.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

понедельник, 15 апреля 2013 г.

Անհաշվելի


Դու չես վախենում ինձ կորցնելուց, 
Իսկ ես ցավում եմ քեզ չունենալուց: 
Դու ինձ ընդհատ երբեմն սիրում ես, 
Իսկ ես անընդհատ կարոտում եմ քեզ: 
Քո գիշերները լուռ են ու հանդարտ, 
Իսկ իմ երկինքը թաց է ու գունատ: 
Դու ինձ,մերկացրած քո ափերի մեջ, 
Ծածկում ես սառած եղանակներով, 
Իսկ ես`գունավոր անդարձելի վերջ, 
Քեզ եմ որոնում որպես սկիզբ մի նոր: 
Ցանկա, սիրելի՛ս, կրկին ունենալ 
Այն, ինչը բնավ քեզ համար թանկ չէ, 
Ինչպես որ մի նոր խաղալիք մանկան, 
Որ անզգուշորեն դու նորից կոտրես: 
Ես քեզ չգտած`
Արդեն կորցրի:
Դու ինձ չունեցած`
Չորոնեցիր: 



©Թերեզա 
20.01.2012թ. 
2013թ.

Չմոռանալ...


Կվառեմ փողոցներին ուշաթափված 
Անկրակ արևներից զուրկ ու սառած 
Կիսամերկ ներկայիս անկենդանությունը: 
Երեկ ու այսօր էլ էր նույն դառնությունը: 
Բնավ աշունը չէ պատճառն իմ սրտխառնոցի, 
Պարզապես կորցրածս երազներից 
Օղակել եմ ինքս իմ պարանոցին 
Մի անգույն շիկացած թախիծ: 
Իմ ամենամեծ երջանկությունը` 
Թևանցուկ է քայլում իմ խենթության հետ: 
Երբեմն էլ կյանքը սողալով անցնում է` 
Սրբելով կարոտի թափված հետքերն անհեթեթ: 
Իմ կապուտաչյա աստղագուշակ 
Թույլ մի տուր երկնագույն թախիծն այս վառել` 
Դարձնել իմ հոգու ամպամած, անկյանք 
Ստվերացած կիսամութ մասնիկներ: 

Ժամանակն անկանգառ սլանում է. 
Սրտի զարկերն արագանում են 
Ու քո չապրած վայրկյաններն 
Անձայն հաշվարկում են. 
Այդ կիսախավար մայրամունտները: 
Պետք չէ մոռանալ ապրել օրերը: 


©Թերեզա 
20.09.2011թ 
14.01.2012թ

суббота, 13 апреля 2013 г.

Սեւացած կտավ



Ծխելը թողնել ցանկացա մի օր, 
Երբ սենյակում մենակ մնացի: 
Երբ դու` թևերդ թափ տալով, 
Առանց շրջվելու` անհետ գնացիր: 


Եվ սառն ու օտար այդ պատերի մեջ 
Իմ իսկ բերանից դուրս ելած ծուխը` 
Ինձ այդ վայրկյանից իրենով արեց, 
Ու մնաց միայն սուտ մառախուղը: 


Այդ ժամ ատեցի և այս մաքրությունը, 
Որ խառնում էիր դու լուռ իմ հետքերին, 
Ու մեր ստվերներն իրենց մերկությունը` 
Միասին ապրած անցյալով ծածկում էին: 


Հիմա կա միայն այն սովորությունը, 
Որ երեկոյան կոկորդս է կրծում: 
Ես քեզ ներեցի քո հեռացումը, 
Իսկ դու մնացիր այդ ծխամուրճում: 


©Թերեզա 
12/13.01.2012թ.

Թույլ տուր



Թույլ տուր ինքս ինձ նորից ճանաչել: 
Լսել ձայնը սրտիս ու հասկանալ, 
Նրա կողքին անզուսպ սիրով լուռ շնչել՝ 
Չկարոտել, չկորցնել, չուրանալ: 


Անմարմին տրամադրության հետքով 
Եղանակ դարձած հոգիս տարածել, 
Քո անձրևը գրկել անամպ տաք թևքով 
Ու կարոտս այսօր նորից կուրացնել: 


Թույլ տուր դառնալ առավել խելառ 
Լինել նորից արբած, ուրախ ու խենթ, 
Որ իմ անձը լինի անվախ ու համառ, 
Ու որ նորից մենք ամբոխում հանդիպենք: 


Թույլ տուր լինել աչերիդ սիրահար 
Քեզ պահպանեմ մոտ իմ այտերին: 
Ես քեզ սիրեմ ու դու մնաս ինձ համար 
Առաջվա պես հարազատ ու անթերի: 


Թույլ տուր սիրուց արբել ու դառնալ 
Այն` ինչ կյանքը էլ երբեք չի կոտրի: 
Հավերժ մնալ քամիներում խելագար 
Հավերժ լինել քո ափերին մտերիմ: 


©Թերեզա 
05.11.2012թ.

