտած 17 անունների հետ: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Յուրաքանչյուրն իր համար այդտեղից տարավ գեղեցիկ ակնթարթներ, նորանոր ծանոթություններ, լավագույն ակնկալիքներն ու ամենաբարի մաղթանքները: Տեղի ունեցավ քննարկում երիտասարդ ստեղծագործողների լեզվական և դրանից բխող մշակութային արժեքների մասին: Յուրաքանչյուրն արտահայտեց իր կարիքն ու ցանկությունը: Մթնոլորտը բարի էր ու ապագայի հավատով լեցուն: Շնորհավորում եմ մեզ բոլորիս, և ցնկանում, որ մեզանից յուրաքանչյուրն իր հաստատուն տեղը գտնի այս երկնքի տակ:

©Թերեզա
15.07.2013թ.

                           






 https://www.facebook.com/media/set/?set=a.597519826946634.1073741829.293249777373642&type=1

суббота, 6 июля 2013 г.

Քեզնով...


Քո դիմագծերին իմ դիմափոշին,
Հագցրել է մի պաղ խենթություն:
Դարձնում է քեզ նուրբ աշնանային
Իրենից պոկված մի ամբողջություն:
Քո մատներից իմ հոգուն հասնող
Վարդագույն ու տաք մատնահետքերը,
Իմ երազները դարձնում են հաղթող,
Սպիացնում են օրվա բոլոր վերքերը:
Ես իմ գունավոր երկինքն էի փնտրում
Քո կապտականաչ տիեզերքից դուրս,
Իսկ իմ երազը քո գիրկն էր ձգտում,
Նորից դառնալով քո ափերում լույս:
Բոլոր ճամփաները քեզ մոտ են բերում,
Քո ձեռքերն է գարունն համբուրում:
Նրանց ներսում իմ սիրտն է զարկում.
Թաքցրու նրան բոլորից թաքուն.
Պահպանիր հավերժ քո հոգու խորքում:

©Թերեզա
13.12.2012թ.

Քո գալուց...


Քո ձեռքերի մեջ իմ երազներն են,
Դրանց մասին անգիտակից մոռացել էի:

Քո բացական իմ թևերը վնասել են,
Եվ դեռ պիտի առանց դրանց էլ թռչե՞ի:

Իմ կարոտը քո այտերին գրանցել եմ,
Որն առանց քեզ այտոսկրերս էր պարուրել:

Ժպիտս քո շուրթերին խոստացել եմ.
Նրանք գիտեն քո այտերը համբուրել:

Քո գոյությամբ իմ մարմինը թևավոր,
Քո աչքերով իմ լույսերը գունավոր,
Քո երկինքը իմ երազին կարոտող,
Հավերժ քոնը, հավերժ հաղթանակող:


©Թերեզա
13.12.2012թ.

суббота, 29 июня 2013 г.

Արև, ես եկել եմ...

         
           Արև, ես եկել եմ քեզ նայելու: Եկել եմ տեսնելու քո մայրամուտը: Տեսնելու ու նախանձելու քո սերը: Դու տրվում ես երկնքին, անգամ երբ նա խոժոռ է ու անտրամադիր: Միևնույն է` դու ամուր կփաթաթվես իրեն, կտարածես թևերդ ու կհամբուրես նրա ամպերը: Միևնույն է` դու կսիրես նրա փափկությունն ու խենթությունը, միևնույն է` նա կլինի քոնը, անգամ արտասվելիս, անգամ ծիծաղելիս, ու անգամ նաև կարոտելիս` նա կլինի քոնը: Արև, այնքան շատ քո կարիքն ունեմ, քո նարնջագույն համբույրների ու կարմրավուն գրկախառնման կարիքը: Քո հարազատ ու պաշտպանված երազի կարիքն ունեմ: Իմ թևավոր, իմ գունավոր, իմ ամենաթանկ..

