.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

среда, 29 мая 2013 г.

Անմահություն


Եվ վերջապես կհասկանամ, որ կա սերը: 
Որ թևերս էլ խոնավ չեն,
Ու ես կարող եմ թռչել:
Իմ սրտի մեջ կմոխրանան անցյալները,
Հավատներս կթևածեն,
Կդադարի անձրևն էլ:


Կմիանան կամուրջի զույգ ափերը,
Միագույնը կդառնա ստվեր,
Կլուսանան մութ մայթերը,
Լուռ ու անձայն կհամբուրվեն:


Իմ այգում միայն կարմիր վարդեր են:
Ալ կարմիր երազ, գունավոր գարուն:
Մոռացված ստվերդ վաղուց արդեն էլ
Ինձ իր կարոտը չի էլ հիշեցնում:


Անձրևից հետո միշտ ծիածան է:
Անգամ թե մի պահ չզգաս արևը,
Ու չծնվեն սեր-թիթեռները:
Վերջակետն հաճախ մեկ կետ դարձած է
Ավարտին հասցնում քո կարոտները,
Ու չի մոռանում ստորակետերը: 


Եվ վերջապես կհասկանամ, որ կա սերը: 
Այն ինչ ունեմ, այսօր կարոտ չէ,
Աչքերս բացված էլ արցունքոտ չեն:
Ու կգոյանան ծով երազները:
Իմ հոգում անսպառ նրանք կհալչեն,
Կդառնան միշտ սեր, որոնք մահ չունեն:


©Թերեզա
09.07.2012թ.

пятница, 10 мая 2013 г.

Գեղեցկադեմ երջանկություն..


                 Իմ ուսապարկում կուտակված թախիծը գողացար առանց աչքերդ անգամ թարթելու: Ես տեսա քո շողքը` ստվերի ետևից վազելիս ու անհագ ժպտացի: Կարծես ծանոթ դիմագծեր շոշափեցին իմ երեսն ու համբուրեցին ուրախությունից դողացող շուրթերս: Քեզ կուլ տվեցին օրերից պոկված երազանքներս ու դասավորեցին թիկունքիս ետևում: Իմ ժամանակը դանդաղում է առանց քո գոյության ներկայության, իսկ երբ հանկարծ միամիտ հայտնվում ես`սլանում է այնքան արագ` կարծես ոչինչ չի հասցնում: Ես քայլում եմ, դու` իմ հետևից, ես վազում եմ, դու թռչում ես իմ երկնքում, ես կանգ եմ առնում մի կում սառը ջուր խմելու համար, իսկ դու շնչում ես` ականջներիս ետևում պատսպարված: Երբեմն ինձ ժպտում ես, իսկ հաճախ`ետևումս թաքնված ապրում:


©Թերեզա
13.06.2012թ.

четверг, 9 мая 2013 г.

Ուրվական


Որտեղի՞ց ես եկել դու՝ 
Այսքան մոտ ու այսքան օտար: 
Կարոտից կապտած քո մկաններում 
Իմ լացն ես թաքցրել, իմ ցավը տկար: 
Ես ապրեցրել եմ իմ երակներում 
Նրան՝ ով մնաց, այն՝ ինչը որ կար: 
Ու այժմ կյանքն առանց հիշողություն 
Դարձել է անարժեք նկար: 
Հիմա էլ թույլ՞ տամ իմ այտոսկրերին 
Դեմքիդ անձայն ժպիտ՞ արարեն: 
Թույլ տամ կարմրաթույր իմ շրթունքներին 
Քո շուրթերին համբույ՞ր պարուրեն: 
Բայց ես վախենում եմ այդ բառից՝ կորուստ: 
Ինչպե՞ս շրջանցել երբ նա ներսում է: 
Երբ նա դառնալով գունավոր մի սուտ 
Սիրտս փշերով իր դանդաղ մերսում է: 


©Թերեզա 
08.06.2011թ. 


Անցյալ..


