.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

среда, 27 ноября 2013 г.

Սպանում է ժամանակը


Օրը ծորում է անթարթ ու անդարդ.
Տանում ինձանից մենությունս սին:
Քեզ կարոտում եմ գիժս անընդհատ.
Կարոտում հիմա էլ` կողքիդ, քո ուսին:

Երկինք է ելնում տաք արևն արբած,
Թիկնում է ամպին խենթ կարմրայտը:
Ամենն անգույն է, անհաղթանակած,
Երբ իմ կողքին չէ քո անմահ հավատը:

Իմ ականջներում` քո տանիքի տակ,
Գգվել է կարոտն այս բութ, մշտարթուն:
-Ոն՞ց չես հասկանում, կույր խեղկատակ։
Վաղուց թողել ենք քեզ, հեռացել թաքուն:

Օրը ծորում է անթարթ ու անդարդ..
..Քեզ կարոտում եմ գիժս անընդհատ:


©Թերեզա 
08.11.2013թ.

понедельник, 25 ноября 2013 г.

Նամակ իմ միակ Կեսին...


Ես գիտեմ` շուտով փաթաթվելու են իրար կարոտից թմրած և ճթճթացող մեր վերջույթներն ու գրկախառնվելու են նրանք տաք գիշերներին: Գիտեմ, քանի որ այս աշխարհում ամեն ինչ իր կեսն ունի. ամեն կես ձգում է իրենն իրեն: Քո կեսն էլ իմ գրպանում կարոտում է քեզ ու ձգողաբար շոյում հեռավորությունը: Քեզ սիրում եմ ամեն արշալույսից մինչ մայրամուտ, մայրամուտից մինչ այգաբաց:
Թող ինձ համարեն ամենավերջինն ամենավատագույն երանգների մեջ, թող քարկոծեն անմեղները, թող ինձ կեղծավոր ժպտան, բանսարկեն իմ թիկունքում ու մասնատեն իմ եսն անխնա, բայց հավատա, քո կեսն իմ գրպանում չի դադարելու շոյել ու փոքրացնել մեր միջև եղած հեռավորությունը մինչ ամենավերջին չափումն ու մեր միավորումը, քանի որ ես հենց քո աչքերում եմ գտել աշխարհից թաքնված իմ եսն, ում խնայում ես արդեն հարյուր տարի:
Ես գիտեմ...


©Թերեզա
27(28).10.2013թ.

Խաբկանք


          Գեղեցիկ է աշունը, թեկուզ և այն իմ հոգու պես թաց է, երազներիս պես` գունավոր, մտքերիս պես` սառը, և իմ սիրո պես` հեռավոր ու մոտ: Այն ինձ նման սիրահար է քամիներին, օտարությանը, սխալներիս պես անկրկնելի է և անգամ թանկ ինձ համար: Սիրում եմ աշունը, իսկ ին՞ձ, արդյո՞ք ես ինձ էլ եմ սիրում: Դա ամենևին էլ պարտադիր չէ ապրելու համար, այնպես որ, ես համոզված չեմ:
          Աշունը ինձ սառեցնում է (տանել չեմ կարող այդ ցուրտը. այն մարդկանց ավելի սառը և օտար է դարձնում այս կյանքին), ինձ ինչ որ տեղ է տանում և թողնում այնտեղ: Ես հեռու եմ այս աշխարհից, քանի դեռ աշունն է դրսում, նա փոխարինելու ինձ և իմ փոխարեն է ապրելու այսօր, նա էլ է մրսում իր քամիներից, նա ինձ նման է, նա էլ է արբեցած վազում, որ հասցնի ապրել տրված նոր կյանքը: Բայց մի բան հաստատ այլ է նրա մոտ. ինքն է թախծեցնում բոլորին, իսկ սեփական եսը դարձնում է ուրախ, այնքան~ ուրախ, ու շատ ցանկալի, և միշտ ցանկացողին տալիս է թախիծ ու ամպրոպ այս արևի մեջ, այս պայծառության: Ինչպե՞ս է այդպես Ես չեմ հասկանում, ինչպե՞ս է նա կարող լինել այդպիսին. ցուրտ, սառը, հեռու և օտար, սակայն միշտ մարող, վերջացող: Ինքն իր տխրության մեջ մահանում է լուռ, երբ դուռն է թակում ձմեռը` ավելի օտար, ավելի ցավոտ, ու ավելի..ավելի մաքուր:
           Իսկ այժմ դեռ աշունն է զարկվում տաք պատուհանին, որպես անցանկալի հյուր, որպես անցնող պարտություն իմ:



©Թերեզա
18.11.2004թ.

среда, 20 ноября 2013 г.

