.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

суббота, 24 декабря 2011 г.

Maccoletto


Եվ դրված է այս սեղանին.
Նա վառվել է սրտիս նման:
Ամբողջություն էլ չունի`
Նման անթև թռչունի, թռչնի նման:
Ու հոգնել է կրակներից,
Եվ այրվել է նրանց մի պաղ`
Անտարբեր ցանկությունից.
Անցանկություն նա վառվել էր
Եվ հանգչել ցանկության համար:
Ու ինչ որ մի բան
Կուզենա այն նորից վառել գուցե.
Նրա նման կիսաայրված եմ մնացել:
Վառի'ր մինչ վերջ,
Ջնջի'ր նրան սեղանից.
Վառվի'ր հոգուս մեջ`
Վառի'ր ինձ:
Թող մինչ վերջին վերջին կրակը վառվեմ:
Կամ էլ մի վառի'ր, հանգցրո'ւ ինձ,
Թող որ չայրվեմ
Քո անտարբեր հրդեհներից:
Ու մի պահ ինձ կթվա,
Թե վառվում եմ ափիդ վրա,
Թե վառվել է այն սեղանին
Մարած կրակն ու..
Վառի'ր ինձ կրկին:
Մ'ի հանգցրու:
Ես չեմ ուզում կիսատ մնալ
Քո սեղանին:
Ես կարող եմ քեզ մի լույս տալ,
Որ կհանգցնես, բայց կվառվի:
Սակայն...
Դրված եմ սեղանին, որպես մի Maccoletto
Եվ կրակն ինձ այդպես էլ չի մոտենում:

Թերեզա
09.02.2003թ.
Maccoletto-Իտ.` կիսաայրված մոմ

Առանց սիրո



Այսօր ես քեզ չեմ սիրելու:
Ազատ օր եմ վերցնում այսօր:
Քեզանից եմ հեռանալու`
Մինչ վաղը, մինչ հաջորդ օր:
Ու ողջ մեկ օր չեմ ապրելու`
Այլ մահացած լոկ քայլելու
Դեպի անսահմանություն,
Դեպի առանց սիրո անկյանքություն,
Դեպի անմիտ անծայր մի կյանք:

Այսօր ես և չե'մ լաց լինի:
Չե'մ երազի. երազներից հոգնել եմ ես:
Մի ստվեր դարձած կապրեմ օրն իմ,
Մինչ քո գինը չհասկացնես:
Ընդամենը մի ամբողջ օր
Քեզ կորցնելու համար:
Միայն կորցնեմ, ու կկորցնեմ ինքս ինձ էլ,
Ու էլ չապրեմ, չապրեմ…
Այլ մահանամ:

Ուզում եմ քեզ նորից սիրել…
Այդ մեկ օրը բավական էր,
Որ հասկանամ,
Թե որքան թանկ էր այն մեկ արցունքն էլ,
Որ թափեցի սեր քե'զ համար:

Աստված քեզ հետ,
Քո սերն էլ` իմ:
Առանց սիրո այժմ և հավետ
Մահացել եմ,
Ու այնպիսին` ինչպիսին կայի`
Էլ չեմ լինի:

©Թերեզա
11.10.2005թ.

Վերագտնում


Այս անվերջ ու ձգձվող օրերի փոշին
Դեռ նոր է սկսել իր խոնավ հոտով
Մարմինս դարձնել իր փոքրիկ գերին,
Որ խոնավության մեծ սիրահար է:

Այդ խոնավացած օդերի շնչով
Կրկին թունավորվելու է, ու նորից զգալով,
Որ սիրելով է ինքն իրեն թույնում`
Պարզապես լռում է:

Մի փոքրիկ հոգում,
Մի փոքրիկ սիրուց,
Այդքան ձգձգվող օրերի փոշում`
Ինքն իրեն է գտնելու նորից.
Ու թեև նա դա վաղուց գտել է:

©Թերեզա
03.10.2005թ.

четверг, 22 декабря 2011 г.