Արևը երկու երես ունի. պարզվեց նորից: 
Երբ այրված են ամենասուրբ երազները, 
Ու երկինքդ գունավոր է նրանց իսկ այրումից, 
Եվ քեզ չի օգնում անգամ հոգուդ անձրևը: 
Նա ջերմանցում ու գուրգուրում է, 
Նա քեզ փարվում ու համբուրում է: 
Նա քո սրտում ու քո մարմնում 
Իրեն է անձայն, լուռ տեղավորում: 
Նա այն է, ինչ դու այսօր սիրում էս, 
Ու այն` ինչ կարող է քեզ կենդանացնել: 
Քո արյան մեջ դու նրան ունես, 
Եվ նա քեզ թաքուն իր ստվերն է դարձրել: 


Վառված, մոխրացած քո կերպարանքից 
Մնացել է միայն անգույն խենթություն: 
Թևավոր, անսանձ քո երազանքից` 
Մի փետուր ու շղթայված մի փուջ գոյություն: 
Անգամ կարոտդ է փոշիացել անգիտակից, 
Ու դարձել` երակներդ ծակծկող հիշողություն: 
Դու կանգնած ես ոտաբաց, կարեկից, 
Ոտքերիդ տակ ուշաթափված անձրևոտ գարուն: 
Երեկ ու այսօր կորցրել ես նորից` 
Քեզ համբուրող ձեռքերն այդ անձրևներում: 
Ամեն բան դարձել է սառնասիրտ թախիծ, 
Նա իր ձեռքերն է լվանում քո արցունքներում: 
Ցավալին այն է, որ ինքդ քեզ այդ օրվանից 
Ամենևին էլ ներել չես կարողանում: 


Արևն այդ երկու երես ունի, 
Բայց երկինքն էլ չի մոռանում, 
Որ արևը երկերեսանի, 
Միևնույն է`ամեն իրիկուն մայր է մտնելու: 


©Թերեզա 
01.05.2012թ.

среда, 8 мая 2013 г.

Բազմակետեր…



Շիկացած երազ, 
Որ գրկել ես այսքան ջերմորեն իմ կարոտը՝ 
Սրտիս զարկերին ավելացնելով սպիացած այրվածք: 
Նա մի փոքրիկ ճմրթված պաստառ, 
Իմ հիշողության էջանիշի տեղ 
Մարմնավորում էր իմ ցանկությունը: 
Հիմա էլ չկա ընթերցում: 
Եվ օտարալեզու այս գրականությունը 
Մի կողմ եմ նետում 
Ու ապրում անլեզու ցանցում: 
Ինձ համար փնտրում եմ մի նոր վառարան 
Եվ այրում եմ կարոտիս թերթերը, 
Մոխրացնում եմ կապտած ներկան 
Եվ կարկատում անցյալիս անցքերը: 


©Թերեզա 
06.06.2011թ.

вторник, 7 мая 2013 г.

Իսկ եթ՞ե հանկարծ..



Իսկ եթե՞ հանկարծ ես քեզ կարոտեմ, 
Ու դողա սիրտս ոչ քո ափերում: 
Իմ արցունքներն էլ քեզ չգտնեն, 
Շուրթերս ապրեն օտար համբույրներում: 


Օրերդ իմ ներկաններում էլ չերևան, 
Այլ դառնան հուշերն էլ անցյալների: 
Ինչպես երեկ, այսօր էլ` քո ապագան 
Իմն այլևս երբեք չի լինի: 


Ւսկ եթե՞ շունչս ինձ չհերիքի, 
Ու ես ուշաթափ քո ստվերի գրկում 
Մոռանամ կյանքս` թողած քո կողքին` 
Մնամ չորացած ներկապնակում: 


Իսկ եթե՞ հանկարծ անձրև գա սրտիս, 
Ու ես ոտաբաց, անանձրևանոց, 
Խեղդեմ սառած համբույրը շուրթիս` 
Նորից կարոտս դարձնելով թիկնոց: 



Եթե հանկարծ աշունն ինձ նորից չների 
Սրտիս բաց թողած գարունն այս ծարավ.. 
Ես նորից դարձած մի ստվեր անցյալի` 
Կրկին լինեմ միայն շնչահեղձ մի ցավ: 


Իսկ եթե՞ հանկարծ քեզ հետևելով 
Վայրկյաններ հետո չունենամ ոչինչ, 
Ու բազմակետեր արագ թափ տալով` 
Շաղ տամ միամիտ նաև ինքս ինձ` 
Քո ցեխոտված ոտնահետքերով` 
Դառնալով անսանձ, անարժեք ու պիղծ: 


Իսկ եթե՞ հանկարծ… 


..Այդպես էլ կա հենց իրականում. 
Քո ներկային գրկախառնված 
Այլ կյանք է ապրում: 
Ու իմ եսը` անցյալից եկած, 
Միայն քո կարոտն է անձայն գուրգուրում: 


©Թերեզա 
28.01.2012թ.