Ես եմ…Աշունը


Կուզեմ փախչել այս մարդկանցից, որ իմ լեզուն չհասկացան,
Կուզեմ լինել այնտեղ, որտեղ չկա այսօր ոչ սեր, ոչ ցավ:
Նրանք ինձնից ինչ որ ունեի, ինչ էլ չունեի` խլեցին:
Նրանք սիրտն իմ անմնացորդ դատարկեցին:
Կուզեմ լինել հեռու-հեռու, 
Ու վազվզել աշուններում:
Կուզեմ ինձնից ոչ-ոք ոչինչ չիմանա,
Ու ես ապրեմ առանց նրանց անմիտ ու կեղծ ներկայության:
Բոլոր նրանք, ովքեր թացից էին վախենում. բոլոր մարդիկ:
Ու այս դաժան, չոր ամբոխում իմ հոգին է դարձել կեղծիք,
Ու չգիտի, որ կողմ գնա, որ հասկանան, 
Իր անձրևից գլուխ հանեն:
Կուզեմ խառնվել քամիներին,
Ու նրանց հետ խառնվել կյանքին:
Ու նրանցից կյանք սովորել, 
Ու այս մարդկանց էլ չերևալ,
Որ չխայթեն, որ չսպառեն, 
Վառվող կյանքիս էլ ձեռք չտան
Իրենց այդ չոր ձեռնոցներով:
-Էյ~, դու, երկինք, կուզեմ լինել քեզ պես հեռու, 
Քո անձրևով բավարարվել,
Ու լինել թաց, որքան կարող եմ թրջվել
Կյանքի այն խենթությամբ, 
Որ մարդկային սեր է կոչվում:
…Ոչ, այդ սիրուց ես հոգնել եմ:
Ոչինչ չունեմ այս մարդկանցից ես խնդրելու,
Ոչինչ չունեմ:
Պիտի նորից վերադառնամ, 
Ու խառնվեմ կեղծ ամբոխին,
Պիտի նորից ես չորանամ այս անանձրև չոր սերերից,
Պիտի նորից կեղծ ծիծաղեմ, 
Կեղծ նեղանամ, պիտի նորից..
Օտար լեզվով լուռ շշնջամ.
-Սիրում եմ քեզ:
Պիտի նորից հայացքների կեղծ խոստումները վերադառնամ,
Պիտի լինեմ նորից անսեր, պիտի....լռեմ:
Ինչի՞ համար, ինչի՞ս է պետք, երբ չեմ ուզում:
Թե աշունը այս չլիներ,
Ես կխեղդվեի չոր պատերում կեղծ ամբոխի:
Կուզեմ գոնե նրանց տեսնել` ինչպիսին կան,
Այլ չփնտրել իմ անձրևը նրանց հոգում:
Պիտի ներեք, բայց չեմ կարող ձեզ հասկանալ:
Ես աշունն եմ միայն տեսնում` ինչպիսին կա
Երեկ, այսօր, ապագայում:

©Թերեզա 
31.10.2006թ.

вторник, 19 ноября 2013 г.

Անկարողությունս



                  Կաղում է հոգիս` ստրուկ դարձած բայից,
Այս արևի տակ ես ինձ որբ եմ զգում,
                  Որ ողորմում է մի կտոր երկնինք`
Մի փութ տիեզերք ձեզ նվիրելով:


                 Ճտճտում է բութ կորստի ցավից,
Այս մերկությունս, որ քեզ է գգվում:
                Քեզ ունենալու ահռելի կարիք
Նստել է սրտիս` կուրծքս կրծելով:


* * *


                Հոգիս է գրկել ապաշնորհ կարոտ,
Դաղում է բութ իր զորությունով`
                Ծաղրելով, այն ինչն արարում եմ
Ճաքճքած, սառած մատներովս:


                Շողքս է դարձել կարոտից թունոտ`
Չի թողնում գոյանամ իր գոյությունով,
                Անկարողությունը , որ պարուրվում է
Երբ աչքերս եմ թարթում արցունքներովս:


©Թերեզա 
03.11.2013թ.

воскресенье, 17 ноября 2013 г.

Լուսատտնիկ


Սարդոստայնի մեջ փաթաթված 
Մենությունս եմ դաջում քո պատերին,
Դու էլ իմ սիրուց խելագարված
Քեզ դարձնում ես ժպիտն իմ ստվերի:

Հանդգնում եմ սիրել անթույլատրելին:

Խոնավության հոտն իմ գոյության
Ննջում է պատուհանագոգիդ թիկնած:
Անձրևախաղից հոգնած խենթության
Կաթիլն է փարվում այտերիդ կարմրած:

Երազս է թանկս, քեզ սիրահարված:

Կամաց-կամաց դառնում է տունն իմ
Ոտնամանումդ թաքցրած գարունը:
Քո աչքերում է փրկությունն իմ,
Քո ափերում է իմ կորցրած քունը:

Սիրտս էլ դարձել է հավերժ քո բույնը:

Այգաբացերին մեղմորեն փարվում եմ
Արև- երկինքին քո սեր-երազների:
Մի բան հաստատ է` ես մասնատվում եմ
Քեզանից պոկված փոքրիկ ստվերների:

Հավաքիր դրանք մոտ քո մասունքներին:


©Թերեզա 
28.10.2013թ.