Քեզ եմ փնտրում



Նորից քեզ եմ փնտրում
Իմ գրված այս թղթերում,
Իմ անցյալում, ապագայում,
Իմ հոգու մեջ,
Այս գրչի տակ
Ու այս տողում:
Իմ աչքերում,
Իմ ստվերի մեջ
Ու իմ շնչում:
Անուրջ դարձած երազներում,
Ինձ` քո թողած լուռ պատկերում,
Անլուրջ քո խոսքերում,
Իմ չգրված ներումներում,
Քո չտված համբույրներում:
Երեկվա մեջ,
Վաղվա օրում
Անվերջ քեզ եմ ես մոլորում
Ու փնտրում եմ:
Կարծես նորից խելագարվում,
Բայց և նորից անտեսում եմ,
Որ խենթ եմ:
Քեզանից եմ հեռացել,
Որ փնտրելու առիթ ունենամ:
Նորից եմ այս ճամփին դարձել
Ու մոլորվել եմ:
Որտեղ՞ է արդյոք հանգրվանել
Սիրտս, միտքս, պարզ ցանկություններ,
Անքնությունն իմ ո՞ւր է թաքնվել:
Անվերջանալի ու երկարատևող
Քո փախուստներից
Նորից դարձել եմ իմ արարքներին
Ես անգիտակից...
Քեզ եմ փնտրում
Իմ մթության լուսավորում:
Քե'զ, որ ժպտում ես հեռվում
Ու ավելի հեռանում:
Քեզ չեմ կորցնի,
Քեզ բաց չեմ թողնի,
Քեզ չեմ շրջվի
Ու չեմ անտեսի:
Մնում է միայն մեկնել ձեռքերը
Ու շոշափել քեզ
Մոտ ու հարազատ...
Քեզ պիտի փնտրել այս պարզ ներկայում:
Գիտեմ, այնտեղ ես`
Կանգնած իմ առջև:
Հորինել եմ քեզ,
Որ էլ չպարտվեմ,
Որ գտնեմ, սիրեմ..
Իմ այս սրտում,
Իմ այս թղթում,
Իմ մտքերում
Ու իմ գրկում
Քո պատկերն եմ անվերջ շոշափում:
Քեզ եմ միայն պատկանում.
Քե'զ, որ անհասանելի թափանցելի ես,
Որ անհասկանալի օտարացի ես,
Բայց այնքան մոտ
Այնքան անուշ ես:
Այն որ ձյուները ցեխեր են դառնում`
Քեզ մոտ են բերում
Ինձ ու իմ սերը:
Այն , որ գարունն է շտապում վերստին`
Ինձ մոտ է բերում
Քեզ ու քո հոգին:
Այդ ճամփաներում,
Հորինված, գրված քո կյանքն եմ տեսնում:
Գուցե դու չկա՞ս,
Գուցե դու չգա՞ս:
Ու այս խաղերից վերջապես հոգնած
Ինքս ինձ եմ գտնելու արբած,
Ու զգալու եմ` հորինվածք իմ պարզ,
Որ ավաղ չկաս:
Սակայն գունավոր այս երազներում,
Թախիծը ժպիտ դարձնող սիրում`
Քեզ չգտնելը անհնարին է,
Ու միայն գտնելն է հնարավոր..
Քանզի մենք մեր կորուստները
Հենց մեր ներսում ենք թաքցնում,
Որ չնկատենք նրանց դերերը
Մեր անսեր կյանքում:
Նորից քեզ եմ փնտրում
Իմ այսօրվա կորուստներում,
Աչքերիս դիմաց տարածված կորուստներում:
Եվ իմ այսօրվա մասունքներում
Քեզ եմ գտնում,
Ու վերագտնում անձս
Հարազատ այդ աչքերում:
Ամեն անգամ այնտեղից եմ լուռ հեռանում,
Ու ի վերջո նրանց գիրկն եմ վերադառնում:

©Թերեզա
17.02.2008թ.

вторник, 20 декабря 2011 г.

Պատահե՞լ է ...



           Պատահո՞ւմ է այնպես, որ սիրտդ առանց մի կտոր հաց ուտելու սոված ստամոքսին մի կուշտ տերևաթափ է անում մարմնիդ օդանցքերում ու առանց երկտողի՝ ոտքերը սրբելով քո դռան շորին, մեկնում է:
           Պատահե՞լ է այնպես, որ ներսումդ է արևը թաքցնում իր վառված ու հանգած ճառագայթները, մոխիրներ դարձրած սևացած ամպերը:
           Պատահե՞լ է այն, որ քո մտքերը քեզ դավաճանել ու մեկ այլ մարմնում են լուռ տեղավորվել:
            Եղե՞լ է այնպես, որ անգամ քո ստվերն էլ` մեկ այլ անձի մարմինն է գերադասել:
            ..Ու քո ձեռքերով ինքդ քեզ համար քո փոսն ես փորել ու նվագել ես թաղման նվագդ էլ..
            Քեզ հետ եղե՞լ է.. Ցավոք ինձ հետ էլ:



Թերեզա
24.11.2010թ

вторник, 13 декабря 2011 г.

