.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

воскресенье, 25 октября 2015 г.

Անկեղծանուն



Կձևանամ խուլ ու համր,
Կապաքինվի սրտիս զարկը,
Կմոռանամ բույրն ու համը,
Կհագնեմ անզգամի դիմակը:

Զառանցանքից պոկված 
Անշնորհակալ թախիծ,
Քեզ խնդրեցի հեռանալ
Ու թաքնվել ինձանից:

Ումպ-ումպ կարոտս է կրծում
Կոկորդախառը կսկիծ.
Ես իմ եսին եմ խեղդում,
Որ չխռովես ինձանից:

Ոնց ծնվել եմ մի սառը օր,
Նույն ցուրտն եմ կրում սրտիս:
Թող դառնամ լույս մենավոր,
Որ տաքացնում է հոգիս:

Թե գնամ, ինձնից քեզ կմնա
Իմ լույսն ու շողքը պաղած:
Միայն ուզում էի դառնալ
Կին, Մայր ու Սեր առ Աստված:

©Թերեզա
24.10.2015թ.

воскресенье, 11 октября 2015 г.

Աշնանացած

       
            Թույլ տո՛ւր աշուն քեզանից պահպանել ամենագունավորը, թո՛ղ մնան ինձ մոտ աշնանային բոլոր տաքուկ երեկոները, որոնցում ջերմ գինեբույրից հղկված խոհերն ու մաշկագույնով պարուրված վերջալույսի թրթիռները կմնան շուրթերիս, ու թարթչաներկով այտերս ի վար կգլորվեն ոլորափայլ  հիշողության մաքրեմաքուր ստվերաներկերը։ Ես քեզ կունենամ մայրամուտից մինչև լուսաբաց, հետո կգուրգուրեմ քո փափկամազ ներկայությունն ամբողջ օրվա ընթացքում․ քեզանից ինձ միայն գունավորը թող, մնացածն այլևս խտացել է։

©Թերեզա
10.10.2015թ․

воскресенье, 24 мая 2015 г.

Անձրևանոցած



Քեզ չունենալու և ունենալու
Կարողությունը
Իմ վերարկուի թևերից պոկված
Երկարությունն է..
Այն պաղ ձմռանն է քչություն անում,
Իսկ ամռան շոգին` ավելանում է:


Քեզ կարոտելու, չկարոտելու
Անհագ ցասումը
Իմ զուգագուլպայի
Երկու ծայրերն են.
Մեկը մյուսից անկախ ու կախյալ
Հեռավորությունն է:


Քեզ հարատև թևավորելու
Իմ անսպառ կնիքը,
Որպես տան կտուր
Դրոշմվել է գրխավերևում
Անձրևանոցած.
Հավատ, որ այս բաժանությունն էլ
Մի օր կունենա ավարտ:


Քեզ հորինելու ու վերծանելու
Իմ անխոս կարիքը
Դարձել է անդուռ,
Որպես մեղանչում,
Կոկորդիս սեղմած
Ինչպես որ ցավն է կծկում
Որովայնը, որ ծնում է կյանք:


17.05.2015թ.
©Թերեզա

вторник, 19 мая 2015 г.

Սիրառատ


Ծորում է կյանքը 
Հատ-հատ, կաթ- կաթ:
Օրը լուռ սրբում է 
Երկնքի արցունքները:
Ես քեզ գտնում եմ
Անընդհատ, անթարթ
Իմ ակունքներում էլ
Քո կորցրած ստվերը:

Հոգիս անդուռ է,
Ցավերս է զսպում,
Քեզ գուրգուրելու 
Անհագ ցասումը:
Ես իմ սկիզբն եմ 
Կորցնում-գտնում.
Քեզանով զատած
Անցյալն ու այսօրը:

Ծորում է կարոտը
Համբուրում այտերը,
Իմ ամբողջական
Ու կիսատ թախծի:
Այդ պաղ մաշկահոտը
Կցում է քո դերը
Իմ հավերժական
Սեր նախածանցին։


16.05.2015թ.
©Թերեզա

воскресенье, 17 мая 2015 г.

Մի պտղունց


Իմ երջանկության մեջ
աղ է պակասում,
Մի քիչ փափկություն
աղավնիների,
մի քիչ պաղ ցասում,
մի քիչ տաք արև
գարնան երկնքի,
Մի բուռ ջերմություն,
Մի պտղունց կարոտ,
Անմեկեն գարուն:
Պակասում է տաք
Այգաբաց անքուն
Անձրևախառը վարսեր,
Թունդ արբանք,
Լուրթ երազ ու սեր,
Պտղատու հավատք:
Իմ երջանկության մեջ
Պակասում է փութ
Անսկիզբ ու անվերջ
Լուրթ Եր-ջան-կու-թյուն:

14.05.2015

©Թերեզա

четверг, 14 мая 2015 г.

Անհետ..ք


Երբ դուռդ թակում է կարոտը միայն,
Իսկ անկողնուդ թիկնած է թախիծը,
Դու վերանում ես աշխարհից համայն`
Թողնելով նրանց քո կորցրած իղձը:

Քեզ հետ տանում ես քո խրտնած հոգին,
Երազակորույս ներկան փաթաթած,
Ծակծկված, մաշված խիղճը կոկորդին,
Մի պտղունց ցասում սրտի տակ պահած:

Ու վերջակետն է կախվում տողերից,
Լուռ խաղաղվում է կարոտը վայրագ,
Քո հետ տանում ես մի կյանք, մեկ թախիծ.
Դատարկելով ևս մեկ խորթ արևածագ:

14.05.2015
©Թերեզա

вторник, 5 мая 2015 г.