©Թերեզա
10.11.2012թ.

пятница, 28 июня 2013 г.

Հատիկ- Հատիկ


Հավաքում ես քո ափերում
Իմ կոտրված մասնիկները:
Ջերմացնում ես քո թևքերում
Իմ փշրված հատիկները:
Մեկ առ մեկ կպցնում ես
Իմ մասնատված երազները:
Քո գրպանում թաքցնում ես
Անգամ թափված իմ վարսերը:
Իմ ստվերն հավերժ կորցնում ես
Ու դառնում ես դու իմ ստվերը:
Համբույրներով հանգցնում ես
Կրակ հագած իմ երեսը: 
Քոնն իմ Եսին հագցնում ես
Ու դարձնում Քեզ իմ Եսը:

©Թերեզա
05(06).11.2012թ.

Քո գոյությամբ


Ապրել սովորեցի ինքս ինձ սիրելով: 
Քո սրտից պոկված տաք հպումներից 
Արթնացավ գարունը` գունավորելով 
Ամեն այգաբաց պոկված շուրթերից: 


Իմ աննման սիրառատ գարուն, 
Թևավորեցիր իմ կարոտները: 
Անձայն կյանքս էլ թաքուն գուրգուրում, 
Ու համբուրում` իմ ոտնահետքերը: 


Ես քեզ կպահեմ իմ արևներում, 
Որոնք ամեն օր ծնվում են նորից: 
Ու կհամրանամ քո տաք ափերում, 
Որտեղից բացի էլ չունեմ ոչինչ: 



©Թերեզա
05.11.2012թ.

четверг, 27 июня 2013 г.

Կաթիլ


Քեզանից պոկված զուլալ արցունք եմ,
Որ աչքերիցդ կախվել չի ընկնում:
Այտերդ գրկած անշարժ գարունք եմ,
Որ ժպիտ դարձած շուրթդ է գուրգուրում:


Քեզ համար փոքրիկ լուսավորում եմ,
Որ քո երկինքն է անձայն համբուրում:
Քո երազներն էլ լուռ գունավորում եմ,
Երբ քո ափերում շիկնում եմ, կարմրում:


Քեզանով հավերժ անսպառ կարոտ եմ,
Որ կրծոտում է ու ղուտուտ տալիս:
Քեզանում պահված սիրո որոտ եմ,
Որ ամեն անգամ գիրկդ է վար գալիս:
Գալիս է, թաքուն այտերդ է գրկում,
Առանց կարմրելու շուրթդ համբուրում: 


©Թերեզա
12.10.2012թ.
26.10.2012թ.

Անդարձելի


Իմ սիրո համար քո աչքերը զուր մի թացացրու,
Որ շուրթերիդ թողած կարոտս չկենդանանա:
Միայն ձեռքերդ այսօր ցավից կապտեցրու,
Որ իմ ձեռքերը ափերումդ ստիպված չմնան:


Ինձ մի մեղադրիր, որ անկենդան է աշունս այսօր.
Այս երկարատև կարոտը այն թմրեցրել է:
Էլ չկա արցունք, չկա կարեկցող:
Իմ երազներում ես քեզ կորցրել եմ:


Իմ սիրո համար զուր մի արտասվիր`
Սիրտս անաղմուկ դուռդ գոցել է,
Երբ անցյալ գարունը` հոգնած կոպերիս,
Քո ոտնահետքերն անձայն խոցել են:


Տար քեզ հետ սփրթնած աշունն այս,
Որ քո մատներից լուռ ուշաթափվել է:
Անձրևն այդ գունատված ու թարս
Իմ համբույրերից ինքն իրեն պարտվել է:


Ես մոռացել եմ սիրուց այդ թախծել
Ու էլ չի լալիս երկինքն իմ գլխավերի
Ես քեզ ներել եմ. սովորիր ճախրել
Առանց իմ անդարձ կորցրած թևերի:


©Թերեզա
12.10.2012թ.

