.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

понедельник, 17 декабря 2012 г.

Շիկացած կարոտ


Քո համբույրներից շիկացած կարոտ,
Չորացել է շուրթերիս ծայրին,
Ու ցած է կախվել իբրև վերջաբան
Ստրկացած կյանքի:
Նա քեզ չի խնդրի մնալ իր կողքին:
Որքան էլ ցավի սիրտը
Կիսաքաղց ստրուկի,
Բայց նա չի իջնի իր հորինած գահից,
Որին ինքն իրեն կարգել էր
Առանց քո թույլատվության:

Ես շոշափում եմ անձը քո
Դեպի քո սիրտ տանող
Իմ հոգևոր թռիչքներով:
Հավաքում եմ ափերիս մեջ
Քո` ինձ տված համբույրները,
Մազերումս թաքցրած
Քո սիրո ստվերները:
Ամեն հատիկ, ամեն մասնիկ
Կենդանի է դեռ ու անմոռանալի,
Ու նրանց եմ նոր շունչ տալիս
Բառերով իմ շուրթերի:
Հենց այդ կարոտը,
Որ կրկին արթնանում է
Իր կեսօրյա հանգստից,
Հենց այդ կարոտն է
Ստիպում  ինձ
Զգալ անհասկանալի մի երևույթ,
Որ դուրս է գիտակցումից:
Հենց այդ կարոտն է
Արթուն պահում սրտիս,
Հոգուս, անգամ մարմնիս
Յուրաքանչյուր անիրական երջանկություն,
Որ նշմարելի է ու անմահ
Այդ համբույրներում:

Քո համբույրներից շիկացած կարոտ,
Հավերժ սառել է իմ երակներում:

©Թերեզա
19.02.2009թ.

вторник, 11 декабря 2012 г.

Ձնաբուք


Այս անձրևախառը ձյունը
Ինձ նման քեզ է փարվելու:
Ես` նրա նման անձրևելու եմ,
Ու քո սիրուց թրջվելու:
Ես քեզ սիրում եմ այսօր,
Իսկ վաղը`………………….
Ոչինչ չգիտեմ ես վաղվա մասին:
Գուցե վաղը քեզ `չճանաչեմ,
Բայց այսօր` սիրում եմ:
Ուզում եմ գոռալ քեզ,
Որ այս անձրևում
Իմ սերն է անվերջ
Ցավից մաքրվում
Ու քեզ սիրում է,
Ու քեզ ներում է:
Ինձ էլ մաքրում անցյալից:
Այսօր, սիրելիս, միայն քեզանից,
Միայն քո սիրուց,
Սեր եմ պահանջում:
Նա ինձ մոտ գալուց
Անձրևից է այս լուռ ձնոտվելու
Ու թրջվելու:
Ուզում ե՞ս տեսնել հոգուս թռիչքը,
Նայիր աչքերիս.
Նրանցում եղած ողջ գարնան ճիչը
Քեզ եմ տալիս:
Ուզած թե չուզած
Պիտի ընդունես:
Նա է թրջված,
Նա սիրում է քեզ:
Ասա ինձ` ո՞վ եմ քեզ համար:
Արդյոք ես ո՞վ եմ:
Ես այս անձրևի պարզ թացն եմ,
Այս ձյան սպիտակն եմ,
Քո սրտի լացն եմ,
Քեզ համար ինչ ունեմ` քոնն է:
Ու այդ ամենի վկան
Այս ձյունն է,
Որ իր անտեղի գալստի համար
Անձրևի խորքն է թաքնվել,
Ու գալիս է, գալիս է.
Նա ինձ նման գիտի արգելվել,
Բայց և գալ,
Ետ գալ նորից,
Երբ մերժել են,
Երբ հեռացրել են նրանից
Ով ցանկացել է
Սիրել այդ թացին:
Այսօր, այս անձրևի ու այս ձյան տակ
Սիրտս եմ բացել:
Այն անժամանակ
Քեզանից էր հեռացել:
Բայց այս անձրևը ստիպում է ետ գալ,
Նորից թևածել
Քո սրտի վրա,
Ու քո աչքերն էլ
Իր անկեղծությամբ
Այդօր թացոտել,
Ստեղծել մի նոր կյանք
Եվ ողջ օր մի այլ կերպ շնչել.
Ես կարող եմ:
Իսկ դու կարող ե՞ս ամբողջը ջնջել
Ու նորից վերցնել վրձին
Եվ ներկել, ներկել գարուններ:
Դու իմ այս հարցին
Չփորձես ստել:
Այս անձրևը դա ներել չգիտի:
Ու չի էլ փորձի:
Իսկ ես, ես...
Սիրում եմ քեզ:
Այսօր սիրում եմ:
Նորից պարտվեցի..
Բայց ես չեմ տխրել:
Թե պարտությունը սիրուս է նման,
Կամ պատահաբար է նրան նմանվել,
Միևնույն է ես ընդունում եմ այն
Ու չեմ զղջում, որ սիրում եմ:
Միթե՞ չեմ զղջում:
Այ դա չգիտեի:
Ոչինչ դա էլ, դա էլ է անցնում:
Երբ նորից փորձեի
Քեզ սիրել լոկ զղջումներով,
Պիտի տանջվեի անիմաստ սիրով:
Կարծում եմ վաղը այդպես եմ զգալու,
Բայց այսօր, այսօր
Սիրտս է մինչև վերջ թրջվելու:
Գոնե մի վայրկյան, գոնե մեկ օր,
Իրավունք ունեմ:
Ես դա եմ փնտրել:
Ու դրան անծանոթ արդեն
Չեմ կարող շնչել:
Սիրում եմ, սիրում եմ,
Նորից կսիրեմ:
Այս անձրևից ես խենթացել եմ,
Ու այնպես եմ ուզում
Նրանում թաքնված գլորվել
Քո այտերով, քո շուրթերով.
Իմ փոխարեն քեզ է կրկին գտնելու,
Ու համբուրելու,

