.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

воскресенье, 30 ноября 2014 г.

Թևաթափ


Պապ, երբ ես փոքր էի,
առնում էիր ինձ թևիդ տակ 
ու ման տալիս` ասելով, որ ես
քո ամենասիրելի թոռն եմ,
դու միշտ նրանց կողմից էիր,
ովքեր մենակ էին ու չսիրված.
չնայած ինձ սիրում էին, երևի։
Դու էլ երբ փոքր էիր,
Անտուն ես եղել ու որբացած:
Պապ, դու լցնում էիր իմ ու քո բաժակները,
թեև ես ընդամենը տասերեք տարեկան էի,
ու խմում էինք միասին.
չէ որ ես քո առաջին տղա թոռն էի:
Ծիծաղում էիր բեղերիդ տակից
ու ուրախանում իմ տղայական համարձակությամբ.
գիտեիր, որ ես երբեք չեմ կոտրվի:
Դու ատում էիր մարդկանց,
քանի որ նրանք խաբում էին,
դու ատում էիր ճակատագիրդ,
քանի որ նա նույնպես խաբել էր քեզ,
բայց դու սիրում էիր կյանքը,
հենց այդ վայրկյանը, որ ապրում էիր,
հենց այդ ակնթարթը, որ քոնն էր:
Սիրում էիր հողը, որ տալիս է այն,
ինչ ցանում էիր.
Հիմա դու հող ես ու քո շիրմին էլ
ծաղկել է գարունը:
Պապ, քո բացակայից իմ ներսում
ներկա ստացավ մի ուրիշ կարոտ էլ:
...........................................................
Խաղաղվիր պապ, չէ որ քեզ համար
ես շատ եմ աղոթել:

11.11.2014թ.
12.11.2014թ.
©Թերեզա

воскресенье, 23 ноября 2014 г.

Թափանցիկ


Կարկամած հոգիդ կարոտ է տենչում,
Երբ պատուհանից ես արևը սիրում,
Երբ քո մաշկագույն առավոտներում
Քո իսկ տարիքն է անխնա ծորում:

Ու մեղվաբույսի ծաղկաթերթերում
Էլ չկա քեզ համար լուսաբաց արթուն,
Դու քեզ ես փնտրում մայրամուտներում,
Բայց քո գարունքն է հոգնաբեկ լռում:

Վերջալույսին սթափվում ես, կանգնում:
Կարկատած ներկան անցյալդ է ծամում:
Իսկ դու ժպտում ես անզգա ու անտուն.
Քո իսկ լույսն է լուռ քամուց նվաղում:

Կորստի խոցից հոգին է ոռնում
Մարմինն է տնքում զղջումի ցավից:
Քեզանից միայն մի ստվեր է մնում,
Որ փոքր է անգամ քո մանրադրամից:

Կյանք, որ էլ քոնը չէ, քեզնից է գնում
Տարալուծվում է ավազե ժամին.
Լուռ դառնում է այն փշրված աշուն,
Ու թռչում է վեր խռոված հոգին:

21.10.2014թ.
24.10.2014թ.
Թերեզա

воскресенье, 16 ноября 2014 г.

ՄԱՅՐամուտին



Ուզում եմ ձուլել քո պաղ շուրթերին իմ գարունը,
Բայց կասես ինչպե°ս,
Երբ քեզ արդեն տիրում է միայն թաց ձյունը`
Սառը, անտարբեր, աներես.
Թափանցիկ սիրտդ, հոգիդ` հեռավոր:
Ներիր ինձ, խնդրում եմ,
Որ չեմ եկել, չեմ դարձել քեզ մոտ,
Ու դեռ կարոտից  դողում եմ:
Ես մի երդում եմ կորցրել,
Որ խոստացել էի.
Երդվել էի` մորս սիրտը չցավեր.
(Բայց ես ուժ չունեի: Անզորացել էի):
Այժմ այն արտասվում է`
Իր հոգում հիմա միայն թաց աշուն է:
Քեզ կորցրել էր անսեր քո երջանկությունը,
Թաքցրել էր կույր, մեղկ կարոտի տակ:
Ու մնացել է միայն քո թավշյա մաքրությունը
Անշիտակ հետքերում թողած` քո ծաղկունքից զատ:
Ուզում եմ ձոնել քեզ իմ աշունը.
Խելացնոր, փափկամազ, հարազատ:
Չէ որ սերը քո հավերժ արթուն է.
Քո սերն այնտեղ է, որտեղ սիրտն է տաք:

Տատիկիս
18.10.2014թ.
Թերեզա

пятница, 17 октября 2014 г.

Աշնանաբեկ



Իմ սրտում մի գարուն չմնաց,
Ու թևերս անձայն մոխրացան:
Ես իմ ստվերը վաղուց կորցրած.
Քո երկնից մի փութ լույս գողացա:

Իմ արևը սրտումս կծկվեց,
Ու խոհերս իսպառ վերացան:
Քեզանից ինձ մի կյանք փոխանցվեց.
Քեզանով ինքս ինձ ունեցա:

Իմ աշունը ինձնից խռովեց,
Քո արևը իմ մեջ մոռացավ:
Ինձանից մի գարուն փախցրեց.
Ու սրտումս նոր սիրտ ծխեցավ:

©Թերեզա
15.10.2014թ.


