.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

воскресенье, 26 января 2014 г.

Մոխրագույն գազան



Սահում է գիշերն այս երկարակյաց։
Ծորում է նվազ, առաստաղից ցած։
Հալվում, համբուրում ձյուները սառած։
Թաքնվում իմ մեջ ցավից մոխրացած։

Գլորվում է նա ուսերիցս վար՝
Տանելով իր հետ խոհերս տկար,
Շիկնելով կրծքիս, խառնելով իրար
Մտքերս անսեռ, հուշերս խավար։

Արբենում է լուռ, ափերիս թիկնում,
Մի պահ գրկում մատներս աննկուն,
Սառեցնում նրանց՝ շոյելով թաքուն
Կարոտից պոկված խոհերս անքուն։

Տանում է իր հետ գիշերը արբած
Իմ կարոտախառ օրերս թմրած։
Երանի գտնվեն՝ իրար կորցրած
Իմ գիշերն ու քո լուսաբացը թաց։

Երանի մի օր համբուրեն իրար
Իմ երազներն ու քո այգաբացը վառ։
Այս գիշերն էլ լուռ՝ կախվելով անլար,
Էլ ինձ չգտնի մենակ ու տկար։

...Սահում է գիշերն, ուսերիս թիկնում,
Ստվերս կորցրած՝ ինձ է կարկատում։

©Թերեզա
11(12).12.2013թ.

пятница, 24 января 2014 г.

Շշուկով սիրել



Սիրում եմ քեզ հետ շշուկով խոսել։
Մասնատել վայրկյանը անթիվ օրերի։
Սիրում եմ սրտիդ մեջ արև ակոսել,
Կյանքն արձանագրել քո ականջներին։

Սիրում եմ ձյունը քո մաքրեմաքուր,
Երբ սպիտակամաշկ սիրտդ եմ շոյում։
Սիրում եմ խորունկ արբանքը հոգուդ՝
Մատնահետքերովդ երբ ինձ ես կերտում։

Սիրում եմ անչար մտքերդ լուսե,
Երբ իմ էությամբ կյանք ես արարում։
Սիրում եմ կյանքն այդ, որտեղ սավանե
Իմ երազներն ես մեկ առ մեկ հյուսում։

Սիրում եմ քեզ հետ անձայն երազել։
Երազներն այդ լուռ իրար են ձուլվում։
Սիրում եմ քեզնով կյանքը այս սիրել,
Ու քեզանով եմ սիրել սովորում։

Սիրում եմ սիրել շնչառությունդ,
Երբ բաշխվում ենք կույր գիշերների։
Սիրում եմ հսկել ողջ գիշեր քունդ,
Երբ գգվում եմ լուռ քո երազներին։

Սիրում եմ հավերժ քո ներկայությունը
Սառած ու կարմրած իմ շրթունքներին։
Միայն չեմ սիրում հեռավորությունը,
Որ մասնատում է օրը անգութ դարերի։

©Թերեզա
10(11).12.2013թ.

четверг, 23 января 2014 г.

Ինքնադրժում



Ճակատագիր իմ, դու ծաղրում ես ինձ։
Խամաճիկի պես կյանքս ես խաղացնում։
Այն ինչ կարծել եմ ստորադաս կեղծիք,
Հիմա նույնով եմ մարմինս ծածկում։

Կյանքիս նախորդում մերժում էի ես այն,
Ինչ փախուստն էր հոր ու լացը մանկան։
Հիմա դարձրել եմ ինքս ինձ վարակ,
Հիմա ես ինձ եմ ժխտում անճարակ։

Կյանքիս հաջորդում սիրում եմ հորը,
Ու արդարացնում մեղքը եվայի։
Թե ճակատագիրն է իմ անձը կերտողը,
Ուրեմն կորցրել եմ փառքն ապագայի։

Սարդոստայնում եմ, բայց ոչ անհավատ։
Կհյուսեմ այսօր բախտն իմ անավարտ։
Թե կյանքը չուզեր բախտակցել մեզ,
Էլ ինչո՞ւ հազար կարոտից սիրտս ընտրել է քեզ։

©Թերեզա
30.11.2013թ.

понедельник, 20 января 2014 г.

