.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

среда, 7 января 2015 г.

Հավատը սեր է

               
      Ու որքա՞ն ենք մենք մեղավոր, որ հայտնվել ենք այս կոտրված լապտերների արվարձանում, որտեղ վաղուց բացակայում էր հավատը, որտեղ բացակա էին ծաղկաբույր օդային համբույրները, որտեղ ձայներն արդեն օտար էին ու ձնառատ: Գիտեմ, որ ես սխալվել եմ իմ կյանքի առաջին իսկ օրից, երբ անտեր եմ եղել ու անհավատ, երբ նախանձախնդիր ու ժլատ չեմ եղել իմ ժպիտների հարցում, երբ կարծել եմ, որ աշխարհում գոյություն չունի ատելությունը, բայց և ատել եմ, ատել եմ ուժգին իմ մենությունն ու թիթեռահավատս, երբ կարծել եմ, որ ամեն բան կարելի է ուղղել, դարձնել առաջվանը: Բայց այստեղ, այս արվարձանում, ուր հանդիպել են իմ ու քո կարոտը, իմ աղոթքներում փնտրել եմ հենց այն ինչը ստացել եմ:
        Ու դեռ շարունակում են վառվել կոտրված լապտերները, շարունակում են մեզ վրա գցել իրենց անկուշտ ստվերը: Ոչինչ հենց այնպես չէ, չէ՞ : Ամենն այնպես է, ինչպես որ պետք է լինե՞ր, ու ես ինքս էլ հենց այն եմ, ինչպիսին պիտի լինե՞ի՝ այսպես անտեր ու անհավա՞տ: Բայց եթե ես անհավատ լինեի, չէի վիճի քեզ հետ։
        Ամեն անգամ ինքս ինձ հարցնում եմ, գուցե՞ ես եմ կոտրել այս լապտերները։ Բայց ես պահում եմ իմ մեջ այնտեղից դուրս պրծած բոլոր լուսատտիկներին: Իմ ներսում, ամենախորքում նրանք տաքացնում են ինձ ու կայծ տալիս աչքերիս. նրանք դեռ հույս ունեն, որ մի օր կրկին թռչելու են սիրո արվարձան, որտեղ հավատը հենց ինքը՝ սերն է։

Tereza Joelle Թերեզա
06.01.2015թ.




Комментариев нет:

Отправить комментарий