Բայց և թրջելու է քեզ:

Գուցե դու սերս չընդունես,
Քանի որ այն շատ թաց է ու խոնավ:
Իսկ դու ի զորու չես
Նրան պահպանել
Քո չոր սրտում, քո սրտի համար:
Ես ոչինչ չեմ ուզում,
Ո'չ կյանք, ո'չ խոստում:
Միայն անձրևին թույլ տուր խենթանալ,
Ու իմ սիրո համար
Պետք չէ ծաղրել ինձ:
Սերս է այսօր բացվել անձրևից
Ու քեզ մոտ եկել:
Նա է քեզանից պոկվել
Ու այս անձրևով ընկել
Քո կոշիկներին:
Քո բաց բաճկոնը
Թրջել է նորից:
Բայց դու դա ների.
Դա էլ է քոնը:
Բացի քեզանից չունից էլ ոչինչ:
Եվ նրանում քոնն եմ ես էլ:
Սիրել եմ, սիրում եմ,
Ու պատրաստվում եմ սիրել:

©Թերեզա
           16.03.2007թ.

пятница, 7 декабря 2012 г.

Քեզ մասնատելով



Քո շնչառության բառարաններում
Հավերժ կրկնվող համբույրն եմ փնտրում:
Նրա ջերմության ամեն հպումից,
Ինձ` քեզ հիշեցնող սիրուց ու ցավից,
Նույնը նորից եմ ապրում.
Բայց դա էլ ոչինչ:
Քո հայացքների լուռ փախուստներից
Ինձ համար թանկ աչքերդ եմ զատում:
Նրանց շոշափման փոքրիկ վայրկյանից,
Իմ ողջ կյանքն եմ հավերժացնում:
Քո ձայնի հնչյուններն օդում`
Որպես փոշեհատիկ,
Լսողությամբ եմ փորձում
Գողանալ քեզանից
Դու դա չես զգում:
Սակայն ես լսում
Ու պահպանում եմ դրանք ինձ`
Քեզանից թաքուն:
Ու դու անտեղյակ իմ ցանկությունից
Հեռու ես, այնքան հեռու,
Որ անկարող լինեմ նորից ու նորից
Քեզ փնտրելու ու գտնելու
Քո քայլվածքի դղրդյունը,
Որ հասնում է սրտիս խորքին`
Հենց այդ շարժը, հենց այդ նույնը
Իմ այս հոգին ընդունում է:
Ու դրանից քեզ սովորած դողդողումն է
Կրկին զգալու,
Կրկին զգում է:
Քո` մնալու մասին սուտը,
Որ իմ սիրտն է լուռ հորինել,
Գիտակցումս է երբեմն հիշեցնում.
Ու ես դա նրան չեմ կարող ներել:
Իմ հորինած փոքրիկ սերը
Այս սիրտս կապել է:
Ու ես նրանից կորցրել եմ իմ ստվերը,
Կորցրել եմ, ինձ էլ կորցրել եմ:
Քո և իմ ուղիները
Այնքան օտար, այնքան տարբեր են:
Ոչինչ չգիտեմ քո կյանքի մասին:
Բայց քեզ մասնատել
Ու պահպանում եմ մոտ իմ այս սրտին,