среда, 27 августа 2014 г.

Սելինա


 Դու եկար ինչպես գարունը
Մրսելուց հետո,
Եվ ինչպես արևը`
Լուսաբացին:
Եկար ղուտուտ տալու ստամոքսս,
Որ սովոր չէր քո պես ծիծաղի:
Քո ոտքերին ամպերի
Փետուրներն են,
Իսկ այտերիդ`
Փափկամազ արփին:
Լուսաշող, լուսերես:
Քեզ նկարեց ճակատագիրը
Այնքան նրբորեն,
Որքան մանուշակի
Թերթիկներն են:
Կարծես քեզանից առաջ,
Քո գալուց առաջ էր, որ
Աստված ստեղծեց մարդուն:
Ես զգում եմ քեզ
Ինչպես իմ մաշկագույնը,
Եվ սիրում եմ քո բույրը,
Ինչպես օդը, որ թոքերումս է:
Իմ հոգու արևին
Կցվեց ևս մեկ շող,
Որ վառ է մյուսներից,
Եվ նրանց նման թանկ:

©Թերեզա
03.05.2014թ.

вторник, 15 июля 2014 г.

Իմ անունն է... անանուն գարուն


Եվ իմ անունն է աններելի.
Երբ փխրուն հողս շնչում եմ շուրթերով,
Ու կարոտս եմ սեղմում կրծքավանդակում:

Իմ անունն է ցասում վայրենի,
Երբ երազներս երկնագույն
Վերափոխվում են ու գունաթափվում:

 Իմ անունն է ալ կարմիր արցունք,
Երբ հոգուս պատերին անգույն
Մանկան ճիչն է անմոռաց զարկվում:

Իմ անունն է ցեղասպանություն,
Երբ հին օրերն եմ ամեն օր նորում
Անմոռաց, ցավառատ վերապրում թաքուն:

..Երբ հողն ու երկինքը
Նույն ձմեռն է արցունքով այրում:
Դողում է ձյունը, սառում է միտքը.
Իմ անունն է... անանուն գարուն:


©Թերեզա
30.04.2014թ.
03.05.2014թ.
1915թ.-ին

пятница, 20 июня 2014 г.

Այդ գարուն էր



Այդ գարուն էր, որ հողս ծնեց
Ցորեններ կարմրագույն, անկենդան,
Մանուկներ` անարցունք,
Ծիրաններ` անկորիզ:
Այդ գարուն իմ երկինքն արտասվեց,
Մինչ օրս արցունքներն են որդան
Ուշաթափ իմ գրկում, թևանցուկ
Անկոտրուն երազիս:

Այդ գարուն կորցրեցի
Ծղոտե տունս պապերի,
Քունս գունավոր ու խաղաղ,
Ծիծաղներս` անցավ:
Այդ գարուն ինքս ինձ կորցրեցի,
Ու երբեք ոսոխին չեմ ների,
Որ իմ ստվերը դարձավ խելագար,
Ու կարոտս դարձավ հիշաչար:


©Թերեզա
28.04.2014թ.
1915թ.-ին

воскресенье, 15 июня 2014 г.

Սև Կակաչ



Իմ արյան մեջ բոսորագույն
Մի փշալար է բույն դրել.
Երբ ափերս պաղ մաշկագույն
Հիշողության ստվերն են գրկել:

Անփաղաքշոտ, խելակորույս,
Սրտումս, ծնունդիցս մի դար առաջ,
Բույն է դրել անարշալույս
Վարդի փշով մի սև կակաչ:

Իմ գլխաբացն ամեն գարուն
Սպիտակամաշկ խռովքի հետ,
Ձյունն է գրկում թաց կարմրագույն`
Թողնելով ինձ անսպի մի վերք:

©Թերեզա
28.04.2014թ.

1915թ.-ին

вторник, 10 июня 2014 г.

Տրտմություն


Տխուր է սիրտը, 
Երբ տարիներից տաքացած ափդ
Հանկարծ սառում է,
Երբ քո անկողնում
Այլևս թմրած
Միայն մի ծերություն է:
Երբ այտոսկրերդ ճաքած
Ժպտում են,
Իսկ սիրտն արտասվում է:
Երբ քո կյանքը հանկարծ
Կրճատվում
Ու մասնատվում է:
Տխուր է սիրտը,
Երբ անզորությունից
Դու դեռ մնում ես,
Բայց սիրտդ է անկյանք
Ճզմվում անխիղճ
Մահից աներես:
Տխուր է սիրտը,
Երբ հարյուր տարվա
Քո բախտակցից
Մնում է միայն
Անզոր կարոտը:
Երբ անզգուշորեն
Կյանքդ կորցնում
Ու դատարկվում է.
Տխուր է սիրտը:

©Թերեզա
28.03.2014թ.


вторник, 3 июня 2014 г.

