.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

суббота, 11 февраля 2012 г.

Կարող ե՞ս..




Կարող ե՞ս արդյոք վազել ու փարվել
Այս ձյան մաքրությանը.
Այն այնքան պարզ է, ու այնքան մաքուր,
Որ կարող ես անգամ չհասնել նրան,
Ու սայթակել, ընկնել`
Չդիմանալով անկումիդ ու քո էությանը:
Անկարող ես դու հենց նրան գրկել,
Ընկնել գիրկն ու չմրսել:
Պարզության ու անկեղծության լեզուն
Դու չես հասկանա:
Չէ որ պարզապես սովոր ես ման գալ
Լոկ ցեխուտներում:
Ու անձրևից թացոտված խոտերի վրա`
Ընկնել ես սովոր,
Բայց և այդ անգամ
Խոնավության մեջ`
Պարզ թարմության տեղ`
Միայն թացություն ես դու զգալ կարող:
Դա այն բանից է,
Որ անկարող ես լինել ձմեռվա նման`
Մաքուր ու անկեղծ:
Քո այդ սերն ինչ֊որ եսասեր է մեծ,
Ու փոքր֊ինչ խաբեբա է նա:
Միևնույն է` դա էլ է ներելի,
Թե կարողանաս ձմեռն հասկանալ:
Ոչ թե` ձյունն ուսերիցդ սրբելով էլի,
Ու չգլորել սառը օրերդ`
Մի միայն դրանք անցնելու համար:
Այլ փոքր֊ինչ նրանում տեսնելու սերդ.
Սիրել ու անկեղծանալ`
Ձմեռվա նման:


©Թերեզա 
28.01.2006թ.

Միամտաբար


Թե ջերմորեն,  գարնան մի օր, այտերը քո
Կաթիլները անձրևների համբուրեն,
Ու լոկ ստվերս զգաս այդ երեկո
Իր թացության փոխարեն,
Ապա դա ես եմ քեզ համբուրելու,
Ես`թաքնված անձրևներում:
Թե արևը քեզ պարուրի` ձմռան ցրտին,
Թե ձյուները քեզ փաթաթվեն` դու վերստին
Գրկախառնվես այդ ձյուներին ու չմրսես,
Այլև միայն արևը զգաս իմ աչքերի,
Միայն փարվես այդ ձյուների մաքրությունին,
Սպիտակի մեջ թե քեզ գտնես,
Ուրեմն` ինձ կհաջողվի`
Խառնել իրար,
Ու իմ սիրում ամբողջովին
Քեզ նվիրել` օրում վաղվա:
Թե որ հանկարծ մի կարոտ զգաս`
Շուրջդ նայիր ու կտեսնես
Տերևներում,արևներում,տխրության մեջ…
Ամբողջի մեջ
Ինձ որ փնտրես ու նկատես…
Թե որ փնտրես` կնկատես,
Ու լուռ կզգաս
Հոգուդ խորքում այդ օրվանից,
Որ այլևս է’լ չես փախչի դու ինձանից:


