.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

суббота, 29 июня 2013 г.

Արև, ես եկել եմ...

         
           Արև, ես եկել եմ քեզ նայելու: Եկել եմ տեսնելու քո մայրամուտը: Տեսնելու ու նախանձելու քո սերը: Դու տրվում ես երկնքին, անգամ երբ նա խոժոռ է ու անտրամադիր: Միևնույն է` դու ամուր կփաթաթվես իրեն, կտարածես թևերդ ու կհամբուրես նրա ամպերը: Միևնույն է` դու կսիրես նրա փափկությունն ու խենթությունը, միևնույն է` նա կլինի քոնը, անգամ արտասվելիս, անգամ ծիծաղելիս, ու անգամ նաև կարոտելիս` նա կլինի քոնը: Արև, այնքան շատ քո կարիքն ունեմ, քո նարնջագույն համբույրների ու կարմրավուն գրկախառնման կարիքը: Քո հարազատ ու պաշտպանված երազի կարիքն ունեմ: Իմ թևավոր, իմ գունավոր, իմ ամենաթանկ..

©Թերեզա
10.11.2012թ.

пятница, 28 июня 2013 г.

Հատիկ- Հատիկ


Հավաքում ես քո ափերում
Իմ կոտրված մասնիկները:
Ջերմացնում ես քո թևքերում
Իմ փշրված հատիկները:
Մեկ առ մեկ կպցնում ես
Իմ մասնատված երազները:
Քո գրպանում թաքցնում ես
Անգամ թափված իմ վարսերը:
Իմ ստվերն հավերժ կորցնում ես
Ու դառնում ես դու իմ ստվերը:
Համբույրներով հանգցնում ես
Կրակ հագած իմ երեսը: 
Քոնն իմ Եսին հագցնում ես
Ու դարձնում Քեզ իմ Եսը:

©Թերեզա
05(06).11.2012թ.

Քո գոյությամբ


Ապրել սովորեցի ինքս ինձ սիրելով: 
Քո սրտից պոկված տաք հպումներից 
Արթնացավ գարունը` գունավորելով 
Ամեն այգաբաց պոկված շուրթերից: 


Իմ աննման սիրառատ գարուն, 
Թևավորեցիր իմ կարոտները: 
Անձայն կյանքս էլ թաքուն գուրգուրում, 
Ու համբուրում` իմ ոտնահետքերը: 


Ես քեզ կպահեմ իմ արևներում, 
Որոնք ամեն օր ծնվում են նորից: 
Ու կհամրանամ քո տաք ափերում, 
Որտեղից բացի էլ չունեմ ոչինչ: 



©Թերեզա
05.11.2012թ.

четверг, 27 июня 2013 г.

Կաթիլ


Քեզանից պոկված զուլալ արցունք եմ,
Որ աչքերիցդ կախվել չի ընկնում:
Այտերդ գրկած անշարժ գարունք եմ,
Որ ժպիտ դարձած շուրթդ է գուրգուրում:


Քեզ համար փոքրիկ լուսավորում եմ,
Որ քո երկինքն է անձայն համբուրում:
Քո երազներն էլ լուռ գունավորում եմ,
Երբ քո ափերում շիկնում եմ, կարմրում:


Քեզանով հավերժ անսպառ կարոտ եմ,
Որ կրծոտում է ու ղուտուտ տալիս:
Քեզանում պահված սիրո որոտ եմ,
Որ ամեն անգամ գիրկդ է վար գալիս:
Գալիս է, թաքուն այտերդ է գրկում,
Առանց կարմրելու շուրթդ համբուրում: 


©Թերեզա
12.10.2012թ.
26.10.2012թ.

Անդարձելի


Իմ սիրո համար քո աչքերը զուր մի թացացրու,
Որ շուրթերիդ թողած կարոտս չկենդանանա:
Միայն ձեռքերդ այսօր ցավից կապտեցրու,
Որ իմ ձեռքերը ափերումդ ստիպված չմնան:


Ինձ մի մեղադրիր, որ անկենդան է աշունս այսօր.
Այս երկարատև կարոտը այն թմրեցրել է:
Էլ չկա արցունք, չկա կարեկցող:
Իմ երազներում ես քեզ կորցրել եմ:


Իմ սիրո համար զուր մի արտասվիր`
Սիրտս անաղմուկ դուռդ գոցել է,
Երբ անցյալ գարունը` հոգնած կոպերիս,
Քո ոտնահետքերն անձայն խոցել են:


Տար քեզ հետ սփրթնած աշունն այս,
Որ քո մատներից լուռ ուշաթափվել է:
Անձրևն այդ գունատված ու թարս
Իմ համբույրերից ինքն իրեն պարտվել է:


Ես մոռացել եմ սիրուց այդ թախծել
Ու էլ չի լալիս երկինքն իմ գլխավերի
Ես քեզ ներել եմ. սովորիր ճախրել
Առանց իմ անդարձ կորցրած թևերի:


©Թերեզա
12.10.2012թ.

понедельник, 24 июня 2013 г.