Ծովի նման թաց



Նավատույցում երկու զույգ աչքեր
Արցունքոտվեցին:
Ճայը վեր թռավ, սավառնեց անթև.
Լուռ աղոթեցին:
Արդեն փոքր չէր աղջիկը գունատ,
Մեծացել էր:
Ծորում էր կյանքն աչքերից հատ-հատ.
Ծանրացել էր:
Պոկվում էր նրա կարճ շրջազգեստից
Պաղ  թախիծը:
Անբեկ կարոտը կախվել էր շուրթից,
Բանտել էր խիղճը:
Երկինքն էր միայն անկարոտ, անցավ.
Ժպտում էր վերից:
Մի վերջին  անգամ նայեցին իրար,
Գրկախառնվեցին:
Աղջիկը համբուրեց այտը արցունքոտ,
Անձայն արտասվեց:
Մայրը ժպտաց նրան կամացուկ,
Ճակատը համբուրեց:
Ափերում թողած անսպառ ափսոսանք`
Կանգնեց քարացած:
Մատները դանդաղ սահեցին անկյանք,
Շրջվեց, ժպտաց:
Նավահարթակին փաթաթված իրար
Երկու զույգ աչքեր`
Արցունքոտվեցին:
Տղան համբուրեց կիսաթաց պաղ
Աղջկա շուրթեր.
Լացին, ժպտացին:

©Թերեզա
26.03.2014թ.

понедельник, 26 мая 2014 г.

Ծաղկաթերթին




Ես հոգնել եմ հոգնելուց։
..Ու ծաղիկն է արտասվում
մի փութ ջուր լուռ խնդրելուց,
երբ արև-սեր է փնտրում։
Երբ կարոտն է գուրգուրում
իմ վարսերը դեռ խոնավ.
Առաջվա պես արտասվում`
գալարվելով մեղմալար։
Կարոտեցի քեզ խաղաղ
ու երազկոտ մանկություն,
երբ հոնքերս էին գունալար,
ու աչքերումս խնդություն։
Կարոտել եմ աղջկան,
ով երկինք էր երազում։
Հիմա սրտում մի խավար
արևներս է մաս-մասում։
Գեղեցկադեմ կարոտիս
միայն լույս է պակասում։
Լույսը սեղմել եմ սրտիս`
անձայն հույսերս է մաշում։
Արդեն անսանձ հարյուր դար`
կորցրած խեթ հանգստություն։
Մի օր կգտնեմ քեզ խոնավ
փափկամազ երջանկություն։

©Թերեզա
1(12).03.2014 

воскресенье, 13 апреля 2014 г.

Ինքնաթագադրում


Քեզ գահընկեց արեց հենց քո թագը, 
ո’վ մարդ արարած։
Ինքնակոչումդ թաշկինակ դարձավ 
առաջին իսկ հարբուխի ժամանակ։
Դու մասնատեցիր ճակատագրի կարկատած երազանքը
մի քանի մանր ցասման։
Ին՞չ արած։
Քո գոյությունը դարձրեցիր գոյացություն
և դրոշմեցիր հայելու արտացոլանքիդ։
Քեզանից չխռովեց միայն մենությունը,
և "կնության" առավ քեզ մինչև ի մահ։
Դու ամեն անգամ առավոտյան վերապրեցիր
գիշերվա փսխած ցավդ։
Քեզ մնաց միայն աղոթել սովորել,
Բայց դու ընտրեցիր թլպատումը։
Քեզ կորցրեցիր, երբ ցանկացար տիրանալ
որբ անտունի երազած կոշիկներին։
Կյանքը քեզ չներեց քո ապրուստը։
Քեզ թևանցուկ արեց այդքան ուշացած մահը։
Իսկ դու միայն հող դարձար,
որ հայրենիք չունի,
և լացող չունի վրան։



©Թերեզա
26.02.2014թ.

воскресенье, 6 апреля 2014 г.

Քայլ… Թռիչք


Ինձ անիծեց ճակատագիրը,
ու կրկին անգամ վախեցավ սիրել բացահայտ։
Իսկ ես նորից ժպտացի իր երեսին
ու ասացի, որ պաշտում եմ իրեն հենց այդպիսին։
Նա խենթացավ անզորությունից
և ոլորեց ոսկորները։
Փեշից թափվեցին ինձ համար զարդարած
իր բոլոր անեծքները,
ու նա ինձ սառնունայն ժպտաց։
Ես կհաղթեմ քեզ ամեն անգամ,
երբ կարծես, որ թույլ եմ,
      երբ ցանկանաս թիկունքից խփել։
Ես քեզ կհաղթեմ հենց այսպես՝ սիրելով։
Ու մենք գրկախառնված կսիրենք միմյանց,
կպաշտենք մինչև մերկությունը լուսաբացի։
Նա, ով կարծեց իմ արցունքները թուլություն՝
Ծնկի եկավ ծիծաղից թուլացած ոսկորներով։
Ես խեղդամահ արեցի ցուրտը,
ու համբուրեցի պարտությանս ճակատը.
Ես նորից հաղթեցի։

©Թերեզա
21.02.2014թ.