пятница, 12 апреля 2013 г.

Անձրևանոց


Ես սրբում եմ իմ այտերին` 
Քո շպրտած արցունքները:
Իմ ոտքերին ուշաթափված` 
Քո կորցրած բարձունքները: 
Ես կոտրում եմ քո`ինձ տված 
Ամենասուտ խոստումները, 
Իմ երազած կարմրակապույտ 
Ու անթախիծ լուրթ օրերը: 
Ես վառում եմ ամենամութ , 
Ամենամոտ գիշերները: 
Քո ինձ թողած ամենախորթ, 
Ամենացուրտ արևները: 
Ստվերանում է իմ աչքերում 
Քո հարազատ տաք պատկերը` 
Իմ ետևից թավալ տալով 
Քո հանցավոր համբույրները, 
Քո անցավոր դիմակները: 
Սովորույթից շպրտելով 
Իմ միշտ ներկա ներումները: 


©Թերեզա 
11.12.2011թ.

Երանի

Երանի ձյուն գա ու սրբի 
Քո ոտնահետքերն իմ երազներից. 
Դու մարմանվորեցիր իմ պարզությունը 
Ու քո ոտքերով այն տրորեցիր. 
Իմ անօթևան մրսածությունը: 
Դու ամենաուժեղ կապով շղթայեցիր ինձ, 
Ու նույն պարանով էլ փոսը նետեցիր: 
Զարմանալի էլ ոչինչ չկա, ոչինչ. 
Դու ինքդ քեզ զարմացար մի քիչ, 
Ու շարունակեցիր հող լցնել վրաս: 
Ես քեզ ներեցի: 
Ու դու դեռ այստեղ կաս` 
Երեկ և այսօր: 
Ինչ արած` ես էլ այդպես եմ ապրում` 
Ներել-մերելով: 
Եվ գուցե ես ինքս եմ պատճառներ կարգում 
Քո անցաթղթում, 
Որ ամեն անգամ օգտագործում ես: 
Ես եմ մեղավոր` դու մեղավոր չես: 
Երանի ես էլ հասկանայի մի օր, 
Որ էլ չեմ կարող, 
Իրոք չեմ կարող` 
Անվերջ ստորացնել սերը, 
Որն արժանի է միայն փառքերի: 

Ներիր: 
Այսօր էլ` հենց այսօր, 
Երբ ձյունն այս արդեն եկել է. 
Այսօր էլ դու ներել ինձ փորձիր` 
Իմ աններելի: 

©Թերեզա 
08.12.11թ. 
11.12.11թ.

Ոտաբոբիկ

Կորցրել եմ կոշիկներս, 
Հիմա բոբիկ եմ, անտուն: 
Իմ անցյալն էլ չունի հետս` 
Չի հիշում, չի կարոտում: 
Ես ինձնից բան չհասկացա, 
Ինքս ինձ եմ մոռացել: 
Իմ «Անձ»-ն ու «Ես»-ն օտարացան. 
Միայն «Ինքն» է մնացել: 
Առանց անցյալ, առանց ներկա` 
Ինքն իր գլխին, անհայրենիք: 
Մնացածից ոչինչ չկա՝ 
Ո'չ սեր, ո'չ ցավ, ո'չ մարող կիրք: 
Միայն մի քիչ անձրև որ գար... 
Կարոտել եմ արցունքներիդ:

©Թերեզա
14.11.2011թ.
2013թ.

четверг, 11 апреля 2013 г.