среда, 13 ноября 2013 г.

Աղոթում եմ... Սիրում



Քուն տուր կոպերիս.
Ես արթուն եմ:
Տուն տուր մտքերիս.
Ես անտուն եմ:
Ուժ տուր թևերիս.
Ես անսյուն եմ:
Բույն տուր շիվերիս.
Ես հասուն եմ:


Կյանք տուր սերմերիս.
Ես պարարտ եմ:
Գույն տուր երկնքիս
Ես առատ եմ,
Խոսք տուր շուրթերիս,
Ես պատրաստ եմ:
Հասկ տուր արտերիս,
Ես անհասկ եմ:


Տուր ինձ հոգիս,
Տուր մարմինս,
Քո հունցածն եմ:
Ավելացրու,
Պակասեցրու,
Ոնց կուզես դու.
Քո ստեղծածն եմ:


©Թերեզա
12.10.2013թ.
31.10.2013թ.

Արի...


Արի նստենք մոտիկ մոտիկ,
Արի խոսենք մի քիչ մի քիչ:
Ու հենց հիմա, այս վայրկյանին
Դառնա ժպիտն ընկերակից
Մեր խնջույքին:


Արի քայլենք բոբիկ բոբիկ,
Ափս ափիդ, շուրթս շուրթիդ:
Թող որ լինեն մեզ մտերմիկ
Ծովն ու քամին անփոթորիկ.
Ծովն ու քամին:


Արի ապրենք կողք կողքի,
Լինենք մոտիկ, ու մտերիմ:
Ես քեզանով ունեմ կարիք
Ես քեզ համար ունեմ սերն իմ:
Անփոփոխ, հավատարիմ:


Արի նստենք մոտիկ մոտիկ,
Արի խոսենք մի քիչ մի քիչ:
Ու հենց հիմա, այս վայրկյանին
Դառնա ժպիտն ընկերակից
Մեր խնջույքին:


©Թերեզա
06.07.2013թ.
13.09.2013թ.