                       
18.03.2006թ
Թերեզա



Արդյո՞ք դու գիտես .. ինձ

Արդյո՞ք դու գիտես ամենն իմ մասին,
Արդյո՞ք պատրաստ ես ինձ ծանոթ լինել,
Կարծում ե՞ս` հեշտ է սիրել արբածին,
Երբ նրանից ոչ մի սթափ միտք չի էլ մնացել:
Նա` շատ խենթ է ցանկանում լինել,
Նա` թռչել է սիրում, սիրում է ճախրել,
Նա` ամեն ինչը ոչինչ է դարձնել այսօր ցանկանում,
Իսկ հաջորդ վաղը`այն վերականգնել:
Արդյո՞ք դու գիտես ամենն իմ մասին:
Ես… ես` գուցե չկամ,
Այլ պարզապես լինել եմ ուզում,
Ու լավ է ստացվում,
(Կամ թե չի ստացվում, չասես այդ մասին):
Ես իրոք չկամ, ու ամբողջովին
Այդ դրությունը ինձ դուր է գալիս:
Արդյո՞ք ուզում եմ քեզ ծանոթ լինել
(Միշտ վախենալիս…
Կարծես մրսում եմ ու այս անգամ էլ…)
Արդյո՞ք դու գիտես,կամ թե՞ ես գիտեմ
Ո’չ պատահել ես, ո’չ պատահել եմ:
Այս ճամփաները այնքան տարբեր են,
Ես էլ չգիտեմ`
Արդյո՞ք ուզում եմ ես նրանց հատել,
Արդյո՞ք ուզում եմ…
Ո’չ, ես չեմ ուզում ոչինչ իմանալ:
Արդյո՞ք…
Գոյություն չունի այդ արդյոք բառը:
Արդյո՞ք սիրելիս ''Արդյոք'' են ասում:
Այդ բառը սառն է,
Ու այն այս սիրուն կարծես չի սազում…
Այսքանից հետո, թե որ հանդիպենք.
Ինչն անհնար է,
Թե որ դիմանամ էլ ''արդյոք'' չասել
Ուրեմն`իրոք, իրոք սիրել եմ
Ու ցավոք կորցրել:



©Թերեզա
13(14).12.2005թ

Կհանդիպենք...


Կհանդիպենք այն ժամանակ ,
Երբ ձյունն իր սպիտակ փաթիլներով
Անցյալ արցունքը կսրբի:
Երբ ապագան` այդ ձյան նման,
Մաքուր ու ճիշտ կլինի
Ու էլ երբեք մեզ չի խաբի:

Կհանդիպենք, երբ միտքը քո`
Ինձ կսկսի հասկանալ,
Ու էլ սրտի խաբեությամբ չի խաբնվի:
Կհանդիպենք,երբ կսկսես գնահատել
Ժամանակը էլ ավելի,
Ու կզգաս, որ առանց հարցնելու այն վազում է,
Ու կշտապես բռնել նրան.
Ասա թե ուշ չլինի:

Ձյունը գալիս է անժամանակ
Առանց հարցի
-Արդյո՞ք ունենք մենք տաքություն`
Դիմանալու նրա ցրտին:

Կհանդիպենք այն ժամանակ
Երբ այդ ձյունը կբղավի ու չի լռի
Իր սառնության ու իր …այցի մասին:

Հուսով եմ,որ երբևիցե կհանդիպենք:
Բայց այս ձյունը դեռ չի գալիս ու չի վազում:
Ձմեռվա պես այս աշունն էլ,
Թե թավալվի այդ ձյուներում,
Ու թե մաքրի էությունն իր,
Ու դիմանա յուր սեփական մաքրությունում`
Ուրեմն կհանդիպենք այդ ժամանակ,
Բայց առանց քո հոգու ձյան ներկայության,
Սակայն հենց այդ մաքրության մեջ:


©Թերեզա
11.11.2005թ

пятница, 10 февраля 2012 г.

Շտապեցի…


Քեզ մոտ շտապելիս
Մոռացա կոշիկներս
Ու ոտաբաց դուրս վազեցի:
Քեզ փնտրելիս
Այնքան շտապեցի
Որ հետո զգացի`
Որքան են ցավում ոտքերս:
Միայն քեզ գտնելիս հասկացա,
Ինչքան եմ վազել:
Ու այնքան եմ հոգնել:
Թույլ տուր սիրելիս
Քո գրկում հանգչել,
Մի փոքր ննջել
Ու զգալ ոտքերիս
Հանգստությունը:
Հանկարծ զգացի, որ կոշիկներս
Ոտքերս սեղմում են,
Ու ցանկացա դուրս պրծնել նրանցից,
Բայց նկատեցի,
Որ ոտաբաց եմ
Ու արյուն են
Ոտքերս հագել:
Քեզ մոտ վազելիս
Այնքան էի շտապել,
Որ սխալվեցի…

©Թերեզա
15.08.2008թ