Միայնակություն




















Միայնակություն...
Այնպիսի խեղդող մի զգացմունք է դա,
Երբ չկա ոչ ոք քեզ որոնելու
Եվ քեզ ամբոխում գտնելու համար.
Այ'ո, ոչ ոք էլ չկա:


Միայնակություն...
Ուզում է խեղդվեմ քնքուշ ձեռքերում
Միայնակության,
Փափուկ բարձի տակ...
Ու ոչ ոք չկա..
Սիրտս տանջվում է այդ պաղ համբույրից
Միայնակության.
Ես քեզ խնդրում եմ մի համբուրիր ինձ
Չոր շրթունքներով դու իմ պարտության:


Միայնակություն...
Ինչ որ աղմուկում
Միայնակ ես դու`
Ով դու իմ մեծ ''Ես'':
Միայնակ այնպես,
Որ ցանկություն կա քեզ կորցնելու
Ցուրտ աղմուկի մեջ:
Կորցնել եմ ուզում անպայման
Գիտակցությունը ''ես''-ի մասին հենց իմ սեփական:
Որ լռությունում փնտրեմ,
Սակայն զուր լինի` ինքս չգտնեմ,
Մինչ աղմուկն անծայր, մինչ լռության վերջ:


Միայնակություն
Եկ առանց վիրավորելու միմյանց
Բաժանվենք սրտանց:
Թշնամիներ չենք,
Ընկերներ անգամ չեմ ուզում կոչվենք:
Ընկերացիր մեկ ուրիշ հոգուն
Միայնակություն:


Միայնակություն,
Դու պղծում ես ինձ:
Սրտիցս է միայն մնացել... ոչինչ.
Էլ ոչինչ չկա, որ քեզ նվիեմ,
Էլ ոչ ոք չկա` ես միայնակ եմ:


©Թերեզա
29.11.2003թ.

среда, 7 декабря 2011 г.

Վերածնունդ


Աչքերս բացել եմ..
Միթե՜ բացել եմ աչքերս խոնավ:
...Բացել եմ:


Երկինքս այստեղ է՝ գլխավերևում,
Մինչդեռ վաղուց ցրված էին ամպերն իմ գլխում:
Մինչդեռ արևս մոռացել էր ինձ
Ու ես սառչում էի հոգուս խավարում...
Այսօր արև կա երկնակամարում:
Այժմ արևը տաքացնում է ինձ ու գուրգուրում.
Մինչդեռ արև չէր բնավ ու ինձ չէր ներում
Իմ սառնությունը...
Այսօր աչքերս բարձրանում են վեր
Ու ես տեսնում եմ:
Այսօր շուրթերս իմ բերանին են
Եվ խոսել գիտեն:
Այսօր լսում եմ իմ ականջներով
Ամենը:
Անգամ քո ափերի մեջ ընկնող
Չոր տերևների ծածուկ ձայները,
Որ հավաքում ես
Ու շաղ տալիս ոտքերիս առջև.


Այսօր ոտքերս
Քաշ չեն գալիս մարմնիս ետևից,
Այլ տանում են, թռցնում
...Ու իմ ձեռքերը չեն ապտակում ինձ,
Այլ շոյում են թափված տառերը:
Այսօր մատներս չեն խառնում,
Այլ դասավորում են բառերիս ստվերները:
Ես հասկանում եմ իմ ձեռագիրը..
Ի՛մ ձեռագիրը, ի՛մ ձեռագիրը:
Դրսում աշուն է, իսկ ես կորցրել էի գույները.
Այսօր տեսնում եմ և՛ կապտակարմիրը:


©Թերեզա
24.11.2009թ.


ՆԱ


ՆԱ ունի աչքեր, որոնց խորքերը
Գրքի պես պիտի ընթերցեմ:
ՆԱ ունի շուրթեր,
Որոնք բառերով ինձ կհամբուրեն:
ՆԱ ունի մտքեր,
Որոնք շատ պարզ են, բայց գաղտնի:
ՆԱ ունի խոսքեր,
Որոնք երբեք չեն պղծի լսողությունն իմ,
Այլ կշոշափեն դրանք քնքշանքով:
ՆԱ ունի ձեռքեր,
Որոնք կարող են պարելիս գրկել:
ՆԱ ունի քայլվածք,
Որի ետևից սիրտս կվազի:
Եվ մի պարզ հայացք,
Որից նորից կխենթանամ ես,
Ու միայն ՆՐԱՆ կնվիրեմ
Այն ինչ ունեմ,
Այն ինչ ՏԵՐ իմ տվել ես:


©Թերեզա
10.06.2005թ.