Անդունդ

Անդունդ կա իմ հոգու խորքում:
Անդունդ, որի մեջ արցունքներս անգամ տեղ չունեն:
Անդունդ, ուր ինքս եմ կամաց գլորվում`
Ավազե հատիկների պես,
Որոնց կուլ է տալիս սեփական անապատը սողանքներից:
Ես գլորվում եմ:
Ու կորցնում եմ ինձ ու իմ մարմինը,
Որն այսքան պիղծ է:
Այն, ինչը հենակ է, ինքն է գլորում:
Այն ինքն է գլորում, ինքն է հրում:
Ու ես կորչում եմ:
Կորցրել եմ տիրապետումն իմ անձի հանդեպ:
Ինքն ինձ չի լսում:
Ինքը սողում է, ինքը գնում է ու անշնչանում է:
Ինքն էլ իմը չէ:
Ես նրան իմը չեմ համարում:
Այն իրար է խառնվում, ու նորից նույնն է կրկնվում:
Ամեն ինչի սկիզբը, վերջը ... ամեն ինչ անդունդ է:
Շուրջս անդունդ է, ներսս անդունդ է: 
Ես.. ես անդունդի սկիզբն եմ, անդունդը իմ վերջն է:
Ին՞չ է մնալու ինձանից հետո… ստվե՞ր.
Ստվերն էլ անգամ չի ուզի մնալ:
Նա ինձ արդեն իսկ լքել է:
Նա արդեն չկա իմ կողքին:
Ես անգամ ստվեր չունեմ:
Անգամ` քայլում եմ, ոտնահետքերս չեն մնում գետնին:
Անգամ չեմ թռչում:
Անգամ չգիտեմ ... 
Ես... այսօր շնչեցի, թե երեկվանն էր:
Թե՞ բավարարվել եմ երեկվա շնչով:
Ես չգիտեմ:
Բայց պետք է ծառերս ջրեմ, որ չչորանան:
Անապատներում ծառեր էլ չկան. 
Անապատներում ծառեր չեն ծաղկում:
Այնտեղ ավազ է :
Միայն ավազ, շուրջբոլորն ավազ: 
Որոնք խառնվում, որոնք բարձրանում ներքև են իջնում:
Ո՞ւր են գնում:
Որտեղի՞ց են գալիս:
Ոչինչ չունեն:
Ես էլ եմ նման այդ հատիկներին, որոնք... որոնք բոլորը միանման են:
Որոնք բոլորն էլ անուն իսկ չունեն:
Որոնք կազմում են միայն բազմություն անապատների:
Որոնցից մեկն էլ թեկուզ չլինի, չեն էլ նկատի, որ չկա:
Ինչին՞ եմ հասել:
Միթե՞ հասել եմ... երկնքից, ծովից հասել եմ անապա՞տ:
Որքա՞ն երկար եմ ես քայլել մենակ:
Որքա՞ն երկար եմ ես մենակ եղել,
Որ ծովս.. ծովս ցամաքել է:
Իսկ ես դեռ պիտի ծառերս ջրեմ:
Ծառեր, որոնք ծաղկել են ուզում:
Գարուն, գարուն...
Գարնան վերջն է սա:
Այսօր վերջն է գարնանս:
Իսկ ես ծառերս.. ծառերս չեմ ջրել անգամ:
Ո՞ւր եմ ես գնում:
Որտեղի՞ց եկա:
Դա չեմ էլ ուզում անգամ իմանալ:
Չեմ ուզում հիշել:
Ես ունեմ ներկա, 
Որն իմ անցյալն է շնչում ու ապրում:
Որն իմ անցյալն է մարսում դեռ:
Անցյալս կանգնել է ներկայիս կոկորդին:
Իսկ ես... դեռ պիտիր ջրեմ անապատները:
Դեռ ...
Կջրեմ:
Այստեղ միայն այն է լավ, որ արևն է մեծ:
Մեծ է, ջերմ ու տաք:
Սիրում եմ քեզ արև իմ:
Արև... Իսկ երկինքը կարմրում է.
Արդեն մայրամուտ է:
Քիչ կաց:
Սրտումս անձրև կա:
Մի կայծակ էլ չի զարկում, 
Որ անձրևը թափվի ցած` 
Սիրտս հովանա, թեթևանա:
Վերջ: Պիտի շտապեմ ծառերս ջրել:
Չէ որ ծառերը գիշերն են բացվում:
Նրանք ձգվում են:
Գնամ ջրեմ: 
Իսկ սողանքները... մեկ է` կան, միշտ էլ կան:
Կարող են տանել ինձ իրենց հետ:
Իսկ ես դեռ անելիք ունեմ: 
Պիտի հասցնեմ: 

©Թերեզա
31.05.2010թ.

пятница, 8 ноября 2013 г.

Խավարասեր



Ես էլ չեմ կարող այս ճահճահոտում:
Փտած ճանճեր են, մողեսներ բազում:
Որ դեռ շնչում են, սողում ու հոտում,
Որ դեռ իմ օդն են անխնա մարսում:


Իրենցից պոկված ստվերից փախչում են,
Ուրիշին կպցնում հոտն իրենց հոտած,
Իրենք իրենցով գոհ պարծենում են. 
Քո հոգին դարձնում սրբապիղծ աստված:


Իրենց ոտքերի տակ քո եսն են գցում
Դեմքիդ ժպտալով` սահանկում տալիս
Մատնաչափ ասեղով քեզ են սղոցում.
Գդալ-գդալ կյանքդ են կուլ տալիս:


Ես էլ չեմ ուզում տմարդ մարդասեր
Ապրել քեզ հետ, թեև աստվածացված
Ինձանում ապրող կյանքն արևասեր է
Ուզում է թևեր, ոչ թե քարե բարձ:


©Թերեզա
29.08.2013թ

понедельник, 4 ноября 2013 г.

Տեղափոխվում եմ



Իմ հոգում հիմա անանց կարոտ է:
Ես գոյանում եմ ու գոյատևում:
Քեզանից պոկված սիրտն արյունոտ է.
Չի կարող երկար ապրել այս ստվերում:

Քո մատներին իմ մատնահետքերն են.
Դու քայլում ես, իսկ ես աղոթում:
Ոտնամանումս քո ոտնահետքերն են.
Դու իմ մարմնում ես, ես էլ` քո հոգում:

Իմ գիշերներում քո երազներն են.
Թափառում են լուռ, իրականանում:
Ես քո գլխից պոկված վարսերն եմ,
Անփույթ ապրում եմ քո գլխամանում:

Քեզնից զատ սիրտս անքուն անտուն է,
Միայն ափերումդ է իր խաղաղությունը:
Ախ~, այս կարոտն էլ անսիրտ արթուն է.
Պահել, չի թողնում իմ մենությունը:

Իմ հոգում հիմա մի փութ արև կա.
Ստվերն է կուլ տալիս քո գիշերներից:
Երեկ չէ, վաղը չէ, այսօր ` վերջնական,
Տեղափոխվում եմ երազներիդ կից:

©Թերեզա
26/29.08.2013թ.