пятница, 28 февраля 2014 г.

Թևանցուկ



Քեզ սեղմեցի կրծքավանդակիս,
Ուսիդ թիկնեցի անզուսպ կարոտով։
Վերցրեցիր բուռդ որբացած հոգիս,
Մեկնեցիր ափդ՝ ցավս կոծկելով։

Ինքս ինձ գտած խռոված ու պաղ,
Եվ իմ այտերին մաշկագույն թախիծ,
Դու ինձ վերցրեցիր, քո գիրկը առար,
Անձայն մեջքիս զույգ թև նկարեցիր։

Այգաբացն այնքան լուսավոր եղավ,
Որ մայրամուտին ժպտացին միմյանց
Մի փոքր պաղած արևը խավար,
Ամպերի ուսին լուսինը թիկնած։

Հիմա վարդագույն երկու զույգ թևեր`
Անգույն կարոտով տենչալով միմյանց,
Ուզում են անսանձ երկինքներ ճախրել,
Գրկելով լույսը՝ դառնալ լուսաբաց։


©Թերեզա
01.02.2014թ.
20.02.2014թ.

суббота, 22 февраля 2014 г.

Մենախցում



Այս խցում հիմա մի անմահացու է։
Նրանից անգամ ստվերն է հեռացել։
Օտարամարմին անցյալն էլ շինծու է՝
էլ չի ճանաչում արարչին սառցե։

Նրա ձեռքերում կավը ծորում էր՝
Դառնալով մարմին մեղկ, կծու ու սին։
Նրա ներսում մարդն էլ փոքրանում էր՝
Խեղկատակելով անիրավ հոգին։

Հիմա ծածկվել է կարկատած ներկան՝
Արժեզրկելով իր կյանքը խամրած
Մոռացվել է ցավ, կանգնել` ապագան։
Ինչ ցանկացել էր, ստացավ փշրված։

Ու այժմ փակված այդ մենախցում,
Ինքն իրեն համար աղոթում էր լուռ։
Այցի էր գալիս մի խեղճ ծաղրածու,
Ում իր սրտում էր տնկել կյանքը ծուռ։

Կարկատել էր նա գարունները սեգ
Իրենից պոկված այգաբացերով։
Ամպամած սրտում թաղել էր մի երգ՝
Իր երազները աղոթք դարձնելով։

Ու նա փակված այդ մենախցում
Թիթեռներ է վառ նկարում իր մեջ։
Չունի նա ներկա, այլ անցյալ շինծու,
Որ կարկատում է իր հոգին անշեջ։

Այն ինչ սիրում էր` դարձնելով անդուռ,
Կրծոտում է լուռ, ցավեցնում թաքուն։
Սրտից պոկելով վայրկյանները խուլ՝
Մեկօրյա կյանքը դարին է վատնում։


©Թերեզա
17.12.13թ.
01.01.14թ
24.01.2014թ.
22.02.2014թ.

четверг, 20 февраля 2014 г.

Ֆրիդայի հետ



Մի պատմություն եմ ուզում պատմել։

Տարիներ առաջ, երբ ես դեռ մտադիր չէի այսքան լրջորեն զբաղվելու ստեղծագործելով, մի ընկերուհի ունեի, ով եկել էր իմ տարեդարձին։ Իմ գրվածքներից մի քանիսը թերթելուց հետո ասաց, որ դրանք որևէ գրական արժեք իրենցից չեն ներկայացնում։ Ինձ համար իհարկե իր կարծիքը շատ կարևոր էր, բայց ինչպես այդ օրը, հիմա էլ ես այդ արտահայտությունից չեմ կոտրվել ու չեմ թողել ստեղծագործելս։ Պարզապես ընհունել եմ իր ասածը որպես խիստ քննադատություն։ Հիմա ես դեռ չգիտեմ, թե ինչ գրական արժեք են իրենցից ներկայացնում իմ ստեղծագործությունները, սակայն համարում եմ, որ ամեն դեպքում իզուր չեմ գրում դրանք, քանի որ որևէ տեղ իրենք իրենց ազդեցությունը կթողնեն ու թողնում են։ Գուցե շատերն են կարդում իմ ստեղծագործությունները, բայց մի քանիսն, ովքեր ինձ իսկապես հոգեհարազատ մարդիկ են, միայն իրենք են հարկ համարում արտահայտելու իրենց կարծիքը, որը շատ կարևոր է ինձ համար։ Մյուս ընթերցողներս հավանաբար անհրաժեշտություն չեն գտնում արտահայտվելու, քանի որ իրենց համար տարօրինակ ու անհասկանալի են իմ գրվածքները, կամ պարզապես անկարևոր են։