Հիշողություն


Երբ հայտնվում եմ ես նրա գրկում
Իսկույն վառում եմ ծխախոտն իմ ու...
...Ու սկսում եմ տարվել նրանով,
Եվ քնքշանքը զգալ հնացած սիրո:

Սակայն ամեն բան
Հին ու նոր է ինձ.
Քո գրկում միայն
Ապրում եմ նորից:
Հազիվ լսելի ձայնով
Շշնջում է նա.
-Ապրիր ինձ սիրով,
Որ չմահանամ:
Թեկուզ ես չկամ հիմա,
Բայց կամ անցյալով:
Կորցրել եմ ներկան,
Տարվել եմ սիրով:
Ու միևնույն է`
Ուզեմ, թե չուզեմ,
Ես քո գրկում եմ:
Ամեն վայրկյանում,
Երբ միայնակ եմ`
Հանգչում եմ գրկում,
Այդտեղ հալչում եմ:
Կարծես էժանագին մի կին
Տրվում եմ Նրան.
Մաշվում եմ կրկին
Գրկում ես... Հիշողության:


16.09.2003թ.
Թերեզա

Ծաղրածու

‎...Այժմ կարող եմ միայն ծիծաղել,
Նման խենթ ու խելագար հիմարի,
Որ պարտվելուց հետո չի մեռել,
Այլ մնացել է դաշտում պայքարի:
Նա` գետնին ընկած,
Արյունոտ, անզգա, վիրավոր,
Ինքն իրեն կորցրած,
Ցեխոտ, անկարող
Պայքարել նորից,
Նորից վեր կենալ,
Նա` գետնին ընկած,
Նմանվել է ինձ:
Ու ծիծաղում է հիմարի նման,
Իմ հոգու նման,
Երբ որ պարտվում է:
Նա` մահկանացու լինելուց միայն
Պարտվել է կյանքին
Ու ինքն է'լ չկա,
Իսկ անմահ հոգին
Ազատված չէ դեռ,
Ու ընկած գետնին
Ինքն էլ կարող է միայն ծիծաղել:
Այժմ, երբ չկա ոչ պայքար, ոչ սուտ.
Երբ գետնին թափված զենքերդ սառչեն,
Ու երբ չկարողանաս կրկին թևածել
Այդ պայքարների դաշտերի հողմում,
Կարող ես միայն ծիծաղել.
Ուրիշ ոչինչ քեզ է'լ չի մնում:


©Թերեզա
12.10.2007թ.

Արթնացում


‎...Այն որ այսօր մոտենում եմ Քեզ,
Ու իմ դողացող շուրթերի ներքո
Շշնջում եմ լուռ մի շնչառություն.
Քո ականջներին հասել է՞ արյոք,
Ու քեզ թողել է՞ մի սովորոթյուն,
Որ ստիպում է անշնչանալ
Ու վախենալ կորցնելուց,
Պայքարել ամենի համար,
Ու հաղթել այդ պայքարներում
Միայն այդ սիրուց:
Եվ այդ ամենը գողանում է քեզ
Քո անձից, ցավից:
Դու նկատել ե՞ ս,
Որ անգամ կարող ես սիրել ինձ.
Դու դա կարող ես:
Այն, որ այսօր ես գտնում եմ քեզ
Ու ճանաչում քո ոտնահետքերը`
Ինձ ստիպում է ևս մեկ անգամ
Ետ վերադառնալ ու կրկին դատարկվել.
Սիրելու համար նորից պիտի
Ողջ ունեցածս բացեմ քո առջև...
Այն որ այսօր նորից պարտվել եմ
Ու վերադարձել,
Ոչինչ չի փոխում,
Կարող եմ նույնիսկ հավերժ հանձնվել,
Բայց և վատ չզգալ,
Որ հպարտությունս եմ կորցրել:
Այս ձեռքբերումը, որ սերս է տվել,
Իմ շնչառությունն է հատիկ առ հատիկ
Թոքերումս հավաքել,
Ու ապրելու պատճառ է դարձել
Իմ մարմնի համար,
Որից անտեղյակ է սիրտս ու սերս,
Բայց ինքնաբերաբար
Նրան այս երկրում են պահում
Ու ևս մեկ անգամ նրա աչքերով են սիրում:


Թերեզա
23.02.2007թ.

