.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

воскресенье, 14 февраля 2016 г.

Ծառերը ծաղկում են իրիկնամուտին



Ամեն իրիկուն ոտքերս ջուրն եմ դնում,
Որ ծառս պտուղ տա.
Արմատներս մամռակալել են,
հող են ուզում,
Ցասումս բացված թևերիցս լայն է,
Ո՞նց գրկեմ մենակով:
Երկու թև է պակասում,
Երկու թև, որ երբ իմ երկուսով թռչեմ,
Քո երկուսով բռնվեմ.. ընկնելուց:


Ամեն իրիկուն հաշվում եմ մենակությունս,
Թե որքան կար, ու որքան մնաց:
Մենակություն, որ լիքն է,
Բոլորի մեջ, բոլորիս շուրջ:
Պակասում է, զգում եմ թեթևացած:
Մնում է միայն դատարկությունը:
Մենակությունը մարդկանց պես է.
Երբ պակասում է, 
Դատարկվում է ներսում:

Ամեն իրիկուն դադարում եմ ձևացնել,
Որ օրերը երկար են, իսկ գիշերները`կարճ,
Որ դեռ կհասցնեմ չորս երեխա ունենալ,
Որ դեռ քսան եմ.. քսան, 
Ու ես հասկանում եմ,
Որքան արագ են թռչում իրիկունները բոլոր,
Իսկ թվում է կյանքը կանգնած է,
Ժամանակ դեռ կա..
Ժամանակ ապրելու համար:

Ամեն իրիկուն ոտքերս ջուրն եմ դնում,
Որ ծառս կանաչ մնա:
Տերևներս դեռ թարմ են:

©Թերեզա
29.12.2015
11.01.2016

Երբ կարոտը մանուշակագույն է


Ինչ-որ մի տեղ ծավալվել են
Արցունքները մեր կարոտի,
Այն կարոտի, որ ապրել է սովորեցնում:


Ինչ-որ մի լույս խավարել է,
Այն երկքում ուր անոթի
Մի ուրու է լուռ թափառում մթնածոցում:


Քեզանից զատ, ինձնից հեռու
Մի կիսատված կյանք է գծվում
Ավազեպատ ճամփաներին:


Դու կորցրեցիր վերջում իզուր,
Ու չգտար ոչինչ վերջում,
Քեզ մնաց միայն ծերությունը սին:


Բայց չես հանձնվում, ու չես էլ հաղթում,
Քո հարազատն՞ է, թե քո խորթը,
Նա ով կյանք է քեզ նվիրաբերում:


Քեզ մնացել է միայն աղոթել թաքուն,
Որ կորչի կարոտը, հենց այն կարոտը,
Որը մեզ ապրել էր սովորեցնում:



©Թերեզա
14.12.15
19.12.15

воскресенье, 25 октября 2015 г.

Անկեղծանուն



Կձևանամ խուլ ու համր,
Կապաքինվի սրտիս զարկը,
Կմոռանամ բույրն ու համը,
Կհագնեմ անզգամի դիմակը:

Զառանցանքից պոկված 
Անշնորհակալ թախիծ,
Քեզ խնդրեցի հեռանալ
Ու թաքնվել ինձանից:

Ումպ-ումպ կարոտս է կրծում
Կոկորդախառը կսկիծ.
Ես իմ եսին եմ խեղդում,
Որ չխռովես ինձանից:

Ոնց ծնվել եմ մի սառը օր,
Նույն ցուրտն եմ կրում սրտիս:
Թող դառնամ լույս մենավոր,
Որ տաքացնում է հոգիս:

Թե գնամ, ինձնից քեզ կմնա
Իմ լույսն ու շողքը պաղած:
Միայն ուզում էի դառնալ
Կին, Մայր ու Սեր առ Աստված:

©Թերեզա
24.10.2015թ.

воскресенье, 11 октября 2015 г.

