.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

четверг, 26 сентября 2013 г.

Գույն-Գույն


Անձայն-անձայն,
Թանձր-թանձր,
Նոսր-նոսր
Իմ կարոտներում,
Սև-սև,
Մութ-մութ,
Խուլ-խուլ
Մեր ներկաներում,
Գունավոր,
Թևավոր,
Ժպտերես,
Հարազատ
Քո ստվերն է դողում:
Սիրունատես,
Անզատ-զատ,
Թանկ-թանկ
Քո գոյությունում,
Գունավոր,
Տաքացած
Իմ սերն է լողում:
Անդեմ դիմակով,
Սևամորթ ու կույր,
Խեթ-խեթ,
Թունդ-թունդ
Քո երակներում,
Տեղ-տեղ,
Հատ-հատ,
Անընդհատ
Իմ ու քո արյուներն են
Փաթաթված, 
Համընթած ,
Համբուրված
Գլորվում:
Դեմ-դեմ,
Կից-կից,
Իմ գարունն է
Թեք-թեք,
Սեգ-սեգ
Քո գարուններում
Համընթաց,
Հավերժաց,
Մշտարթուն
Ապրում:
Գոյություն,
Հաղթություն,
Լռակյաց,
Կայացած,
Նվիրված,
Թափանցիկ,
Թևանցուկ
Սեր-Հավերժություն:

©Թերեզա
12.03.2013թ.
13.03.2013թ.

среда, 25 сентября 2013 г.

Որտեղ իմ տունն է..




               Ես կառուցել եմ իմ տունը քո տանիքում ու կապել եմ քո պատուհանին իմ երազները: Հատիկ հատիկ ներկել եմ քո կոտրտված հայելու կտորները լուսաբացի բոլոր գույներով, որ քեզ տեսնես միայն ամենալուսավոր երանգների մեջ: Դու խառնել ես իմ երկնքի բոլոր աստղերն արևներին ու նրանք ապրում են միևնույն ուսապարկում, իմ լուսաթև , իմ հոգեթով, իմ երկնային…
               Ես ապրում եմ քո տանիքում, այնտեղ` քո մոռացած այգաբացի հետ: Գալարվում ու փաթաթվում եմ քո գույներին և ապրում եմ քո աջ ականջի բլթակի տակ: Այնտեղ է իմ տունը:


©Թերեզա
05.02.2013թ.

понедельник, 9 сентября 2013 г.

Դիմակավոր


          Անանուն կեղծավորություն: Դու անգամ անուն չունես, էլ ինչպե՞ս դիմեմ քեզ:
Հագել ես ճակատագրի նվիրած ամենագեղեցիկ շրջազգեստը քո ու շրջում ես իմ խնջույքին: Ժպտա ինձ ու որքան կարող ես լինել կեղծավոր, եղի'ր: Ես պաշտում եմ այն, թե որքան լավ եմ ճանաչում քո դիմակը: Իսկ դու այնքան միամիտ ես քեզ պահում, կարծես նոր եմ քեզ ճանաչելու: Քեզ թվում է՞, թե ես մոռացել եմ, որ դու քարշ ես գալիս իմ ետևից իմ ողջ կյանքի ընթացքում: Իսկ ամեն անգամ հանդիպելիս ժպտում ես ու անկաշկանդ նայում աչքերիս մեջ: Ես քեզ լավ եմ ճանաչում: Դու չէի՞ր, որ փորձում էիր սողոսկել իմ տուն, քծնել իմ տանիքը, բացել իմ տան պատուհաններն ու ծաղրել իմ տան լույսը: Ես քեզ լավ եմ ճանաչում, իմ վաղեմի բարեկամ: Բարեկամներին միշտ պիտի լավ ճանաչես, որ դիմակահանդես չկազմակերպի քեզ հետ քո տանը: Բայց դու մի վախեցիր, ես քեզ չեմ մատնի: Ես հիշում եմ, որ քեզ հետ կիսել եմ անգամ իմ վերջին շոկոլադե սալիկը: Իսկ դու հիմա եկե՞լ ես ու խնդրում ես մի կտոր թխվա՞ծք: Վերցրո'ւ, սակայն մի մոռացիր, որ ես քեզ չեմ հրավիրել, իսկ անկոչ հյուրերը տուն մտնել չեն կարող, որքան էլ ջանան: Վայելիր դռանս շեմին հենվելու քո վերջին կարողությունը: Այսօր ես ինքս էի դիմակ կրել քեզ մոտ:



©Թերեզա
04.02.2013թ.