Չեմ խնայի

Երբ զգում ես, որ պայքարներդ
Քեզ համար դառնում են անհեռանկար,
Անհաղթանակ մի անմիտ ծաղրանք,
Ուզում ես թողնել ամենն ու գնալ,
Է'լ չպայքարել
Քեզ չպատկանող կյանքերի համար,
Է'լ չձգտել
Հասնել քեզնից հեռացող հաղթանակներին
Ու է'լ չխաղալ:
Սակայն կանգնեցնում է
Միակ իրականությունն այդ կեղծիքում.
Այն ճիշտը, որ դու
Պայքարում ես հոգուդ հարազատ
Հոգին փրկելու,
Եվ քեզ մոտ պահելու համար:
Ու բաց չթողնելու է'լ:
Իսկ ինչպե՞ս անել,
Երբ զգում ես, որ պայքարներդ,
Թեկուզ և այդ իրականությամբ,
Դարձել են անիրական:
Թողնել ամենն է՞լ
Ու հեռանա՞լ:
Ես իհարկե կհեռանամ,
Միայն մինչև վերջ կոտրված, ջարդված,
Միայն մինչ արյանս վերջին կաթիլը թափված,
Միայն մինչ չզգամ,
Որ ես է'լ չկամ:
Որ կորցրել եմ ամեն ինչ..
Ջախջախված, անզգա
Ես է'լ չեմ զգա
Իմ պարտությունը:
Այնքան եմ Քեզ սիրում,
Որ չեմ խնայի ինձանից ոչինչ:
Միայն մի միտք է ինձ առաջնորդում,
Որ Քո սերն էլ ամեն դեպքում
Ինձ է պատկանում:


©Թերեզա
16.07.2007թ./28.11.2011թ./

суббота, 3 декабря 2011 г.

Քեզ եմ նվիրում

Ես այս ձյունը Քեզ եմ նվիրում:
Ներիր, որ վերցնում եմ քո ձյունն ու
Քեզ եմ նվիրում:
Բայց դու նրան մոռացել ես,
Թողել ես նրան իմ մտքում, սրտում:
Ու ես այն այսօր Քեզ եմ նվիրում:
Այս մաքրությունը Քեզ եմ տալիս,
Որը չունեիր դու:
Քեզ եմ տալիս այս ձյունն ու
Մտքերս, հոգիս:
Բայց և ներում եմ,
Թե որ չվերցնես,
Նորից եմ ներում
Քո անձյուն երկնքի համար:
Ներում եմ, սակայն
Դու հեռանում ես ձյուներից, սիրուց,
Դու հեռանում ես այսօր ինձանից:
Ու այս փախուստով ոչինչ չես թաքցնում,
Ու այս ձյուները ձեռք տալ չես փորձում.
Դու էլ չես կարող:
Բայց Քեզ ներել եմ:
Այսօրվա ձյունը Քեզ եմ նվիրում,
Հոգուս այս թռիչքն ու...
...Ու այս ժպիտներն էլ:

©Թերեզա
15.12.2006թ.

Ուրվական


Որտեղի՞ց ես եկել դու՝
Այսքան մոտ ու այսքան օտար:
Կարոտից կապտած քո մկաններում
Իմ լացն ես թաքցրել, իմ ցավը տկար:
Ես ապրեցրել եմ իմ երակներում
Նրան՝ ով մնաց, այն՝ ինչը որ կար:
Ու այժմ կյանքն առանց հիշողություն
Դարձել է անարժեք մի որմնանկար:
Հիմա էլ թույլ՞ տամ իմ այտոսկրերին
Դեմքիդ անձայն ժպիտ՞ արարեն:
Թույլ տամ կարմրաթույր իմ շրթունքներին
Քո շուրթերին համբույ՞ր պարուրեն:
Բայց ես վախենում եմ այդ բառից՝ կորուստ:
Ինչպե՞ս շրջանցել երբ նա ներսում է:
Երբ նա դառնալով գունավոր մի սուտ
Սիրտս իր փշերով դանդաղ մերսում է:

©Թերեզա
08.06.2011թ.