Ին՞չ էի ցանկանում ասել։ …Այո։ Մի որոշ ժամանակ առաջ, երբ ես կարդացի Ֆրիդա անունը, ինձ ակամայից սկսեցին հետաքրքրել իր նկարները։ Սակայն, երբ ես դրանք առաջին անգամ տեսա, անկեղծ ասած սարսափելի վախեցա ու արագորեն փակեցի այդ էջը։ Դրանից մեկ ամիս անց, երբ իմացա, որ Ֆրիդայի կյանքի մասին ֆիլմ է նկարահանվել, ցանկացա դիտել այն։ Օրեր շարունակ մտածում էի արդյո՞ք ուժերս կբավարարեն ևս մեկ անգամ տեսնելու նրա կերպարն ու իր նկարները։ Վերջապես համարձակվեցի ու միացրեցի ֆիլմը։ Ողջ ընթացքում աչքերս արցունքոտ դիտում էի նրա դաժան ու դժբախտ կյանքը, ու միայն ընթացքում հասկանում նաև իր նկարները։ Այդ ֆիլմից հետո ես գիտակցեցի, որ կան այնպիսի ստեղծագործողներ, ովքեր բարդ ու դժբախտ կյանք են ունեցել, և իրենց ստեղծագործություններն այդ կյանքի արտացոլանքն ու պտուղներն են, որոնք այնքան ցավալի ու անհասկանալի են։ Այդ օրվանից հետո ես մտածեցի, որ կան ստեղծագործություններ, որոնք հասկանալու համար պիտի նախ ուսումնասիրես ստեղծագործողի բարդ կյանքն ու միայն հետո սկսես հասկանալ նաև նրա ձեռագիրը։ Այս երկու մասից բաղկացած պատմությունս նրա համար էր, որ մարդիկ երբևէ չփորձեն դատել դիմացինի արարքներն ու առավել ևս ստեղծագործությունները՝ անգիտակից նրանց կյանքին ու դժվարություններին։

©Թերեզա

04.02.2014թ.


Հավատավոր



Ապրելով սիրատոչոր, կարոտավառ՝
Այժմ հոգում մի մեծ մրմուռ
Գրկած անսեր սիրտը օտար
Քարշ էր գալիս մեղկ ու հլու։
Նրա հոգին մի տկլոր վերք,
Որ բացվել էր կարոտախտից։
Կյանքում թողած ամեն մի հետք
Դուրս էր ելել ցավի անդից,
Ու խեղդում էին, խեղաթյուրում՝
Ողջ իր կյանքը դարձնելով բեռ։
Այն ինչ սեր էր առաջ թվում,
Հիմա այդ սերն էր ելել իր դեմ։
Ինքն իրեն էր կորցրել ու կորսվել՝
Ելքն էր փնտրում խելակորույս։
Սիրտն էր ոռնում ձեռքում անսեր,
Թփրտում էր հոգին անհույս։
Բացվեց լույսը արևավառ, արևահամ՝
Գրկախառնված համառ բախտին։
Երբ փակվել էին դուռ-պատուհան,
Մնացել էր վառ միայն լույսը հուր սրտի։
Տաքացնում էր իր անոթի ձեռքերը,
Ջերմացնում տունը անտունի.
Իր ներսում գտնվեց ինչը կորցրել էր,
Այն՝ ինչը երբեք չէր լքել երևի։


©Թերեզա
30.01.2014թ.
23։58

вторник, 18 февраля 2014 г.

Անդեմ



Իմ շնչառության մեջ կա մի քնքուշ թույն,
Որ կեղծիքից ծնվել ու սիրտս է մաշում։
         Իմ հոգուց էլ լուռ պոկվում է մի երգ,
         Որ չի խոնարհվում, չի ծնկվում երբեք։
Գրկախառնված թունավոր բախտին,
Երազախաբ էր լինում իմ հոգին։
Ես, որ կերտում էի պարզորոշ երկինք,
Հիմա ամպերն այդ դարձել են կեղծիք,
Ու իմ գլխին են թափում զույգերով,
Այն ինչ խնդրել էի մի խռովարար օր։
Հիմա, երբ չկա սիրառատ գարուն,
Իմ երազներն այդ դարձել են անգույն։
Ես քեզ փնտրելիս կորցրեցի հենց ինձ։
Էլ ետ չենք բերի խորթ անցյալներից։
Այն ինչ պաշտում էի լուռ ու կուրորեն,
Հենց ինքն ինձ հրեց անթև ու անզեն։


©Թերեզա
09.12.2013թ.
13.12.2013թ.
24.01.2014թ.

среда, 12 февраля 2014 г.

Սրտիս կոկոմը



Տնկել եմ սրտումս մի վարդ հողմավար։
Փշալարերին է գամվել խեղճ կոկոմս,
Աճել է նրա գոգին մի մորի համառ,
Արևն էլ սառած դրժել է երդումս։

Արմատներն են խուլ՝ տեղավորվել են,
Հոգումս են կերտել սուրբ ստեղնաշարը։
Իմ սրտում հիմա կոկոմ այդ վարդն էլ..
Խեղդվում է անգամ նրա նուրբ քնարը։

Տուն չունի այնտեղ կարոտս անգութ.
Թիկնել է կրծքիս, ճզմում է վարդս։
Լցնեմ վրան անկարոտ քունջութ,
Սիրտս բանամ, դեմ տամ մյուս այտս։

Ես ինձ չգտա այդ աղտաջրում։
Միայն տնկեցի հացս ծարաված։
Ունեցա և տաք պտղատու գարուն,
Եվ աշնանացան անկենդանացած։


©Թերեզա
07.12.2013թ.
16.01.2014թ.
23.01.2014թ.