Գոյություն


Քո բացական իմ ներկայում 
Աներևույթ թացություն է նկարում: 
Ես ապրում եմ, ատում, սիրում, 
Բայց սրտիս թացը չի չորանում: 
Ես խնդում եմ, ժպտում, տխրում, 
Բայց քո բացական էլ ոչնչով չի լրանում: 
Տարբեր Եսեր եմ իմ հոգուն ներկայացնում, 
Որ քո մասունքներից պոկեմ նրանցից, 
Բայց նրանց ներկան ավելի է ինձ ցավեցնում. 
Քո օտարությունն եմ զգում նորից: 
Ես արբեցնում եմ ու թմրեցնում 
Իմ մարմինն ու իմ մտքերը, 
Բայց այս կարոտը սիրտս է խոցում 
Ու իսպառ ջնջում քո սիրո հետքերը: 
Ես ապրում եմ կամ էլ ապրեցնում 
Այն ինչ եղել է.. 
Սակայն քո ներկան եմ անվերջ ցանկանում, 
Որ լրացվեն այս բացակաները: 


©Թերեզա 
27.10.2010թ.

Արցունքներում



Լաց չլինես, 
Որովհետև քո աչքերում եմ թաքնվել 
Ու կարող ես ինձ կորցնել: 
Քո աչքերում ու քո սրտում 
Միայն ես եմ կարող ապրել: 


Քո այտերին համբույրներով 
Թաց ու խոնավ, տաք ու բարի, 
Թե լաց լինես իմ այս սիրով 
Էությունս կհայտնվի: 


Ու դու կզգաս նրան ու ինձ 
Գեթ մեկ վայրկյան. 
Երբ լաց լինես կթափես քո աչքերից 
Մի փոքրիկ մասն իմ էության: 


Բայց չէ որ դու լաց լինելուց վախենում ես, 
Կորուստներին էլ դիմանալ էլ չես կարող: 
Թե այսօր էլ կրկին այդպես ապրես 
Կկորցնես ինձ էլ մի օր: 


Բայց և այնպես քո աչքերում թաքնվել եմ` 
Գիտակցելով, աստղերի պես այս երկնքի, 
Երբ անձրևին դեռ երկնում են` 
Որ կարող եմ ցած ընկնել ու փարվել քո ոտքերին: 


Գիտակցում եմ, բայց աչքերիդ խորքերում եմ 
Գիտակցաբար: 
Իսկ դու էլ իմ աչքերում ... հավանաբար: 


©Թերեզա
17.03.2006թ. 
(30.10.2011)

Գունավոր Կարոտ





Մեր անձրևները միմյանց գրկեցին 
Ու իմ կաթիլը քո այտին ընկավ: 
Գլորվեց ներքև, ու համբուրվեցին 
Գիժ անցյալս ու գունավոր ներկադ: 

Լուռ կարոտս շշնջացի 
Խոնավացած քո շուրթերին 
Ու կիսաձայն սիրտս բացի՝ 
Ուշաթափված քո ափերին: 

Դու իմ արևն ինձ տվեցիր 
Կիսաայրված քո ձեռքերով: 
Ու ես թաքուն տարածեցի 
Իմ աշունը քո երկնքով: 

Իմ աչքերը հանկարծ լացին, 
Ու արտասվեց սիրտս մոլոր: 
Միամտաբար ցավդ զգացի, 
Երբ անձրևեց հոգիս տկլոր: 

Ես իմ ներկան արդեն կորցրի 
Կարոտ դարձած քո հետքերով: 
Իմ աշունը քեզ տվեցի, 
Իսկ դու անցար կույր քայլերով: 

©Թերեզա 
13.10.2011թ.

среда, 10 апреля 2013 г.

Կարոտել եմ խենթ թռիչքներս...





Ուզում եմ սիրուց խենթանալ մի քիչ...
Չէ որ առանց սեր աշունս այն չէ.
Մի տեսակ արևոտ է ու անթախիծ,
Իսկ ես ուզում եմ անձրևից թրջվել:


Ուզում եմ լինել թևավոր մի սեր,
Ու գալ անձայն քո դուռը թակել:
Դու էլ վերստին կարող ես լռել,
Քո սիրտը կրկին իմ առջև փակել:


...Արևս կախվել է ուզում քո տիեզերքից,
Քո երկինքն է ուզում ջերմացնել:
Ուզում եմ լինել կարոտած թախիծ
Ու քո մտքերում ազատ թևածել:


Սիրտս ուզում է սիրտդ համբուրել,
Աչքերումս քո կերպարն արարել
Ստվերս ուզում է լույսդ պարուրել,
Ու քո ափերում կյանքս նկարել:


Ուզում եմ սիրուց այսօր խենթանալ.
Ապրեցնել լքված տան պատերի տակ
Իմ կորցրած սևաներկ կտավ
Քեզանում պահված գունավոր մի կյանք:


©Թերեզա
29.09.2011թ. 11:37

Մոռացություն


Ես ուրացա ինքս իմ անձը, քո ետևից շատ շտապեցի, շուտ դուրս եկա ու վազեցի: Հասել եմ քեզ, բայց դեռ չկա օրվա կեսը: Դու չես սպասում ինձ այդ ժամին, դու հեռու ես: Անթարթ քո հայացքից պոկեցի ինձ ու զբոսնեցի առանց քեզ`իմ քամու հետ, իմ ցավի հետ, իմ մոլորակում: Քեզ չեմ տեսել այնքան վաղուց, որ սիրտս էլ չի խոսում, նա իրար է խառնել սեր և ատելություն, նա ցավում է ու լաց լինում: Կորցրել է իր տեսողությունը, կորցրել է մարմինը իր ու տրորվել: Քաղցած ստրուկից մնացել է մի փոքրիկ կաթիլ` անհարթ մայթերից մեկին, քարացած ճամփին, մահացած կյանքի հետնախորշերում:
Պարզվում է նա պատմել է տարօրինակ մի պատմություն. Քո ականջին դեռ չի հասել սրտիդ խոսքը, իսկ դու արդեն ժպտում ես ու շոյում ուսերիդ ընկած գլխիս փոշեհատիկը, որ պատահաբար եմ մոռացել:
Սրտխառնոցից առաջացած փսխած ցավը ստրուկ էր դարձրել կյանքն իմ ու կուլ գնացել ստամոքսովս:
Քեզ չեմ ստիպի հիշել ինձ: Իսկ ես սակայն այսօրվա արևածագից ժամեր անց կխավարեմ քո լուսամուտին, որ քո թաց պատուհանին չնկատես արցունքն իմ, որը ցած սահելիս հավանաբար կթողնեմ վարագույրիդ հետևում: Իսկ պատուհանից այն կողմ թոշնած ծաղիկներդ էլ ներսից դեռ ժպտում են ինձ ու թաքուն, մեղմ կանչում ջրամանում կարոտս թաղելու համար, որ իրենց ցողերին անհասանելի ջուրը հասցնեմ:
Նրանք քո պես են. Ցանկանում են ինձ իրենցով անել ու հագենալ: Բայց չգիտեն, որ դրանից ես կարող եմ անվերադարձ անէանալ ու չլինել իրականում… ինչպես հիմա:

©Թերեզա
23.03.2009թ.

Ստախոս..



Ստախոսության վերջին աստիճաններից 
Ցած կգլորվես. 
Ինքդ քեզ կփորձես նորից 
Չվիրավորել: 
Իսկ ես.. 
Ես չկամ քո այդ հարկերում: 
Բայց ամենավերում` 
Ստախոսելու քո սովորության 
Ամենավերում, 
Նստած կլինեմ` 
Անսիրտ ու անսեր: 
Կծխեմ սուտդ նուրբ ծխախոտից, 
Ու այդ մռայլում չես ճանաչի ինձ: 
Բայց հոգուդ խորքում 
Լուռ կգիտակցես, 
Որ ես եմ, 
Որ այդ վերևներում 
Միայն կարող եմ ես լինել: 
Կնայես անգիտակցաբար 
Իմ աչքերի մեջ: 
Ու այդ հայացքով քո պատահաբար, 
Աչքերումս սուտ սերդ կտեսնես: 
-Գուց՞ե այն վերցնես, 
-Գուց՞ե` չգնաս... 
Ինձ պետք չէ, որ չպարտվես 
Ու հանկարծ մնաս: 
Պետք է, որ սուտդ համբույրովս զգաս, 
Դառնանա շուրթդ, 
Ցավի ու ողբաս, 
Որ է'լ չես զգում ինձ, 
Որ է'լ չես շնչում 
Իմ համբույրներից 
Ոչ մի մաքրություն... 
Ստախոսության վերջին աստիճաններից 
Ինքդ կցատկես, 
Որ ներքևներից 
Ճշտով վեր ելնես.. 
Բայց ես... 
Ես չկամ, 
Չկան համբույրներ: 
Իմ սերը անգամ 
Հեռվում է, հեռու է իմ սեր: 
Այնքան հեռու է, 
Որ չտեսնես այն: 
Հարկերում քո ստախոսության 
Մի լռություն է, դատարկություն է, 
Անարժեք, անիրական 
Քո կյանքն է.. 
Ու ես նրանցում չկամ: 


©Թերեզա 
30.05.2007թ.