Իմ անունն է... Ներիր

Մեկ ակնթարթով ետ վերադառնամ
Կիսատ գործերս ավարտին հասցնեմ,
Այն ինչ չեմ ասել ասեմ վերջացնեմ:
Ամենը կիսատ ու թափթփված է
Իմ այս գլխի մեջ ու իմ այս սրտում:
Թույլ տվեք ուղղել,
Թույլ տվեք ամեն ինչ ուղղել
Էսպես չեմ կարող ես կողմնորոշվել,
Էսպես չեմ ուզում:
Մեկ ակնթարթով ետ վերադառնալ,
Տրված հարցերին ճիշտ պատասխանել,
Որ էլ չզղջամ,
Ու չցանկանամ սխալներ ուղղել:
Ներում եմ ուզում նրանցից խնդրել
Ում չեմ հասկացել և ում չեմ օգնել,
Բայց և կարող էի:
Ես է'լ չեմ կարող նորից սխալվել
Եվ գիտակցելով փշրել ու ջարդել
Ամեն մի փայլող ու ամեն մի սեր,
Որ դեռ թարմ մնան հոգուս մեջ վարդեր:
-Ներիր ինձ…
Իմ բառարանի կարևոր բառեր
Տեղ չտաք նրան,
Պետք չէ նրան տեղ:
Նա առաջինն էլ կլինի,
Միևնույն է, նա առաջինն է:
Ներիր…
Հիշողությանս յուրաքանչյուր անկյուն
Այդ բառով է միայն սարդոստվել,
Ցածր արտասանած այդ ներումնները
Պիտի դեռ գոռամ.
-Ների'ր, Ների'ր, Ների'ր:
…Կամ էլ դու գիտես:
Այդ բառն է կարծես դարձել թուլություն
Ու բոլորից եմ պարտքով այն վերցրել:
Ու պիտի ետ տամ ես «Ներողություն»
Բառի մի ողջ կույտ:
Ամեն արածս կարծես սխալ էր,
Եվ ամեն մեկից դեռ պիտի ներվեմ:
Ինչ~ անհեթեթ կյանք.
Ներումներ հայցելու մի սովորություն:
Ծիծաղելի է.
Անունս եմ կարծես այցետոմսի համար
Փոխել ու դրել
-Ներիր-
Ու թե որ ների,
Ուրեմն` իրոք նա այնպիսինն էր,
Որ արժանի է ծանոթ լինել իմ անուններին:
Իմ անունն է «Ներիր»:
Ու ինձ թվում է, թե իրականում
Ես հենց մի բառ եմ,
Որ անվերջորեն իմ անձի
Շուրթերին եմ համբույրի տեղ անմիտ հայտնվում:
Ների'ր, որ ես այսպիսինն եմ..
Թե չներես էլ, միևնույն է ես..
Ես այն եմ ինչ կամ իրականում:

Ետ վերադառնայի
Ու ներումների կարիք չլիներ:
Երբ մեղավոր ես
Քեզ ներում ես զգում,
Որն անհրաժեշտ է յուրաքանչյուրին:
Ու աչքերում ես նրանց քեզ գտնում
Որպես մի ներում,
Երբ քեզ ներում են
Ու երբ այն սպասում:

Թերեզա
18.08.2006թ.

Կվերադառնամ


...Ինքս իմ մասին ոչինչ չեմ հիշում .
Մոռացել եմ ցավ, խենթություն:
Գիտեմ` քանի դեռ այս աշխարհում
Ոտաբոբիկ քայլել չսովորեմ,
Չեմ կարող հասնել իմ սիրուն:
Երբ անտարբեր այս հողմերին,
Քամիներին օտարության`
Այս երկրի քամիներին,
Քայլում եմ`
Իմ կյանքից ոչինչ չի մնա,
Չեն մնա ցավ ու արցունք:
Ինքս ճնշումից այս հիմար երկրի
Կփոշիանամ, ինչպես մի մանրուք,
Ու էլ չեմ լինի:
Միայն կմնա իմ մարմնից մի սեր,
Ու իմ փոխարեն կշնչի, կապրի,
Կշոշափի յուրաքանչյուրին,
Ու ամեն աշուն նորից կվառվի:
Չեմ դադարում ապրել այս հողում,
Ես չեմ ավարտել,
Ես դեռ չեմ գնում:
Իմ սերն այս երկրին եմ կտակելու:
Ու ետ եմ գալու
Միշտ ամեն աշուն:

©Թերեզա
28.09.2007թ.

Գլխապտույտ

Այնքան ցուրտ է իմ ներս ու դրսից.
Ինչ-որ օտար թախիծ է այսօր ձյունահարել ինձ:

...Ու մարմինս կրկին մերկացած
Քո պաղ համբույրից է տաքանում լուռ ու անշնչացած:
Քո օտարացած սառն համբույրներից
Գրեթե չեմ սառչում:
Այդ օտար սերը պարուրել է ինձ
Ու կարծես դարձրել թևավոր թռչյուն,
Որ ամեն գարնան միշտ ետ է գալիս,
Ու միշտ, ամեն անգամ վերադառնալիս
Նա ավելի է արբում այդ սիրով`
Անգին ու այրող:

Այս հաղթանակը ինձ դուր է գալիս.

