.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

воскресенье, 14 февраля 2016 г.

Ծառերը ծաղկում են իրիկնամուտին



Ամեն իրիկուն ոտքերս ջուրն եմ դնում,
Որ ծառս պտուղ տա.
Արմատներս մամռակալել են,
հող են ուզում,
Ցասումս բացված թևերիցս լայն է,
Ո՞նց գրկեմ մենակով:
Երկու թև է պակասում,
Երկու թև, որ երբ իմ երկուսով թռչեմ,
Քո երկուսով բռնվեմ.. ընկնելուց:


Ամեն իրիկուն հաշվում եմ մենակությունս,
Թե որքան կար, ու որքան մնաց:
Մենակություն, որ լիքն է,
Բոլորի մեջ, բոլորիս շուրջ:
Պակասում է, զգում եմ թեթևացած:
Մնում է միայն դատարկությունը:
Մենակությունը մարդկանց պես է.
Երբ պակասում է, 
Դատարկվում է ներսում:

Ամեն իրիկուն դադարում եմ ձևացնել,
Որ օրերը երկար են, իսկ գիշերները`կարճ,
Որ դեռ կհասցնեմ չորս երեխա ունենալ,
Որ դեռ քսան եմ.. քսան, 
Ու ես հասկանում եմ,
Որքան արագ են թռչում իրիկունները բոլոր,
Իսկ թվում է կյանքը կանգնած է,
Ժամանակ դեռ կա..
Ժամանակ ապրելու համար:

Ամեն իրիկուն ոտքերս ջուրն եմ դնում,
Որ ծառս կանաչ մնա:
Տերևներս դեռ թարմ են:

©Թերեզա
29.12.2015
11.01.2016

Երբ կարոտը մանուշակագույն է


Ինչ-որ մի տեղ ծավալվել են
Արցունքները մեր կարոտի,
Այն կարոտի, որ ապրել է սովորեցնում:


Ինչ-որ մի լույս խավարել է,
Այն երկքում ուր անոթի
Մի ուրու է լուռ թափառում մթնածոցում:


Քեզանից զատ, ինձնից հեռու
Մի կիսատված կյանք է գծվում
Ավազեպատ ճամփաներին:


Դու կորցրեցիր վերջում իզուր,
Ու չգտար ոչինչ վերջում,
Քեզ մնաց միայն ծերությունը սին:


Բայց չես հանձնվում, ու չես էլ հաղթում,
Քո հարազատն՞ է, թե քո խորթը,
Նա ով կյանք է քեզ նվիրաբերում:


Քեզ մնացել է միայն աղոթել թաքուն,
Որ կորչի կարոտը, հենց այն կարոտը,
Որը մեզ ապրել էր սովորեցնում:



©Թերեզա
14.12.15
19.12.15