вторник, 11 февраля 2014 г.

Երբ ցանկանում ես ապրել ինքդ քեզ համար…



***
Երբ մենանում են խենթությունն ու գույնը՝
խառնվում են երգն ու թախիծը՝
գունավորվում են ու դառնում են թև։

***
Երբ հեռացնում են ճանապարհները,
կարոտը դառնում է շունչ,
ու շնչառությունը դառնում է կյանք։

***
Երբ հեռանում ես քո բախտացավից,
կաղում է հոգիդ,
սիրտդ լալիս է։

***
Երբ հեռվանում ես անդուռ աշխարհից,
կողպեքվում է պատուհանն էլ հին,
Ու դու մնում ես կախված առաստաղներից
Ու կյանքդ դառնում է թունավոր մի գետ՝
Որով սնվում է քո տոհմածառը։
Քեզ չի ներում անգամ քո անցյալը,
Երբ դու լռում ես, 
երբ մենանում ես ամենքից ամենքի հետ։
Ու թարթվում է կյանքը՝
դառնալով ակնթարթ,
Մեկ վայրկյան է մնում,
ու սպառվում է մեկ կյանք,
երբ ուզում ես ապրել, բայց չունես արդեն
ոչ շունչ և ոչ շնչառություն։


©Թերեզա
19.12.13թ.
11.01.2014թ.
16.01.2014թ.

четверг, 6 февраля 2014 г.

Խաչուղին, որ կյանքն է



Ցավում եմ, որ ամենն այսպես դասավորվեց։
Եվ այն թախիծը, որ հալվեց, մաշվեց,
Իմ ու քո սիրտը փշերով պատեց։
Եվ այն կարոտը, որ սիրուց ծնվեց,
Իմ ու քո ներսը իրենով լցրեց։
   Ցավում եմ, որ սյունդ հանկարծ կոտրվեց,
Անզրահ մեջքդ՝ ապտակից ծալվեց,
Անկոտրուն սիրտդ՝ ցավից փշրվեց։
Ցավում եմ, Սիրտս, որ քունդ կախվեց՝
Հենց քո տանիքից ինքն իրեն կախեց։
Ցավում եմ, Հոգիս`տանիքդ ծակվեց,
Ու միակ բույնդ փոթորկից քանդվեց։
Այն ինչ քո կյանքն էր, անսիրտ թալանվեց,
Խառնվեց ցավին, ստի հետ կեղծվեց,
Անցյալն ապագայիդ հետ քո բուռը լցրեց։
Ցավում եմ. մինչ այդ իմ սիրտն էլ ջարդվեց,
Իմ կյանքը պղծվեց ու արժեզրկվեց։
Ցավում եմ, որ սխալս իմ դուռը զարկեց։
Երեսիս տալով ապտակները կեղծ,
Ժպիտները սին, իր խոսքերը եղծ։
Կուրացնելով ինձ՝ անհավատ դարձրեց։
Ցավում եմ, որ իմ ցավը քո ցավին կցվեց,
Բայց և թև տվեց, հույս ու սիրտ ծնեց,
Իմ ամուլ հողում նոր մի կյանք տնկեց,
Քո քունը փրկեց, իմ սյունը շտկեց։
Իմ միակ բույնը քո գրկում հյուսեց։
Իմ փշրանքներով քո հացը թխեց։
Պաղ երջանկությունս վերջապես ծաղկեց։
Իմ կյանքը նորից քո գրկում ապրեց,
Քեզանից պոկված կրկին քեզ փարվեց։
Քո ողնաշարը ուղղեց, քեզ փոխեց,
Այն ինչ թվում էր՝ իրականացրեց։
 Ցավում եմ, որ այսքան այն քեզ ցավեցրեց՝
Ամենն ինչ-որ կար, ինչը որ ցավեց։
Ցավում եմ, որ ուշ.. բայց ժամանակին 
սիրտս քեզ ընտրեց։

©Թերեզա
04(05).01.2014թ.

среда, 5 февраля 2014 г.

Չլացես մամ…


Եվ խաղաղվեց հոգիդ, 
Որում այնքան մրրիկ ու 
Սիրո ծարավ կար։
Եվ խաղաղվեց ծովդ, 
Որում անջուր սատկում էին ձկներդ,
Եվ խաղաղվեց պայքարդ,
Որ ձկներդ ափը չնետի ծովիդ մրրիկը..
Հավերժ ձագերիդ էիր պաշտպանում։
Հիմա էլ մայրս է քո նման,
Տատ,
Իր կրծքում քո կարոտն է գուրգուրում,
Իսկ ծոցում իր ձագերին։
Տատ,
Կարոտել եմ քեզ։
Քո ծիծաղը համբույրի փոխարեն ճակատս կրծոտում է։
Տեսնես ինչի՞ց է, որ ծով ջրում կոկորդս ծարավից կաղում է։
Անտեր թողեցիր գառներիդ,
Տատ։


©Թերեզա
14(15).12.2013թ.
Տատիկիս հիշատակին

воскресенье, 26 января 2014 г.