понедельник, 24 июня 2013 г.

Քմահաճ երջանկություն


Առավոտյան նախաճաշ.
Ձվածեղ զույգ աչքի պես,
Նարնջի հյութ ու բանան`
Թողել ես
Մեր անկողնու վրա`
Որպես հրաժեշտ
Անցյալ գիշերվան,
Կամ անցյալ կյանքի:
Ինչ արած:
Վայելեմ վերջին վայկյանը
Մեր հանդիպումի
Ու դուրս գամ քո բնակարանից:
Քեզ թողնեմ լոգարանի հայելուն
Մեկ համբույր,
Ու բաց պատուհան`
Քո ննջարանում:
…Գուցե ներեմ քեզ
Ու վերադառնամ:


Դու դարձրեցիր ինձ քո միակը
Ու վճռեցիր անհետանալ.
Մարդկային արդարություն,
Որ դարձել է սարդոստայն,
Ու կուլ է տալու 
Իր անձը միայն:
Դու դարձրեցիր ինձ անսանձ, մեղավոր,
Ու թույլ տվեցիր քեզ սիրել:
Ես քեզ դարձրեցի ստվերս թևավոր
Եվ մոլորեցի կարոտներս անթև:
Այժմ էլ չկա ո'չ կարոտ, ո'չ ցավ:
Չկա անգամ դողացող թախիծ,
Միայն գունազարդ մի որմնանկար,
Որ հեռանալիս նկարեցի:
Քո պատերին ստորագրությունս,
Ու քո այտերին` համբույրներս.
Հեռացել եմ ես`թողնելով տունս
Քո բարձին թողնելով երազներս:


Դու ինքդ դարձրեցիր ինձ քո միակը
Ու վճռեցիր մի օր հեռանալ:
Ես թևավոր եմ, ինձ քո վանդակը
Անկարող էր տաք տունս դառնալ:
Հիմա քո գրկում փոքրամարմին,
Ժպտերես աշունն է անձրևում:
Ու ես էլ չկամ սառած քո կողքին.
Առանց ինձ եք այսօր արբելու:


© Թերեզա 
30.11.2008թ. (01.12.2008թ.) 10.10.2012թ

четверг, 6 июня 2013 г.

Գունավոր...


            Բարև: Իսկ ինձ թվաց թե էլ չես գա: Այրված լապտերի տակ ուշաթափված այն գարունն է, որում քեզ համար մի մեծ անկյուն էի պահել: Չնայած դու եկար ամռանը, բայց ես քեզ վաղուց էի ապրեցրել իմ ներսում, դու շատ վաղուց արդեն եղել ես այստեղ, այս կրծքի տակ: Լինում է՞ այնպես, որ անձրևը տաք է` քո առավոտվա ընդունած ցնցուղի կաթիլների պես տաք: Լինում է: Ես սիրում եմ այդ անձրևը` խոնավ ու գունավոր: Երբ մռայլված երկնքի ամպիկների տակից դուրս է գալիս նարնջագույն արևը: Այդպես իմ կյանքում հայտնվեցիր դու: Իմ գունավոր երջանկություն: Քեզ սիրեցի ինչպես ձմռան արևը. դու ինձ այդքան անրհրաժեշտ էիր: Հիմա աշունս այնքան գունավոր է ու արևոտ, որ անձրևները անձրևանոցի հետ են գալիս: Իմ խենթ կարոտ, քեզ սիրում եմ բայց և ատում քո գոյությունը: Ամեն վայրկյանս քեզանով ես արել,ամեն վայրկյանս` երբ աչքերս ու ձեռքերս չեն շոշափում քեզ: Ոտքերս թրջեցիր ծովի ալիքների մեջ` պահած քո ափերում: Ծիծաղս քո շուրթերով իմ այտերին նվիրեցիր ու դարձար իմ շուրթերի խոսուն ժպիտը: Իմ ծիրանագույն երջանկություն: Պարզվեց, որ մենք միևնույն ցեղից ենք: Իմ գարունը քո առողջությունն է: Ես սիրում եմ նմանությունն իմ ու քո: Ինձ խենթացնում է մեր այդ նմանությունը: Քանի որ քո աչքերի մեջ տեսա ինքս ինձ ու սիրեցի: Սիրեցի ու հավերժ մնացի քոնը:



©Թերեզա

06.10.2012թ.