..Ու ամեն անգամ վերադառնալիս
Այդ նույն համբույրն եմ գտնում
Դարակում պահված հին նամակներում,
Այդ նույն համբույրն է նորից
Անշնչացած մարմինս գրկել:
Քո պարտված այդ համբույրներից
Նորից մի նոր կյանք եմ վերգտել:

Քո շուրթերից հոսող
Այդ սառը քամին
Դարձյալ դարձավ անկարող
Իմ սրտի կողքին:

Այսօր կդառնանք մենք բարեկամներ,
Որ ամեն անգամ միշտ հեռանալիս
Վերադառնում է,
Ու ամեն անգամ վերադառնալիս...

Այսօր կդառնանք մենք թշնամիներ,
Որ միշտ տեսնելիս
Առանց շտապելու բարև ենք տալիս,
Բայց և չենք ստիպում
Մենք միմյանց սիրել.
Այսօր հասկացա` իմ սրտում,
Պաղ սիրույդ համար արդեն չկա տեղ:
Ու ամեն անգամ կողքովս անցնելիս
Կփախչես, հեռուն կգնաս:
Ու միշտ ետ կգաս
Եվ վերադառնալիս...

Ճշտապահությանդ զոհ ես դառնում
Իմ սեր կամացուկ,
Դառնում ես մի ստրուկ,
Ու որի սրտում
Երբեք չես գտնի այդ սիրո համար մի փոքրիկ անկյուն:
Ես կկրկնեմ քեզ շատ գաղտնի, թաքուն.
"-Միևնույն է միշտ քեզ եմ սիրելու:"
Անգամ թե հանկարծ մի պահ մոռանամ,
Միևնույն է, դու ես սրտումս լինելու,
Ու թեկուզ հանկարծ և թշնամանամ...
Բայց ամեն անգամ դո'ւ ես սիրելիս
Ինձանից առաջ միշտ հեռանալու:
Ու նորից պարտված դու ետ ես գալու:
Դու այս անգամ էլ ես պարտվելու, հոգիս,
Որ միշտ գնում է,
Բայց ետ է գալիս`
Վերադառնում է:
Ու ամեն անգամ վերադառնալիս
Լուռ շշնջում է.

-Ես Քեզ Սիրում Եմ:

©Թերեզա
14.04.2005թ.

Կորսված, կորցրած ինքս ինձ ու... Քեզ


Ես չգիտեմ, թե այս աշխարհում
Որքա՞ն կարող եմ ապրել այսպես`
Կորսված, կորցրած ինքս ինձ ու Քեզ:
Որքանի՞ց հետո հավերժ կարող եմ
Կոտրվել, պարտվել, չգոյատևել,
Չլինել մի մարդ,
Որին կարող են
Ստորացնել, ստրկացնել ու հնազանդել:
Ին՞չ է պատահել,
Արդյո՞ք փոխվել ես,
Դարձել ես անես,
Վառվել ես , քանդվել:
Միթե՞ կարող է քեզ կյանքը հաղթել:
Մի տե'ս թե ով էիր
Եվ ինչ ես դարձել:
Դու անպարտելի` հիմա՞ ես պարտվել,
Երբ իրավունք չունես նորից չհաղթել,
Երբ դու չես կարող հենց այսպես թողնել`
Հեռանալ, մարել:
Դու գիտե՞ս արդյոք
Որքա՞ն կարող եմ
Դեռ ապրել Քեզ խորթ,
Քեզ դեռ չսիրել:
Որքա՞ն կարող ես
Դու էլ ինձ կորցնել,
Ու հնազանդվել կյանքին,
Սիրուն ստորացնել:
Մարդկային հոգին
Անսեր չորացնել.
Որքա՞ն կարող ենք:
Հաստատ է'լ պետք չէ որ կարողանանք:
Ես է'լ չեմ ուզում:
Ուզում եմ մի պահ լուռ հանգստանանք,
Հետո նոր կյանքը ապրենք մեր սիրում:
Սիրտս բախում է միայն Քեզ համար:
Սիրտը թակում է դռները հոգու,
Երբ սիրելուց լոկ դառնում ես խելառ.
Կարող ես միայն ապրել այս կյանքում
Դիմակով քո վառ,
Վառ ու վարդագույն:
Կարող ես միայն լինել խելագար,
Որ կյանքի ցավը պարտվի, հեռանա:
Ես չգիտեմ, թե այս աշխարհում,
Որքա՞ն դեռ կարող ենք ապրել այսպես`
Թաքնված անմիտ մեր դիմակներում`
Չճանաչելուվ Դու ինձ, ես էլ` Քեզ:
Ցանկություն չունեմ դիմակներ կրել,
Լինել ու լռել,
Սիրվել, չսիրել,
Խաղալ ու պարտվել.
Ես է'լ չեմ ուզում:
Չգիտեմ արդյոք որքա՞ն կարող եմ
Ավարտել սկսելու համար,
Ու նորից պարտվել,
Եվ էլի խաղալ:
Ցանկություն չունեմ նույնիսկ ճիշտն ասել,
Բայց և չգիտեմ ես անգամ ստել:
Արդյո՞ք դեռ կարող եմ
Ես ապրել այսպես
Կորսված, կորցրած ինքս ինձ ու... Քեզ:

©Թերեզա
04.07.2007թ.

Անգոյ


Ես չեմ կարող այս լռության կապանքներում.
Այս անուրջը սպանում է ինձ,
Ու իմ լույսը ինձ չի ներում,
Եվ խլում է այն ինձանից
անվերադարձ:
Ես չեմ ուզում լինել անշունչ, զսպված,
Կապված այս ամենին,
Ու այս կյանքից ոչինչ երբեք դեռ չվերցրած
Առանց հարցի. '' Կարելի է՞, չի կարել՞ի":
Ես քեզանից ճշմարտություն եմ պահանջում:
Քո փակ շղթան ավելի է
Ինձ քեզանից հեռու վանում:
Էլ չեմ կարող փոշիանալ,
Քո հոգու մեջ դառնալ մի ստվեր,
Որն ամենևին չի երևում
Քո աչքերին:
Ու փարվում է իրեն տանող քամիներին:
Խենթության ութերորդ շնչառությունս
Ինձ թույլ չի տալիս ստվերանալ քո առջև,
Ու բավարարվել լոկ փոշեհատիկ լինելուց միայն:
Ես, ավաղ, այսօր քո կողքին լինել
Էլ չեմ կարողանում:
Դու պիտի ներես.
Քո այդ Եսից եմ ես անզգայանում
Ու պարզապես... գոյատևում եմ:
.....................................................
Ես չեմ ցանկանում լինել լոկ փոշեհատիկ
Այս մեծ տիեզերքի մեջ:
Ես անկարող եմ փակ մնալ փոքրիկ
Այդ շրջանակում, երբ կարող եմ թռչել:
Ներիր ինձ:
Անկարելի է գարունից հետո
Թռչունին պահել փոքրիկ վանդակում,
Երբ նա փորձում է փախչել:
Իսկ դու նրան ափերիդ մեջ ես փակել ցանկանում.
Ափերիդ... սիրտդ ինչիդ՞ է..
Ես հասկանում եմ...
Ժամանակը չէ թռչուն պահելու:

©Թերեզա
06.06.06թ.

Իմ քայլերը

Կույր ու անմիտ իմ քայլերը
Ամայացած այս ճամփեքին
Ստվեր են գցում,
Որ կարող էր անգամ չլինել:
Վերջույթներիս իրագործած արարքներից
Միայն այն կա:
Իմ այս անցած չամփաներից
Ես հոգնել եմ.
Ապրելով լոկ փոքրիկ հեռվում հիշողության.
Ու նրանում իմ հնացած կույր սերերից էլ
Հոգնել եմ.
Կուրությունը խեղդամահ է անում
Հոգին տեսնող Եսի:
Էլ չեմ ուզում ոչինչ հիշել.
Հիշելուց եմ անվերջ հոգնում
Ու կուրանում անցյալներից:
Բաց թողե'ք ինձ:
Ես այլևս Ձեզ չգիտեմ,
Ես այլ եմ, այլ եմ:
Ու ծնվել եմ այսօրվանից,
Որ վերստին ապրել փորձեմ:
Ու կստացվի:
Հանգիստ եղեք անցած ճամփեք.
Ես ձեզ նայել չեմ պատրաստվում:
Դեպի նոր կյանք ու մի նոր սեր
Այսօրվանից եմ շտապում:
Որ ստվերները լուսավորեմ,
Որ չքայլեմ, այլև թռչեմ:
Իմ քայլերը
Ամայացած այս ճամփեքին
Լույսեր են պարտք.
Իսկ պարտքերը
Հարկավոր է վերադարձնել:

©Թերեզա
03/04. 08.2006թ.