Անդարձ


Դատարկ է տունդ քո կարոտախտից,
Պատերդ թույլ են, առաստաղը` ցած:
Ու հեռանում է լուռ,  անգիտակից,
Նա ով սիրում էր ապրել խենթացած:

Մարում է լույսը մենության վախից,
Կարոտն է խեղդում անբառ ու անես:
Հեռանում է լուռ ժամը քո կյանքից.
Ու դու դառնում ես անհոգի երես:

Քեզանից հետո դառնում է ունայն
Ե'վ կարոտը քո, և' ցավդ խամրած:
Դատարկվում են պատերը քո տան,
Մնում է միայն մեկ արևադարձ:

26.03.2015
©Թերեզա

воскресенье, 29 марта 2015 г.

Հարատև-Անթև



Ես չեղա քեզ այնքան մոտ,
Որ կարողանայի գգվել տերևներիդ
Ու կռանալ ուսերդ ի վար:
Որքան չեղա անձրև քեզ համար,
Չեղա նաև վարարում:

Դու եղար գարուն,
Որ ամեն տարի սիրում էր ձյունն
Ու իր մեջ պահում նրա ստվերը,
Որքան, որ ես եղա ցասում
Ու հալվեցի անձայն:

Ես եղա քեզ նման,
Ու տեսա քեզ ամեն առավոտ,
Երբ հարդարվում էի,
Եվ սիրեցի քեզ ամեն գիշեր,
Երբ կծկվում էի մրսելուց,
Երբ թաց էի ու պաղած:

Քո ականջներում
Միևնույն պաղ կարոտն է,
Ուր մտապահել էի իմ բոլոր երգերը,
Որ երբեք չեղան ձայն,
Ու եղան միայն վերքեր,
Որ սպիանում են:


24.02.2015թ.
©Թերեզա

вторник, 24 февраля 2015 г.

Լուրթ



Ամպերը լողում են,
արևները խեղդվում են.
Ամեն մի արև
մի-մի կարոտ է..
Երկինքը դողում է,
գարուն է մուրում.
Այն ինչ պահել էինք
սրտի խորքերում:
Ես իմ արևն եմ
գուրգուրում թաքուն,
Իմ կարոտներն եմ
անգույն խորտակում:
Երկնագույն թախիծ,
քո ստվերն է դողում
Իմ արև տենչող
լուրթ երակներում:
Անբառ գոցում են
դռներս կողպված,
Երկինքները խորթ,
Կարոտներն ամպած:
Ես քեզ չեմ թողնի
մենակ ու մրսած.
Քեզ համար ունեմ
Մի արև պահած:

09.02.2015թ.
©Թերեզա

воскресенье, 22 февраля 2015 г.

Հոլաթև


Ինձ տար այնտեղ, ուր չկա կեղծիք:
Ես հոգնել եմ դեր տանելուց,
Իմ ետևից սուտ բախտի կնիք
Անմնացորդ միշտ քարշ տալուց:

Մերկ ուսերիս էլ տեղ չկա,
Կորացել է մեջքս դալար:
Ծանրացել են օրերն անզգա.
Ցողունս են կոտրում անկաղ:

Թևաթափ է սիրտս թմրած,
Մեղկ ու սին է կարոտախտը:
Ինձ տար այնտեղ, որտեղ չկա
Ինձ հետևող խրտնած բախտը:

Իմ թևերին երնկառաք
Ծանրացել է արբած կյանքը:
Էլ իմ սրտում ցասում չկա,
Ապրեց նա իր հոգևարքը:


Թերեզա
29.01.2015թ.

среда, 7 января 2015 г.

Հավատը սեր է

               
      Ու որքա՞ն ենք մենք մեղավոր, որ հայտնվել ենք այս կոտրված լապտերների արվարձանում, որտեղ վաղուց բացակայում էր հավատը, որտեղ բացակա էին ծաղկաբույր օդային համբույրները, որտեղ ձայներն արդեն օտար էին ու ձնառատ: Գիտեմ, որ ես սխալվել եմ իմ կյանքի առաջին իսկ օրից, երբ անտեր եմ եղել ու անհավատ, երբ նախանձախնդիր ու ժլատ չեմ եղել իմ ժպիտների հարցում, երբ կարծել եմ, որ աշխարհում գոյություն չունի ատելությունը, բայց և ատել եմ, ատել եմ ուժգին իմ մենությունն ու թիթեռահավատս, երբ կարծել եմ, որ ամեն բան կարելի է ուղղել, դարձնել առաջվանը: Բայց այստեղ, այս արվարձանում, ուր հանդիպել են իմ ու քո կարոտը, իմ աղոթքներում փնտրել եմ հենց այն ինչը ստացել եմ:
        Ու դեռ շարունակում են վառվել կոտրված լապտերները, շարունակում են մեզ վրա գցել իրենց անկուշտ ստվերը: Ոչինչ հենց այնպես չէ, չէ՞ : Ամենն այնպես է, ինչպես որ պետք է լինե՞ր, ու ես ինքս էլ հենց այն եմ, ինչպիսին պիտի լինե՞ի՝ այսպես անտեր ու անհավա՞տ: Բայց եթե ես անհավատ լինեի, չէի վիճի քեզ հետ։
        Ամեն անգամ ինքս ինձ հարցնում եմ, գուցե՞ ես եմ կոտրել այս լապտերները։ Բայց ես պահում եմ իմ մեջ այնտեղից դուրս պրծած բոլոր լուսատտիկներին: Իմ ներսում, ամենախորքում նրանք տաքացնում են ինձ ու կայծ տալիս աչքերիս. նրանք դեռ հույս ունեն, որ մի օր կրկին թռչելու են սիրո արվարձան, որտեղ հավատը հենց ինքը՝ սերն է։

Tereza Joelle Թերեզա
06.01.2015թ.