.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

пятница, 28 февраля 2014 г.

Թևանցուկ



Քեզ սեղմեցի կրծքավանդակիս,
Ուսիդ թիկնեցի անզուսպ կարոտով։
Վերցրեցիր բուռդ որբացած հոգիս,
Մեկնեցիր ափդ՝ ցավս կոծկելով։

Ինքս ինձ գտած խռոված ու պաղ,
Եվ իմ այտերին մաշկագույն թախիծ,
Դու ինձ վերցրեցիր, քո գիրկը առար,
Անձայն մեջքիս զույգ թև նկարեցիր։

Այգաբացն այնքան լուսավոր եղավ,
Որ մայրամուտին ժպտացին միմյանց
Մի փոքր պաղած արևը խավար,
Ամպերի ուսին լուսինը թիկնած։

Հիմա վարդագույն երկու զույգ թևեր`
Անգույն կարոտով տենչալով միմյանց,
Ուզում են անսանձ երկինքներ ճախրել,
Գրկելով լույսը՝ դառնալ լուսաբաց։


©Թերեզա
01.02.2014թ.
20.02.2014թ.

суббота, 22 февраля 2014 г.

Մենախցում



Այս խցում հիմա մի անմահացու է։
Նրանից անգամ ստվերն է հեռացել։
Օտարամարմին անցյալն էլ շինծու է՝
էլ չի ճանաչում արարչին սառցե։

Նրա ձեռքերում կավը ծորում էր՝
Դառնալով մարմին մեղկ, կծու ու սին։
Նրա ներսում մարդն էլ փոքրանում էր՝
Խեղկատակելով անիրավ հոգին։

Հիմա ծածկվել է կարկատած ներկան՝
Արժեզրկելով իր կյանքը խամրած
Մոռացվել է ցավ, կանգնել` ապագան։
Ինչ ցանկացել էր, ստացավ փշրված։

Ու այժմ փակված այդ մենախցում,
Ինքն իրեն համար աղոթում էր լուռ։
Այցի էր գալիս մի խեղճ ծաղրածու,
Ում իր սրտում էր տնկել կյանքը ծուռ։

Կարկատել էր նա գարունները սեգ
Իրենից պոկված այգաբացերով։
Ամպամած սրտում թաղել էր մի երգ՝
Իր երազները աղոթք դարձնելով։

Ու նա փակված այդ մենախցում
Թիթեռներ է վառ նկարում իր մեջ։
Չունի նա ներկա, այլ անցյալ շինծու,
Որ կարկատում է իր հոգին անշեջ։

Այն ինչ սիրում էր` դարձնելով անդուռ,
Կրծոտում է լուռ, ցավեցնում թաքուն։
Սրտից պոկելով վայրկյանները խուլ՝
Մեկօրյա կյանքը դարին է վատնում։


©Թերեզա
17.12.13թ.
01.01.14թ
24.01.2014թ.
22.02.2014թ.

четверг, 20 февраля 2014 г.

Ֆրիդայի հետ



Մի պատմություն եմ ուզում պատմել։

Տարիներ առաջ, երբ ես դեռ մտադիր չէի այսքան լրջորեն զբաղվելու ստեղծագործելով, մի ընկերուհի ունեի, ով եկել էր իմ տարեդարձին։ Իմ գրվածքներից մի քանիսը թերթելուց հետո ասաց, որ դրանք որևէ գրական արժեք իրենցից չեն ներկայացնում։ Ինձ համար իհարկե իր կարծիքը շատ կարևոր էր, բայց ինչպես այդ օրը, հիմա էլ ես այդ արտահայտությունից չեմ կոտրվել ու չեմ թողել ստեղծագործելս։ Պարզապես ընհունել եմ իր ասածը որպես խիստ քննադատություն։ Հիմա ես դեռ չգիտեմ, թե ինչ գրական արժեք են իրենցից ներկայացնում իմ ստեղծագործությունները, սակայն համարում եմ, որ ամեն դեպքում իզուր չեմ գրում դրանք, քանի որ որևէ տեղ իրենք իրենց ազդեցությունը կթողնեն ու թողնում են։ Գուցե շատերն են կարդում իմ ստեղծագործությունները, բայց մի քանիսն, ովքեր ինձ իսկապես հոգեհարազատ մարդիկ են, միայն իրենք են հարկ համարում արտահայտելու իրենց կարծիքը, որը շատ կարևոր է ինձ համար։ Մյուս ընթերցողներս հավանաբար անհրաժեշտություն չեն գտնում արտահայտվելու, քանի որ իրենց համար տարօրինակ ու անհասկանալի են իմ գրվածքները, կամ պարզապես անկարևոր են։