Աշնանացած

       
            Թույլ տո՛ւր աշուն քեզանից պահպանել ամենագունավորը, թո՛ղ մնան ինձ մոտ աշնանային բոլոր տաքուկ երեկոները, որոնցում ջերմ գինեբույրից հղկված խոհերն ու մաշկագույնով պարուրված վերջալույսի թրթիռները կմնան շուրթերիս, ու թարթչաներկով այտերս ի վար կգլորվեն ոլորափայլ  հիշողության մաքրեմաքուր ստվերաներկերը։ Ես քեզ կունենամ մայրամուտից մինչև լուսաբաց, հետո կգուրգուրեմ քո փափկամազ ներկայությունն ամբողջ օրվա ընթացքում․ քեզանից ինձ միայն գունավորը թող, մնացածն այլևս խտացել է։

©Թերեզա
10.10.2015թ․

воскресенье, 24 мая 2015 г.

Անձրևանոցած



Քեզ չունենալու և ունենալու
Կարողությունը
Իմ վերարկուի թևերից պոկված
Երկարությունն է..
Այն պաղ ձմռանն է քչություն անում,
Իսկ ամռան շոգին` ավելանում է:


Քեզ կարոտելու, չկարոտելու
Անհագ ցասումը
Իմ զուգագուլպայի
Երկու ծայրերն են.
Մեկը մյուսից անկախ ու կախյալ
Հեռավորությունն է:


Քեզ հարատև թևավորելու
Իմ անսպառ կնիքը,
Որպես տան կտուր
Դրոշմվել է գրխավերևում
Անձրևանոցած.
Հավատ, որ այս բաժանությունն էլ
Մի օր կունենա ավարտ:


Քեզ հորինելու ու վերծանելու
Իմ անխոս կարիքը
Դարձել է անդուռ,
Որպես մեղանչում,
Կոկորդիս սեղմած
Ինչպես որ ցավն է կծկում
Որովայնը, որ ծնում է կյանք:


17.05.2015թ.
©Թերեզա

вторник, 19 мая 2015 г.

Սիրառատ


Ծորում է կյանքը 
Հատ-հատ, կաթ- կաթ:
Օրը լուռ սրբում է 
Երկնքի արցունքները:
Ես քեզ գտնում եմ
Անընդհատ, անթարթ
Իմ ակունքներում էլ
Քո կորցրած ստվերը:

Հոգիս անդուռ է,
Ցավերս է զսպում,
Քեզ գուրգուրելու 
Անհագ ցասումը:
Ես իմ սկիզբն եմ 
Կորցնում-գտնում.
Քեզանով զատած
Անցյալն ու այսօրը:

Ծորում է կարոտը
Համբուրում այտերը,
Իմ ամբողջական
Ու կիսատ թախծի:
Այդ պաղ մաշկահոտը
Կցում է քո դերը
Իմ հավերժական
Սեր նախածանցին։


16.05.2015թ.
©Թերեզա

воскресенье, 17 мая 2015 г.

Մի պտղունց


Իմ երջանկության մեջ
աղ է պակասում,
Մի քիչ փափկություն
աղավնիների,
մի քիչ պաղ ցասում,
մի քիչ տաք արև
գարնան երկնքի,
Մի բուռ ջերմություն,
Մի պտղունց կարոտ,
Անմեկեն գարուն:
Պակասում է տաք
Այգաբաց անքուն
Անձրևախառը վարսեր,
Թունդ արբանք,
Լուրթ երազ ու սեր,
Պտղատու հավատք:
Իմ երջանկության մեջ
Պակասում է փութ
Անսկիզբ ու անվերջ
Լուրթ Եր-ջան-կու-թյուն:

14.05.2015

©Թերեզա

четверг, 14 мая 2015 г.

Անհետ..ք


Երբ դուռդ թակում է կարոտը միայն,
Իսկ անկողնուդ թիկնած է թախիծը,
Դու վերանում ես աշխարհից համայն`
Թողնելով նրանց քո կորցրած իղձը:

Քեզ հետ տանում ես քո խրտնած հոգին,
Երազակորույս ներկան փաթաթած,
Ծակծկված, մաշված խիղճը կոկորդին,
Մի պտղունց ցասում սրտի տակ պահած:

Ու վերջակետն է կախվում տողերից,
Լուռ խաղաղվում է կարոտը վայրագ,
Քո հետ տանում ես մի կյանք, մեկ թախիծ.
Դատարկելով ևս մեկ խորթ արևածագ:

14.05.2015
©Թերեզա