Ծաղրանկար




          Երբ թիկնել է պատուհանագոգիդ երջանկությունը : Նա քեզ ժպտացել է ու այտոսկրերդ սեղմել ծիծաղով:
          Մի պատմություն է պատմել ականջումդ հենված: Իբր դու մի ժամանակ մի տղա էիր, ով ունի քույրեր, մայր, ու հայր, ով իրենց թողել է օտարության մեջ ու կորել: Ու դու, որպես տան տղամարդ, ով չկա դեռևս տասնվեց տարեկան, ապրուստի միջոց ես փնտրում, աշխատում անհասկանալի, ու տարրաբնույթ աշխատանքներում: Մի օր էլ ետ ես գալիս քո հայրենի տունն ու այնտեղ աշխատում: Հետո էլ սիրահարվում ես ու ամուսնանում:
          Երջանկությունն այդ մի օր արբում է, և քեզ պատմում մի ուրիշ պատմություն: Իբր դու աղջիկ ես, ունես քույր, եղբայր, մայր ու հայր, ով թողել է ձեզ ու կորել: Օրերից մի օր դու հանդիպում ես քեզ: Ու այն ինչ առաջ ունեիր, թվում է անկենդան և ունայն: Քո խենթությունները քեզ հետապնդում էին ու գժվեցնում մահվան աստիճան: Բայց այդ հանդիպումը փրկում է քեզ քեզանով:
          Երբ մի ամպամած գիշեր երջանկությունը թիկնում է ականջիդ ու սկսում իր պատմությունները, դու կորցնում ես քեզ, իսկ երբ մի օր նա վերջապես ավարտում է իր հորինած ծաղրանկարը, դու քեզ ես գտնում պատուհանիդ տակ` քո քունը հսկելիս:


©Թերեզա
29.11.2013

вторник, 14 января 2014 г.

Խռովք


Խռոված սիրտս չի ուզում զարկել,
Թղթերի վրա մատներով զարկվել:
Հոգուս արևը մրսում է ինքն էլ,
Ու չի խոնարհվում, չի կարող ծնկվել:

Աշունս` ինքն էլ համբույրից շիկնել,
Այտերս անփույթ սառնությամբ գրկել:
Չի ուզում լինել մայթերիդ ընկեր.
Ինքն էլ է խռով. թացից է հոգնել:

Անցյալս է ամպել, ուսերիս թիկնել,
Թախիծն է սիրտս անխռով մտել,
Նեղացած հոգիս հոգնել է ինքն էլ.
Չի կարողանում առանց սեր երկնել:

©Թերեզա 
24.11.2013թ.



суббота, 11 января 2014 г.

Սպասում




             Մինչ եր՞բ պիտի առաստաղիցս ջուր կաթի ուղիղ անկողնուս մեջ: Ես այսօր էլ փոխեցի սպիտակեղենն ու դուրս եկա զբոսանքի: Դրսում ամենևին անձրև չէ, բայց իմ առաստաղից դեռ կաթում է նարնջագույն լուսաբացից մնացած ստվերը: Նա ծորում է անկողնուցս մինչ խոհանոց. այնտեղ արդեն մի մեծ լիճ է գոյացել` շուտով օվկիանոս դառնալու անսպառ միտումով: Կտուրում հավքերն են կուտ ուտում` ծակծկելով մայրամուտն իմ երազի: Նրանք այնտեղ բույն են շինել, ամեն անգամ այգաբացին իմ մոտից հեռացող երազների կոտրտված շիվերից: Ես մնացել եմ մեն մենակ` կարկատած հեքիաթիս հետ ու գունաթափ տանիքս ներկելով: Վրձիններս չորացել են պահարանիցս կախված ժպիտների լռությունից, ու արդեն քառորդ դար է նույն դատարկ ներկապնակի մեջ եմ թաթախում մենությունս: Ինձ գույներ են հարկավոր` առաստաղիս մեծ անցքում արև նկարելու համար:
             Այս տանը միայն արևն է պակասում: Միայն մի արև, արև, որ մնացած ամբողջը փոխարինում է:


©Թերեզա
19.11.2013թ.

суббота, 4 января 2014 г.

Իզո~ւր


Մոտեցավ ինձ իրիկնաժամ:
Մենությունից կծկված դահիճ,
Էլ ին՞չ ունես դու ինձ համար,
Երբ խորշում ես ինքդ քեզնից:

Միթե՞ այնքան տկար եղար,
Որ բաշխվեցիր ամբոխներին:
Նրանք քեզնից հենց քեզ տարան,
Դու մնացիր վախին գերի:

Այն ինչ չուներ հոգին մոլոր,
Նրանց համար դարձավ մի սուր:
Որով հենց քեզ դարձրեց տկլոր,
Բայց և հենց քեզ խոցեց, իզո~ւր:

©Թերեզա 
15.11.2013թ.

среда, 1 января 2014 г.

Գտնվեցի




Գտել եմ հոգիս, աչք ու մատներս էլ,
Քո գոյությունն եմ գտել իմ ներսում.
Թիթեռներ դարձած փութ երազներս էլ,
Իմ ինքնությունն էլ քո երազներում:

Գտել եմ գարունն իմ արևների,
Բյուր աստղերն եմ գտել երկնքիս,
Իմատնությունն եմ գտել բառերի,
Որ համբարձվել են անցյալներիցս:

Կորցրած եսս փարվել է մարմնիս,
Ստվերս նորից իմ ետևում է:
Մինչ առջևից վազ տալով հոգիս
Ինքն էլ ինձ կորցրած կրկին գտել է:


©Թերեզա 
15.11.2013թ.