Ին՞չ էի ցանկանում ասել։ …Այո։ Մի որոշ ժամանակ առաջ, երբ ես կարդացի Ֆրիդա անունը, ինձ ակամայից սկսեցին հետաքրքրել իր նկարները։ Սակայն, երբ ես դրանք առաջին անգամ տեսա, անկեղծ ասած սարսափելի վախեցա ու արագորեն փակեցի այդ էջը։ Դրանից մեկ ամիս անց, երբ իմացա, որ Ֆրիդայի կյանքի մասին ֆիլմ է նկարահանվել, ցանկացա դիտել այն։ Օրեր շարունակ մտածում էի արդյո՞ք ուժերս կբավարարեն ևս մեկ անգամ տեսնելու նրա կերպարն ու իր նկարները։ Վերջապես համարձակվեցի ու միացրեցի ֆիլմը։ Ողջ ընթացքում աչքերս արցունքոտ դիտում էի նրա դաժան ու դժբախտ կյանքը, ու միայն ընթացքում հասկանում նաև իր նկարները։ Այդ ֆիլմից հետո ես գիտակցեցի, որ կան այնպիսի ստեղծագործողներ, ովքեր բարդ ու դժբախտ կյանք են ունեցել, և իրենց ստեղծագործություններն այդ կյանքի արտացոլանքն ու պտուղներն են, որոնք այնքան ցավալի ու անհասկանալի են։ Այդ օրվանից հետո ես մտածեցի, որ կան ստեղծագործություններ, որոնք հասկանալու համար պիտի նախ ուսումնասիրես ստեղծագործողի բարդ կյանքն ու միայն հետո սկսես հասկանալ նաև նրա ձեռագիրը։ Այս երկու մասից բաղկացած պատմությունս նրա համար էր, որ մարդիկ երբևէ չփորձեն դատել դիմացինի արարքներն ու առավել ևս ստեղծագործությունները՝ անգիտակից նրանց կյանքին ու դժվարություններին։

©Թերեզա

04.02.2014թ.


Հավատավոր



Ապրելով սիրատոչոր, կարոտավառ՝
Այժմ հոգում մի մեծ մրմուռ
Գրկած անսեր սիրտը օտար
Քարշ էր գալիս մեղկ ու հլու։
Նրա հոգին մի տկլոր վերք,
Որ բացվել էր կարոտախտից։
Կյանքում թողած ամեն մի հետք
Դուրս էր ելել ցավի անդից,
Ու խեղդում էին, խեղաթյուրում՝
Ողջ իր կյանքը դարձնելով բեռ։
Այն ինչ սեր էր առաջ թվում,
Հիմա այդ սերն էր ելել իր դեմ։
Ինքն իրեն էր կորցրել ու կորսվել՝
Ելքն էր փնտրում խելակորույս։
Սիրտն էր ոռնում ձեռքում անսեր,
Թփրտում էր հոգին անհույս։
Բացվեց լույսը արևավառ, արևահամ՝
Գրկախառնված համառ բախտին։
Երբ փակվել էին դուռ-պատուհան,
Մնացել էր վառ միայն լույսը հուր սրտի։
Տաքացնում էր իր անոթի ձեռքերը,
Ջերմացնում տունը անտունի.
Իր ներսում գտնվեց ինչը կորցրել էր,
Այն՝ ինչը երբեք չէր լքել երևի։


©Թերեզա
30.01.2014թ.
23։58

вторник, 18 февраля 2014 г.

Անդեմ



Իմ շնչառության մեջ կա մի քնքուշ թույն,
Որ կեղծիքից ծնվել ու սիրտս է մաշում։
         Իմ հոգուց էլ լուռ պոկվում է մի երգ,
         Որ չի խոնարհվում, չի ծնկվում երբեք։
Գրկախառնված թունավոր բախտին,
Երազախաբ էր լինում իմ հոգին։
Ես, որ կերտում էի պարզորոշ երկինք,
Հիմա ամպերն այդ դարձել են կեղծիք,
Ու իմ գլխին են թափում զույգերով,
Այն ինչ խնդրել էի մի խռովարար օր։
Հիմա, երբ չկա սիրառատ գարուն,
Իմ երազներն այդ դարձել են անգույն։
Ես քեզ փնտրելիս կորցրեցի հենց ինձ։
Էլ ետ չենք բերի խորթ անցյալներից։
Այն ինչ պաշտում էի լուռ ու կուրորեն,
Հենց ինքն ինձ հրեց անթև ու անզեն։


©Թերեզա
09.12.2013թ.
13.12.2013թ.
24.01.2014թ.

среда, 12 февраля 2014 г.

Սրտիս կոկոմը



Տնկել եմ սրտումս մի վարդ հողմավար։
Փշալարերին է գամվել խեղճ կոկոմս,
Աճել է նրա գոգին մի մորի համառ,
Արևն էլ սառած դրժել է երդումս։

Արմատներն են խուլ՝ տեղավորվել են,
Հոգումս են կերտել սուրբ ստեղնաշարը։
Իմ սրտում հիմա կոկոմ այդ վարդն էլ..
Խեղդվում է անգամ նրա նուրբ քնարը։

Տուն չունի այնտեղ կարոտս անգութ.
Թիկնել է կրծքիս, ճզմում է վարդս։
Լցնեմ վրան անկարոտ քունջութ,
Սիրտս բանամ, դեմ տամ մյուս այտս։

Ես ինձ չգտա այդ աղտաջրում։
Միայն տնկեցի հացս ծարաված։
Ունեցա և տաք պտղատու գարուն,
Եվ աշնանացան անկենդանացած։


©Թերեզա
07.12.2013թ.
16.01.2014թ.
23.01.2014թ.