суббота, 1 июня 2013 г.

Կորցրած տունս


Վաղուց կորցրել եմ տունդարձիս ճամփեն. 
Անտուն օտար եմ այս փողոցներին: 
Ու իմ մոլորված անձը մինչ գտնեմ, 
Կդառնամ մի ստվեր, որին կորցրին: 
Ու իմ գորշ օրերը թացոտվեցին,
Սևացած պատերս խոնավացան:
Այն` ինչ տվել էիր, բաց թողեցի,
Ինչ էլ չունեի` անձայն ունեցա: 
Ծխում է մութը տանս պատերում, 
Սիրտս անօդ է ու անօթևան: 
Մարմինս կրկին անհոգի ստվերում 
Իմ պաղ աչքերում անտեր կթվա: 
Ես քեզ կգտնեմ, իմ երջանկությո՛ւն, 
Որ համրացել ես օտար մայթերին: 
Դու ինձ կգթաս ու քո թևերում 
Կպահես ստվերս հոգուդ շուրթերին: 


Թեև անտուն եմ, օտար եմ, սառած, 
Ու իմ կարոտը թեև արթուն է, 
Բայց ես կգտնեմ քեզ, իմ ստվե՛ր արբած, 
Ու թող արևի կույր մայրամուտն էլ: 
Թեև աչքերս խոնավ են ու թաց, 
Թեև ցավից էլ հոգիս ոռնում է, 
Բայց դեռ կլինեմ նորից խենթացած, 
Ու կջերմանա քո այս գարունն էլ: 
Եվ այս ճամփեքին իմ ստվերը գրկած
Քո սիրտ կմտնի հոգուս արյունն էլ: 
Մի պահ կկանգնի սիրտս քարացած. 
Քո ափերի մեջ իր կորցրած տունն է:


©Թերեզա
09.07.2012թ.

среда, 29 мая 2013 г.

Անմահություն


Եվ վերջապես կհասկանամ, որ կա սերը: 
Որ թևերս էլ խոնավ չեն,
Ու ես կարող եմ թռչել:
Իմ սրտի մեջ կմոխրանան անցյալները,
Հավատներս կթևածեն,
Կդադարի անձրևն էլ:


Կմիանան կամուրջի զույգ ափերը,
Միագույնը կդառնա ստվեր,
Կլուսանան մութ մայթերը,
Լուռ ու անձայն կհամբուրվեն:


Իմ այգում միայն կարմիր վարդեր են:
Ալ կարմիր երազ, գունավոր գարուն:
Մոռացված ստվերդ վաղուց արդեն էլ
Ինձ իր կարոտը չի էլ հիշեցնում:


Անձրևից հետո միշտ ծիածան է:
Անգամ թե մի պահ չզգաս արևը,
Ու չծնվեն սեր-թիթեռները:
Վերջակետն հաճախ մեկ կետ դարձած է
Ավարտին հասցնում քո կարոտները,
Ու չի մոռանում ստորակետերը: 


Եվ վերջապես կհասկանամ, որ կա սերը: 
Այն ինչ ունեմ, այսօր կարոտ չէ,
Աչքերս բացված էլ արցունքոտ չեն:
Ու կգոյանան ծով երազները:
Իմ հոգում անսպառ նրանք կհալչեն,
Կդառնան միշտ սեր, որոնք մահ չունեն:


©Թերեզա
09.07.2012թ.