Մոխրագույն գազան



Սահում է գիշերն այս երկարակյաց։
Ծորում է նվազ, առաստաղից ցած։
Հալվում, համբուրում ձյուները սառած։
Թաքնվում իմ մեջ ցավից մոխրացած։

Գլորվում է նա ուսերիցս վար՝
Տանելով իր հետ խոհերս տկար,
Շիկնելով կրծքիս, խառնելով իրար
Մտքերս անսեռ, հուշերս խավար։

Արբենում է լուռ, ափերիս թիկնում,
Մի պահ գրկում մատներս աննկուն,
Սառեցնում նրանց՝ շոյելով թաքուն
Կարոտից պոկված խոհերս անքուն։

Տանում է իր հետ գիշերը արբած
Իմ կարոտախառ օրերս թմրած։
Երանի գտնվեն՝ իրար կորցրած
Իմ գիշերն ու քո լուսաբացը թաց։

Երանի մի օր համբուրեն իրար
Իմ երազներն ու քո այգաբացը վառ։
Այս գիշերն էլ լուռ՝ կախվելով անլար,
Էլ ինձ չգտնի մենակ ու տկար։

...Սահում է գիշերն, ուսերիս թիկնում,
Ստվերս կորցրած՝ ինձ է կարկատում։

©Թերեզա
11(12).12.2013թ.

пятница, 24 января 2014 г.

Շշուկով սիրել



Սիրում եմ քեզ հետ շշուկով խոսել։
Մասնատել վայրկյանը անթիվ օրերի։
Սիրում եմ սրտիդ մեջ արև ակոսել,
Կյանքն արձանագրել քո ականջներին։

Սիրում եմ ձյունը քո մաքրեմաքուր,
Երբ սպիտակամաշկ սիրտդ եմ շոյում։
Սիրում եմ խորունկ արբանքը հոգուդ՝
Մատնահետքերովդ երբ ինձ ես կերտում։

Սիրում եմ անչար մտքերդ լուսե,
Երբ իմ էությամբ կյանք ես արարում։
Սիրում եմ կյանքն այդ, որտեղ սավանե
Իմ երազներն ես մեկ առ մեկ հյուսում։

Սիրում եմ քեզ հետ անձայն երազել։
Երազներն այդ լուռ իրար են ձուլվում։
Սիրում եմ քեզնով կյանքը այս սիրել,
Ու քեզանով եմ սիրել սովորում։

Սիրում եմ սիրել շնչառությունդ,
Երբ բաշխվում ենք կույր գիշերների։
Սիրում եմ հսկել ողջ գիշեր քունդ,
Երբ գգվում եմ լուռ քո երազներին։

Սիրում եմ հավերժ քո ներկայությունը
Սառած ու կարմրած իմ շրթունքներին։
Միայն չեմ սիրում հեռավորությունը,
Որ մասնատում է օրը անգութ դարերի։

©Թերեզա
10(11).12.2013թ.

четверг, 23 января 2014 г.

Ինքնադրժում



Ճակատագիր իմ, դու ծաղրում ես ինձ։
Խամաճիկի պես կյանքս ես խաղացնում։
Այն ինչ կարծել եմ ստորադաս կեղծիք,
Հիմա նույնով եմ մարմինս ծածկում։

Կյանքիս նախորդում մերժում էի ես այն,
Ինչ փախուստն էր հոր ու լացը մանկան։
Հիմա դարձրել եմ ինքս ինձ վարակ,
Հիմա ես ինձ եմ ժխտում անճարակ։

Կյանքիս հաջորդում սիրում եմ հորը,
Ու արդարացնում մեղքը եվայի։
Թե ճակատագիրն է իմ անձը կերտողը,
Ուրեմն կորցրել եմ փառքն ապագայի։

Սարդոստայնում եմ, բայց ոչ անհավատ։
Կհյուսեմ այսօր բախտն իմ անավարտ։
Թե կյանքը չուզեր բախտակցել մեզ,
Էլ ինչո՞ւ հազար կարոտից սիրտս ընտրել է քեզ։

©Թերեզա
30.11.2013թ.

понедельник, 20 января 2014 г.