вторник, 11 февраля 2014 г.

Երբ ցանկանում ես ապրել ինքդ քեզ համար…



***
Երբ մենանում են խենթությունն ու գույնը՝
խառնվում են երգն ու թախիծը՝
գունավորվում են ու դառնում են թև։

***
Երբ հեռացնում են ճանապարհները,
կարոտը դառնում է շունչ,
ու շնչառությունը դառնում է կյանք։

***
Երբ հեռանում ես քո բախտացավից,
կաղում է հոգիդ,
սիրտդ լալիս է։

***
Երբ հեռվանում ես անդուռ աշխարհից,
կողպեքվում է պատուհանն էլ հին,
Ու դու մնում ես կախված առաստաղներից
Ու կյանքդ դառնում է թունավոր մի գետ՝
Որով սնվում է քո տոհմածառը։
Քեզ չի ներում անգամ քո անցյալը,
Երբ դու լռում ես, 
երբ մենանում ես ամենքից ամենքի հետ։
Ու թարթվում է կյանքը՝
դառնալով ակնթարթ,
Մեկ վայրկյան է մնում,
ու սպառվում է մեկ կյանք,
երբ ուզում ես ապրել, բայց չունես արդեն
ոչ շունչ և ոչ շնչառություն։


©Թերեզա
19.12.13թ.
11.01.2014թ.
16.01.2014թ.

четверг, 6 февраля 2014 г.

Խաչուղին, որ կյանքն է



Ցավում եմ, որ ամենն այսպես դասավորվեց։
Եվ այն թախիծը, որ հալվեց, մաշվեց,
Իմ ու քո սիրտը փշերով պատեց։
Եվ այն կարոտը, որ սիրուց ծնվեց,
Իմ ու քո ներսը իրենով լցրեց։
   Ցավում եմ, որ սյունդ հանկարծ կոտրվեց,
Անզրահ մեջքդ՝ ապտակից ծալվեց,
Անկոտրուն սիրտդ՝ ցավից փշրվեց։
Ցավում եմ, Սիրտս, որ քունդ կախվեց՝
Հենց քո տանիքից ինքն իրեն կախեց։
Ցավում եմ, Հոգիս`տանիքդ ծակվեց,
Ու միակ բույնդ փոթորկից քանդվեց։
Այն ինչ քո կյանքն էր, անսիրտ թալանվեց,
Խառնվեց ցավին, ստի հետ կեղծվեց,
Անցյալն ապագայիդ հետ քո բուռը լցրեց։
Ցավում եմ. մինչ այդ իմ սիրտն էլ ջարդվեց,
Իմ կյանքը պղծվեց ու արժեզրկվեց։
Ցավում եմ, որ սխալս իմ դուռը զարկեց։
Երեսիս տալով ապտակները կեղծ,
Ժպիտները սին, իր խոսքերը եղծ։
Կուրացնելով ինձ՝ անհավատ դարձրեց։
Ցավում եմ, որ իմ ցավը քո ցավին կցվեց,
Բայց և թև տվեց, հույս ու սիրտ ծնեց,
Իմ ամուլ հողում նոր մի կյանք տնկեց,
Քո քունը փրկեց, իմ սյունը շտկեց։
Իմ միակ բույնը քո գրկում հյուսեց։
Իմ փշրանքներով քո հացը թխեց։
Պաղ երջանկությունս վերջապես ծաղկեց։
Իմ կյանքը նորից քո գրկում ապրեց,
Քեզանից պոկված կրկին քեզ փարվեց։
Քո ողնաշարը ուղղեց, քեզ փոխեց,
Այն ինչ թվում էր՝ իրականացրեց։
 Ցավում եմ, որ այսքան այն քեզ ցավեցրեց՝
Ամենն ինչ-որ կար, ինչը որ ցավեց։
Ցավում եմ, որ ուշ.. բայց ժամանակին 
սիրտս քեզ ընտրեց։

©Թերեզա
04(05).01.2014թ.

среда, 5 февраля 2014 г.

Չլացես մամ…


Եվ խաղաղվեց հոգիդ, 
Որում այնքան մրրիկ ու 
Սիրո ծարավ կար։
Եվ խաղաղվեց ծովդ, 
Որում անջուր սատկում էին ձկներդ,
Եվ խաղաղվեց պայքարդ,
Որ ձկներդ ափը չնետի ծովիդ մրրիկը..
Հավերժ ձագերիդ էիր պաշտպանում։
Հիմա էլ մայրս է քո նման,
Տատ,
Իր կրծքում քո կարոտն է գուրգուրում,
Իսկ ծոցում իր ձագերին։
Տատ,
Կարոտել եմ քեզ։
Քո ծիծաղը համբույրի փոխարեն ճակատս կրծոտում է։
Տեսնես ինչի՞ց է, որ ծով ջրում կոկորդս ծարավից կաղում է։
Անտեր թողեցիր գառներիդ,
Տատ։


©Թերեզա
14(15).12.2013թ.
Տատիկիս հիշատակին