Որը մասնիկ առ մասնիկ քեզ է ճանաչել:
Եվ ավելի լավ, որքան ես գիտեմ,
Ոչ ոք չգիտի քո մասին իմ սեր:
Կամ սիրուցս կուրացել եմ,
Ու քեզ ինքս եմ հորինել,
Կամ էլ սիրտս ի վիճակի է
Քեզ իրեն, իրեն էլ քեզ հարմարել:
Ես և դու ոչինչ չգիտենք:
Ամենը սխալ եմ անում:
Դու չկաս ու ես եմ խենթ:
Նորից քեզ եմ հորինել ու ապրում եմ:
Եվ այս ամենն էլ իմը չէ, սուտ է:
Ասա ո՞նց անեմ. ստել չգիտեմ:
Բայց ողջն եմ ստել:
Ինքս ինձ նորից մոռացել
Ու օտար սերը իմն եմ դարձրել:
Գիտեմ, չկաս դու,
Կամ էլ հեռվում ես:
Այնքան հեռու,
Որ մոտենալ քեզ
Դեռ չեմ կարողանում:
Քո գոյության ամեն ապացույց
Ինձ կարող է փրկել այս սիրուց:
Որ ամենևին ինձ չի պատկանում,
Բայց ինձ պատկանող
Ողջ կյանքս է վատնում
Ու ես եմ պարտվում:


©Թերեզա
22.03.2007թ.

четверг, 6 декабря 2012 г.

Անթև Թևավորը



Տվեք ինձ իմ թևերը`
Այստեղ մնալ ես չեմ կարող
Թողեք գնամ, հեռուները
Պիտի փարեմ անամպ սիրով:
Տվեցեք ետ իմ թևերը,
Առանց նրանց ես սողում եմ:
Էլ չգիտեմ.. միայն այս սրտերը
Ինձ բաց չեն թողնում
Չեն թողնում ապրել:
Գիտեմ, գիտեմ`
Ես եմ դրանք ձեզ նվիրել:
Բայց չեմ էլ հիշում`
Ինչպես եմ ես ձեզանից խռովել:
Ու հիմա էլ այս մշուշում
Ամբողջությունս եմ կորցրել:
Հեռացել եմ առանց թևեր,
Ու իմ սիրո մասնիկներն են
Ձեզ իմ մասին հիշացրել:
Տվեցեք ինձ իմ թևերը:
Միևնույն է ես այն չեմ ու չեմ եղել:


©Թերեզա
04.02.2007թ.

Թափանցիկ նամակ


Սիրելի քամի
Դու իմ փոխարեն,
Համբուրիր նրան
Ու նրան փարվիր
Ամուր, քնքշորեն:
Եվ այնպես արա,
Որ նա հասկանա`
Դա ես եմ:
Շշնջա նրան
Իմ սիրո մասին,
Իմ անձի մասին
Շշնջա նրան,
Բայց թող չիմանա
Արտաքնիցս ոչինչ:
Ու պատկերացնի
Իմ սիրո մասին,
Եվ իմ աչքերը,
Եվ իմ շուրթերը
Ու ամենն էլ
Թող պատկերացնի:
Եվ կհասկանա,
Թե իրականում
Ինչպիսինն եմ:
Ու կգտնի ինձ:
Այ հենց դրանից
Պարզ կլինի
Թե որքան կարող է
Սերս հասկանալ..
Ես էլ եմ այդպես`
Իմ սիրո նման:

©Թերեզա
10.10.2006թ.