Ծաղրանկար




          Երբ թիկնել է պատուհանագոգիդ երջանկությունը : Նա քեզ ժպտացել է ու այտոսկրերդ սեղմել ծիծաղով:
          Մի պատմություն է պատմել ականջումդ հենված: Իբր դու մի ժամանակ մի տղա էիր, ով ունի քույրեր, մայր, ու հայր, ով իրենց թողել է օտարության մեջ ու կորել: Ու դու, որպես տան տղամարդ, ով չկա դեռևս տասնվեց տարեկան, ապրուստի միջոց ես փնտրում, աշխատում անհասկանալի, ու տարրաբնույթ աշխատանքներում: Մի օր էլ ետ ես գալիս քո հայրենի տունն ու այնտեղ աշխատում: Հետո էլ սիրահարվում ես ու ամուսնանում:
          Երջանկությունն այդ մի օր արբում է, և քեզ պատմում մի ուրիշ պատմություն: Իբր դու աղջիկ ես, ունես քույր, եղբայր, մայր ու հայր, ով թողել է ձեզ ու կորել: Օրերից մի օր դու հանդիպում ես քեզ: Ու այն ինչ առաջ ունեիր, թվում է անկենդան և ունայն: Քո խենթությունները քեզ հետապնդում էին ու գժվեցնում մահվան աստիճան: Բայց այդ հանդիպումը փրկում է քեզ քեզանով:
          Երբ մի ամպամած գիշեր երջանկությունը թիկնում է ականջիդ ու սկսում իր պատմությունները, դու կորցնում ես քեզ, իսկ երբ մի օր նա վերջապես ավարտում է իր հորինած ծաղրանկարը, դու քեզ ես գտնում պատուհանիդ տակ` քո քունը հսկելիս:


©Թերեզա
29.11.2013

вторник, 14 января 2014 г.

Խռովք


Խռոված սիրտս չի ուզում զարկել,
Թղթերի վրա մատներով զարկվել:
Հոգուս արևը մրսում է ինքն էլ,
Ու չի խոնարհվում, չի կարող ծնկվել:

Աշունս` ինքն էլ համբույրից շիկնել,
Այտերս անփույթ սառնությամբ գրկել:
Չի ուզում լինել մայթերիդ ընկեր.
Ինքն էլ է խռով. թացից է հոգնել:

Անցյալս է ամպել, ուսերիս թիկնել,
Թախիծն է սիրտս անխռով մտել,
Նեղացած հոգիս հոգնել է ինքն էլ.
Չի կարողանում առանց սեր երկնել:

©Թերեզա 
24.11.2013թ.



суббота, 11 января 2014 г.

Սպասում




             Մինչ եր՞բ պիտի առաստաղիցս ջուր կաթի ուղիղ անկողնուս մեջ: Ես այսօր էլ փոխեցի սպիտակեղենն ու դուրս եկա զբոսանքի: Դրսում ամենևին անձրև չէ, բայց իմ առաստաղից դեռ կաթում է նարնջագույն լուսաբացից մնացած ստվերը: Նա ծորում է անկողնուցս մինչ խոհանոց. այնտեղ արդեն մի մեծ լիճ է գոյացել` շուտով օվկիանոս դառնալու անսպառ միտումով: Կտուրում հավքերն են կուտ ուտում` ծակծկելով մայրամուտն իմ երազի: Նրանք այնտեղ բույն են շինել, ամեն անգամ այգաբացին իմ մոտից հեռացող երազների կոտրտված շիվերից: Ես մնացել եմ մեն մենակ` կարկատած հեքիաթիս հետ ու գունաթափ տանիքս ներկելով: Վրձիններս չորացել են պահարանիցս կախված ժպիտների լռությունից, ու արդեն քառորդ դար է նույն դատարկ ներկապնակի մեջ եմ թաթախում մենությունս: Ինձ գույներ են հարկավոր` առաստաղիս մեծ անցքում արև նկարելու համար:
             Այս տանը միայն արևն է պակասում: Միայն մի արև, արև, որ մնացած ամբողջը փոխարինում է:


©Թերեզա
19.11.2013թ.

суббота, 4 января 2014 г.

Իզո~ւր


Մոտեցավ ինձ իրիկնաժամ:
Մենությունից կծկված դահիճ,
Էլ ին՞չ ունես դու ինձ համար,
Երբ խորշում ես ինքդ քեզնից:

Միթե՞ այնքան տկար եղար,
Որ բաշխվեցիր ամբոխներին:
Նրանք քեզնից հենց քեզ տարան,
Դու մնացիր վախին գերի:

Այն ինչ չուներ հոգին մոլոր,
Նրանց համար դարձավ մի սուր:
Որով հենց քեզ դարձրեց տկլոր,
Բայց և հենց քեզ խոցեց, իզո~ւր:

©Թերեզա 
15.11.2013թ.

среда, 1 января 2014 г.

Գտնվեցի




Գտել եմ հոգիս, աչք ու մատներս էլ,
Քո գոյությունն եմ գտել իմ ներսում.
Թիթեռներ դարձած փութ երազներս էլ,
Իմ ինքնությունն էլ քո երազներում:

Գտել եմ գարունն իմ արևների,
Բյուր աստղերն եմ գտել երկնքիս,
Իմատնությունն եմ գտել բառերի,
Որ համբարձվել են անցյալներիցս:

Կորցրած եսս փարվել է մարմնիս,
Ստվերս նորից իմ ետևում է:
Մինչ առջևից վազ տալով հոգիս
Ինքն էլ ինձ կորցրած կրկին գտել է:


©Թերեզա 
15.11.2013թ.