Քմահաճ երջանկություն


Առավոտյան նախաճաշ.
Ձվածեղ զույգ աչքի պես,
Նարնջի հյութ ու բանան`
Թողել ես
Մեր անկողնու վրա`
Որպես հրաժեշտ
Անցյալ գիշերվան,
Կամ անցյալ կյանքի:
Ինչ արած:
Վայելեմ վերջին վայկյանը
Մեր հանդիպումի
Ու դուրս գամ քո բնակարանից:
Քեզ թողնեմ լոգարանի հայելուն
Մեկ համբույր,
Ու բաց պատուհան`
Քո ննջարանում:
…Գուցե ներեմ քեզ
Ու վերադառնամ:


Դու դարձրեցիր ինձ քո միակը
Ու վճռեցիր անհետանալ.
Մարդկային արդարություն,
Որ դարձել է սարդոստայն,
Ու կուլ է տալու 
Իր անձը միայն:
Դու դարձրեցիր ինձ անսանձ, մեղավոր,
Ու թույլ տվեցիր քեզ սիրել:
Ես քեզ դարձրեցի ստվերս թևավոր
Եվ մոլորեցի կարոտներս անթև:
Այժմ էլ չկա ո'չ կարոտ, ո'չ ցավ:
Չկա անգամ դողացող թախիծ,
Միայն գունազարդ մի որմնանկար,
Որ հեռանալիս նկարեցի:
Քո պատերին ստորագրությունս,
Ու քո այտերին` համբույրներս.
Հեռացել եմ ես`թողնելով տունս
Քո բարձին թողնելով երազներս:


Դու ինքդ դարձրեցիր ինձ քո միակը
Ու վճռեցիր մի օր հեռանալ:
Ես թևավոր եմ, ինձ քո վանդակը
Անկարող էր տաք տունս դառնալ:
Հիմա քո գրկում փոքրամարմին,
Ժպտերես աշունն է անձրևում:
Ու ես էլ չկամ սառած քո կողքին.
Առանց ինձ եք այսօր արբելու:


© Թերեզա 
30.11.2008թ. (01.12.2008թ.) 10.10.2012թ

четверг, 6 июня 2013 г.

Գունավոր...


            Բարև: Իսկ ինձ թվաց թե էլ չես գա: Այրված լապտերի տակ ուշաթափված այն գարունն է, որում քեզ համար մի մեծ անկյուն էի պահել: Չնայած դու եկար ամռանը, բայց ես քեզ վաղուց էի ապրեցրել իմ ներսում, դու շատ վաղուց արդեն եղել ես այստեղ, այս կրծքի տակ: Լինում է՞ այնպես, որ անձրևը տաք է` քո առավոտվա ընդունած ցնցուղի կաթիլների պես տաք: Լինում է: Ես սիրում եմ այդ անձրևը` խոնավ ու գունավոր: Երբ մռայլված երկնքի ամպիկների տակից դուրս է գալիս նարնջագույն արևը: Այդպես իմ կյանքում հայտնվեցիր դու: Իմ գունավոր երջանկություն: Քեզ սիրեցի ինչպես ձմռան արևը. դու ինձ այդքան անրհրաժեշտ էիր: Հիմա աշունս այնքան գունավոր է ու արևոտ, որ անձրևները անձրևանոցի հետ են գալիս: Իմ խենթ կարոտ, քեզ սիրում եմ բայց և ատում քո գոյությունը: Ամեն վայրկյանս քեզանով ես արել,ամեն վայրկյանս` երբ աչքերս ու ձեռքերս չեն շոշափում քեզ: Ոտքերս թրջեցիր ծովի ալիքների մեջ` պահած քո ափերում: Ծիծաղս քո շուրթերով իմ այտերին նվիրեցիր ու դարձար իմ շուրթերի խոսուն ժպիտը: Իմ ծիրանագույն երջանկություն: Պարզվեց, որ մենք միևնույն ցեղից ենք: Իմ գարունը քո առողջությունն է: Ես սիրում եմ նմանությունն իմ ու քո: Ինձ խենթացնում է մեր այդ նմանությունը: Քանի որ քո աչքերի մեջ տեսա ինքս ինձ ու սիրեցի: Սիրեցի ու հավերժ մնացի քոնը:



©Թերեզա

06.10.2012թ.


суббота, 1 июня 2013 г.

Կորցրած տունս


Վաղուց կորցրել եմ տունդարձիս ճամփեն. 
Անտուն օտար եմ այս փողոցներին: 
Ու իմ մոլորված անձը մինչ գտնեմ, 
Կդառնամ մի ստվեր, որին կորցրին: 
Ու իմ գորշ օրերը թացոտվեցին,
Սևացած պատերս խոնավացան:
Այն` ինչ տվել էիր, բաց թողեցի,
Ինչ էլ չունեի` անձայն ունեցա: 
Ծխում է մութը տանս պատերում, 
Սիրտս անօդ է ու անօթևան: 
Մարմինս կրկին անհոգի ստվերում 
Իմ պաղ աչքերում անտեր կթվա: 
Ես քեզ կգտնեմ, իմ երջանկությո՛ւն, 
Որ համրացել ես օտար մայթերին: 
Դու ինձ կգթաս ու քո թևերում 
Կպահես ստվերս հոգուդ շուրթերին: 


Թեև անտուն եմ, օտար եմ, սառած, 
Ու իմ կարոտը թեև արթուն է, 
Բայց ես կգտնեմ քեզ, իմ ստվե՛ր արբած, 
Ու թող արևի կույր մայրամուտն էլ: 
Թեև աչքերս խոնավ են ու թաց, 
Թեև ցավից էլ հոգիս ոռնում է, 
Բայց դեռ կլինեմ նորից խենթացած, 
Ու կջերմանա քո այս գարունն էլ: 
Եվ այս ճամփեքին իմ ստվերը գրկած
Քո սիրտ կմտնի հոգուս արյունն էլ: 
Մի պահ կկանգնի սիրտս քարացած. 
Քո ափերի մեջ իր կորցրած տունն է:


©Թերեզա
09.07.2012թ.